04.10.2014 17:51

Միքայել Մելքումյան. Պետք է շտապել

Միքայել Մելքումյան. Պետք է շտապել

Իջեւանում մեկնարկել է Եռյակի հանրահավաքը: ԲՀԿ խմբակցությունից պատգամավոր Միքայել Մելքումյանը անդրադարձավ երկրի խնդիրներին տնտեսության ոլորտում, մասնավորապես՝ ՓՄՁ խնդիրներին:

«Ում հարցնում ես՝ շրջանառություն չկա: Շահույթ չկա: Եթե տնտեսվարողը օրական 1000 դրամի շրջանառություն ունի, 10-12 հազար շահույթ է մնում նրան, այդ շահույթն էլ ուզում են հարցականի տակ դնել՝ փաստաթղթեր չներկայացնելու համար տուգանքներով սպառնալով», - ասաց նա:

Մելքումյանը նշեց, որ գործող իշխանությունները ընդդիմության առաջարկած 30-40 օրենքից 2-3-ն են ընդունում, հետո էլ ասում են՝ եկեք համագործակցենք:

«Մեզ ձեզ հետ սպասում է երկար ճանապարհ: Դուք ուզու՞մ եք, որ ձեր աշխատանքը չխոչընդոտեն: Դուք ուզո՞ւմ եք իշխանափոխություն լինի», - հավաքվածներին հարցրեց Մելքումյանը:

Նա ասաց, որ նոր կառավարության նշանակման ժամանակ ամենաբարձր մակարդակով ասվել է,  որ երկու խնդիր պետք է լուծվի՝ տնտեսական աճ եւ վստահութան վերականգնում: Մելքումյանի խոսքով՝ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը չկան այսօր:

Պատգամավորն ասաց նաեւ, որ  հոկտեմբերի 10-ին մեկ-երկու կամ 10 կուսակցության կարծիքի փոխարեն՝ ողջ ժողովրդի կարծիքն է հնչելու:

«Դեմ եմ, որ կտրուկ ցնցումներ լինեն, բայց միեւնույն ժամանակ պետք է շտապենք, որ հանկարծ այնպես չլինի, որ արտագաղթի հետեւանքով մեր երկրում 500 հազար մարդ մնա: Իջեւանը եղել է ԽՍՀՄ գորգագործության կենտրոնը: Հիմա Իջեւանում ի՞նչ է կատարվում, փայտավերամշակման խշոր կենտրոն կար, որը չկա այսօր: Հայաստանը պետք է արդյունաբերական կենտրն դառնա նորից, հայ ինժեներների, արհեստավորների աշխատանքները նորից պետք է պահանջված լինեն:  Ընդամենը պետք է կամք ցուցաբերել՝ այս հարցերին լուծում տալու համար», - ասաց ԲՀԿ պատգամավորը: