03.10.2014 18:55

Վահե Էնֆիաջյան. Մենք ուզում ենք ձևավորել մեր երկրի իշխանությունն ու օրենքը

Այն քաղաքական օրակարգը, որը այսօր ձևավորվել է, տարիներ շարունակ արդեն իսկ հետապնդվել է և բարձրաձայնվել: Այս մասին Արարատում մեկնարկած ոչ իշխանական եռյակի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: «Այսօր մենք կանգնած ենք սահմանադրական, այսպես կոչված՝ բարեփոխումների մարտահրավերի առջև: Երկիր մոլարակի վրա կան պետություններ, օրինակ՝ Անգլիան, Իսրայելը,  որոնք Սահմանադրություն ընդհանարապես չունեն և իրենց գործունեությունը կարգավորում են իրավական ակտերով, օրենքներով և քաղաքական կամքով:

Մենք մեր իրականության մեջ փոփոխություններ ենք ուզում տեսնել. արատավոր երևույթները խորացել են, արմատավորվել ամենափոքր տարրական չինովնիկից, որը ներկայացնում է իբր թե քաղաքական մեծամասնությանը և կամայականություններ իրականացնելով՝ ավելի խորը ճգնաժամ է մտցնում մեր իրականության մեջ: Իսկ մեր հայրենակիցները, հավատի, վստահության հույսը մարելով՝ պայքարի փոխարեն բռնում են արտագաղթի ճանապարհը: Մենք ուզում ենք ապրել մեր երկրում, ուզում ենք ստեղծագործել մեր երկրում, ուզում ենք ձևավորել մեր երկրի իշխանությունն ու օրենքը»,-նշեց ԲՀԿ պատգամավորը:

Անդրադառնալով վերջին մեկ տարում տեղի ունեցած իրադարձություններին՝ Վահե Էնֆիաջյանը ասաց, որ  չի եղել մի այնպիսի քառօրյա նիստ, որ ԱԺ մուտքի մոտ հասարակությունը այս կամ այն օրենքի վերաբերյալ իր դժգոհությունը չհայտնի: «Մասնակի ուժերով մենք այսօր միասնական ենք, միասին ենք հավաքվել, որպեսզի այդ փոքր խնդիրներից բացի՝ ամենամեծ խնդիրը՝ օրակարգը ձևավորենք և միասնական կարողանանք այդ փոփոխությունները իրականացնել: Կհանդիպենք հոկտեմբերի 10- ին՝ մեր անկախության, Ազատության հրապարակում և կպահանջենք այն բոլոր փոփոխությունները, որոնք այսօր օրհասական ենք դարձել»,- հավելեց պատգամավորը: