03.10.2014 19:11

Վահան Բաբայան. Բոլորս միասին հաղթելու ենք

Մեր բոլորի ապագան այսօր մշուշի մեջ է. մեր պետությունը արդեն 5 մլրդ դոլարի պարտք ունի, որը ամեն ծնված երեխա ժառանգում է: Հարց է առաջանում, ու՞ր են գնում այդ փողերը, ի՞նչ է փոխվել մարդկանց կյանքում: Իմացե՛ք, ամբողջ աշխարհում նման բան չկա. Հայաստանը դառնում է հետամնաց մի երկիր, որտեղից մարդիկ միայն հեռանում են, քանի որ չեն հավատում, որ ՀՀ-ում կան հնարավորություններ: Այս մասին Արարատում մեկնարկած ոչ իշխանական եռյակի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը: «Մեր միասնական հաղթանակի շնորհիվ է միայն կարելի Հայաստանը դարձնել ժողովրդավար եւ գրավիչ պետություն՝ օտար ներդրողների համար: Ի՞նչ օտար ներդրումների մասին է խոսքը, երբ սեփական ժողովուրդը լքում է Հայաստանը;

Ո՞վ է մեղավոր այս ամեն ինչում, քաղաքապե՞տը, մարզպե՞տը, կառավարությու՞նը՝ բոլո՛րը, ովքեր ունեն պատասխանատվություն այս երկրի համար եւ ովքեր կոչվում են մեծամասնություն: Իրենք պարզ հասկացնել են տալիս, որ ինչ օրենք էլ ընդունեն, դա այդպես էլ պետք է լինի՝ անկախ նրանից ինչքան մարդ է բողոքում: Սա լկտիություն է եւ դրա դիմացը պետք է առնել: Մեզ պետք է ձեր միասնական աջակցությունը: Բոլոր մարդիկ, ովքեր ունեն ապագայի հավատ եւ չեն վախենում՝ կհասնեն փոփոխությունների»,- նշեց Վահան Բաբայանը:

Պատգամավորը հավելեց նաեւ, որ շատ մարդիկ այժմ արհամարհական վերաբերմունք ունեն քաղաքական ուժերի նկատմամաբ. նրանք կարծում են, որ ոչինչ չի փոխվի: «Տեսե՛ք ինչ քաղաքական ուժեր են հավաքվել՝ ուժեր, որոնց պատգամավորները ամեն օր Ազգային ժողովում պայքարում են ձեզ համար, օրենքները, կառավարության սխալ որոշումները փոխելու համար: Դուք տեսնում եք, թե ինչ թափ է ստանում ժողովրդական շարժումը՝ Հայ ազգային կոնգրեսի, Բարգավաճ Հայաստանի եւ Ժառանգության գլխավորությամբ: Ես վստահ եմ, որ հոկտեմբերի 10-ին մենք բոլորս միասին հաղթելու ենք»,- հայտարարեց Վահան Բաբայանը: