04.10.2014 18:04

Վարդան Մալխասյան. Մենք կոչված ենք պայքարելու, կռվելու և հաղթելու (տեսանյութ)

Իջևանում մեկնարկած ընդդիմադիր երեք քաղաքական ուժերի համատեղ հանրահավաքում քիչ առաջ ելույթ ունեցավ Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը:

«Ինձնից լավ գիտեք երկրի վիճակը. մի տնից չենք՝ մի հալի ենք: Այս երկար պայքարի մեջ եկել հասել ենք մի կետի, երբ միլիմետր անգամ նահանջի տեղ չունենք, հակառակը՝ կորցնում ենք ժողովրդին, կորցնում ենք երկիրը, և ռեժիմի գոյության յուրաքանչյուր օրը կատարյալ աղետ է Հայաստանի և հայ ժողովրդի գլխին: Յուրաքանչյուր օր սրանք պղծում են մեր ավանդական արժեքները, սրանք հոշոտում են մեր ազգային սրբությունները, և օր առաջ այս ռեժիմին տապալելը, դուրս շպրտելը հայ ժողովրդի գոյության ու փրկության խնդիրն է: Թող իմանան բոլորը, այստեղ միավորվել են երեք հայտնի կուսակցություններ, բայց երեսունն էլ միավորվի, առանց ժողովրդի գիտակից աջակցության չի կարող տապալել այս հակահայ ռեժիմը, ուրեմն իմացեք, որ այս պայքարը ազգային- ազատագրական  է, և մեզանից յուրաքանչյուրը պետք է դառնա այս պայքարի նվիրյալն ու զինվորը, յուրաքանչյուր հայ մարդ պետք է հասկանա, որ հաղթանակը, հաղթանակի գաղտնիքը հենց իր մեջ է, որ կա, մեր ուժը մեր միասնության մեջ է, մեր նպատակի մեջ է: Եւ այն մարդը, որը չի գալիս, բայց մտածում է, որ իր փոխարեն մյուսը կգա, ամենամեղավորը նա է դառնում: Իզուր չէր Նապոլեոնն ասում՝ «մի՛ վախեցեք թշնամիներից, նրանք կարող են միայն սպանել, մի՛ վախեցեք բարեկամներից, նրանք կարող են միայն դավաճանել, վախեցեք անտարբերներից, քանի որ նրանց լուռ համաձայնությամբ են կատարվում բոլոր սպանություններն ու դավաճանությունները»:

Մենք կոչված ենք պայքարելու, կռվելու և հաղթելու առաքելությամբ, մենք ուժեղ ենք  ճշմարտությունը հետապնդելու մեր պայքարի մեջ, հայրենիքը սիրելու մեջ, մեր միասնության մեջ: Սերժ Սարգսյանն իր ռեժիմով տապալված ու քայքայված է, նրանք ունեն փող, բայց ոչ՝ բարոյականություն, ունեն ժողովրդից կողոպտած փող, բայց ոչ՝ ժողովրդի աջակցությունը: Որևէ երկրի ղեկավար, որին ժողովուրդը չի սիրում, այդ երկիրը չի կարող առաջընթաց ունենալ, իսկ Սերժ Սարգսյանին Հայաստանում ոչ միայն չեն սիրում ու հավատում, այլև խորապես ատում են: Այս կեղծ նժդեհականները իրենց ռեժիմով ուղղակի խայտառակում, հողին են հավասարեցնում Նժդեհին: Նժդեհն ասում էր՝ եղիր հպարտ, գոյությունդ քարշ տալու համար մի սողա, մի ստորանա ու ստիր, ստել՝ նշանակում է հայհոյել ճշմարտությանը, դադարել մարդ լինել, իսկ հանրապետական կոչված խաժամուժն ամեն օր ստորանում և դադարում է մարդ լինելուց, որովհետև երկիրը կառավարում են ստով ու կեղծիքով: …

Հանճարեղ Հրանտ Մաթևոսյանն ասում  էր. «Երբ հողիդ այլևս տեր ես, երբ քեզ չնչին ու խեղճ են կարծել, ու իրենց մռութին կերել, երբ իրենք գող են ու բոզ՝ քեզ նույնն են հրամայել ու էլի կերել կավատի իրենց ռեխին, օրն ուրեմն մոտ չէ, այլ ԱՅՍՕՐ է: Այսօր ու այստեղ է շրջադարձը: Կարդա ու հասկացիր, կարդա ու անպայման փոխանցիր: Մի՛ վախեցիր, մի՛ թող, որ վախենան, ա՛չքը հանիր վախեցնողների»: