03.10.2014 18:44

Գագիկ Ջհանգիրյան. Ձեր դուխն է որոշելու

Արարատում կայացած ընդդիմադիր երեք քաղաքական ուժերի համատեղ հանրահավաքում ելույթ ունեցավ ԱԺ Հայ ազգային խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

«Սիրելի արարատցիներ, ես չէի կարող ներկա չլիներ այսօրվա հանրահավաքին, բայց մինչեւ ասելիքիս անցնելը, ուզում եմ մեր քաղաքապետի (իսկ ես Արարատը նաեւ իմ քաղաքն եմ համարում, որովհետեւ ծնունդով այստեղից եմ) գործած ժուլիկությանն անդրադառնալ:

Ցավալի է, որ մեր համայնքապետերը, քաղաքապետերը գիտեն, թե իրենք մարզպետների տեղակալ են, ենթականերն են, չեն իմանում, որ Սահմանադրությամբ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով համայնքի ղեկավարը անկախ է, սա ինքնավարության մարմին է: Սա կառավարման համակարգի մաս չի կազմում: Ես այս հանգամանքը հատուկ ուզում եմ շեշտել. եթե մեր քաղաքապետերը չեն իմանում Սահմանադրությունը, ապա ի՞նչն են ուզում փոխել, եթե Սահմանադրությունը չի գործում, եթե տեղյակ չեն այդ Սահմանադրության նորմերից, ապա ինչպե՞ս են փոխում մի փաստաթուղթ, որը չի աշխատում: Այսինքն, մեր խնդիրը չաշխատող տասնյակ սահմանադրական հոդվածների փոփոխությունը չէ, այլ մեր ժողովրդի առաջ ծառացած կարեւորագույն խնդիրների լուծումը: Ես տնտեսագետ չեմ, չեմ խոսի աղքատությունից, գործազրկությունից, արտաքին պարտքից, բայց կխոսեմ՝ արտագաղթից: Արտագաղթը մեր չարքիների չարքին է եւ հարվածում է այնպիսի մի կարեւորագույն խնդրի՝ ինչպիսին մեր զորակոչն է, մեր բոլոր ընտանիքների, երեխաների անվտանգության ապահովումը: Մենք այսօր լուրջ խնդիր ունենք, չեմ բարձրաձայնի, թե ինչ թվով զորակաչ ենք անում այժմ՝ համեմատ նախկին տարիների, բայց դրանք խայտառակ փոքր թվեր են:

Ես ցավ եմ ապրում, որ եթե նախորդ տարիներին լեռնային, նախալեռնային գյուղերից ու քաղաքներից մարդիկ գնում էին արտագնա աշխատանքի, ապա այժմ մեր Արարատյան դաշտավայրի գյուղերն են դատարկ: Ասում են՝ սահմանապահ գյուղերը դատարկվում են, սահմանապահ գյուղերում մարդ չի մնացել, իհարկե, այդպես է, բայց ցավն այն է, որ Արարատյան դաշտավայրում էլ մի բան չէ, իմ հարազատ Դավալու գյուղում տասնյակ տներ փակ են, հողերի զգալի մասը չի մշակվում: 

Իսկ մեր խնդիրների խնդիրն այն է, որ իշխանությունը ժողովրդից օտարված է, ժողովուրդը չի ընտրում ոչ իր պատգամավորին, ոչ իշխանավորին, ոչ էլ քաղաքապետին ու համայնքապետին: Նրանց ընտրում են իրավապահ մարմինները, պետական ապարատը, փողը, դրա համար էլ նրանք հաշվետու են այդ մարմիններին: Մեր երկրում ամեն ինչ գլխիվայր է շուռ տված:

Կառավարությունը, գործադիրը ինքը ընտրում է օրենսդիր մարմին, ցանկացած պարագայում ունենում է մեծամասնություն, հետո իրենց ընտրած օրենսդիր մարմինը իրենց նշանակում է գործադիր մարմին, եւ այս տեղապտույտը տարիներ շարունակ կատարվում է:

Մենք պետք է գոնե մեկ անգամ քանդենք, փլուզենք այս մեխանիզմը:

Մեզ չհաջողվեց 2008-ին դա անել, որովհետեւ մենք մենակ էինք մնացել, որովհետեւ շատ քաղաքական ուժեր այդ ժամանակ չէին համարում, որ պահը եկել է, որ երկրում փոփոխություն լինի: Փառք Աստծո, այսօր այն ուժերը, որոնք 2008-ին մեզ հետ չէին, այսօր մեկ հարթակում ենք, եւ ինչը չի հաջողվել մի քաղաքական ուժին 2008-ի ն մյուսին՝2013-ին, հիմա կհաջողվի, որովհետեւ միասնական ենք:

Մենք շատ այսպիսի շանսեր չենք ունենալու, եւ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, երբ ԱԺ երեք ընդդիմադիր խմբակցություններ միասնական են հանդես գալիս՝ մեկ քաղաքական օրակարգով: 

Իհարկե, մենք առանձին տարբերություններ ունենք, որոշակի գաղափարներով տարբերվում ենք, մենք, իհարկե, ավելի արագ էինք ցանկանում այս գործընթացն սկսել, բայց մեր մյուս գործընկերները համոզվեցին, որ պաշտոնյաների, մարդկանց փոփոխությամբ համակարգը չի փոխվելու, այդ համակարգը կարելի է բարելավել մինչեւ ինչ-որ սահման, դրանից հետո համակարգը ինքը պետք է փոխվի: Այսինքն, կառավարության, նախարարների, ՏԻՄ  ղեկավարների փոփոխությունը, թեկուզ Արարատի քաղաքապետի փոփոխությունը ոչինչ չի փոխելու: Թող ների ինձ իմ դասընկեր Սամվելը Բարսեղյանը, որը առաջադրվել էր քաղաքապետի պաշտոնում, բայց եթե նա էլ ընտրված լիներ, էական բան այս քաղաքում չէր փոխվելու, որովհետեւ փոփոխությունները ոչ թե ներքեւից, այլ վերեւից պիտի գան:

Հիմա մենք որոշել ենք հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում համապետական, համաժողովրդական հանրահավաք անել: Գուցե՝ ձեզ թվում է, թե մենք կեղծում ենք, երբ ասում ենք, որ հանրահավաքի օրակարգը որոշում է ժողովուրդը, իրականում բայց այդպես է. հատկապես ժողովրդի էներգետիկան, վճռականությունը, համախմբումն են որոշողը:

Կարող եմ ասել, թե ինչի են խուսափել, որ Վազգենի արձանի մոտ հանրահավաք անենք, որովհետեւ վախեցել էին, որ Վազգենի ազատական ոգին մեզ թեւավորելու է: 

Բոլորիդ կոչ եմ անում ՝մեկ մարդու նման մասնակցել հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, հավատացե՛ք, ձեր մասնակցությունը, ձեր էներգետիկան, ձեր դուխն է որոշելու, թե ինչ որոշում է ընդունելու հանրահավաքը հոկտեմբերի 10-ին»: