04.10.2014 18:15

Ա. Մարտիրոսյան. Հոկտեմբերի 10-ին դնելու ենք իշխանափոխության խնդիրը

Ա. Մարտիրոսյան. Հոկտեմբերի 10-ին դնելու ենք իշխանափոխության խնդիրը

Իջեւանում մեկնարկած ընդդիմադիր երեք քաղաքական ուժերի համատեղ հանրահավաքում քիչ առաջ ելույթ ունեցավ Ժառանգություն կուսակցության վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ 1988-ից հետո ամենամեծ կռիվներն նաեւ այս տարածքում են եղել եւ մենք իրավունք չունենք մեր անվտանգությունը բարձիթողի թողնել, քանի որ միայն եթե կա քաղաքացի ու կա բնակիչ, միայն այդ դեպքում կա տարածք, որը քոնն է, իսկ եթե չկա բնակիչ, «ումն ասես էդ տարածքը կա, բայց ոչ՝ քոնը»:

«Մենք ունենք հրաշալի հնարավորություն, Հայաստանում ընդամենը երկու քայլ է պետք՝ իշխանությունը պետք է չթալանի բյուջեն եւ փայ չմտնի գործարարներից, հենց դա տեղի ունեցավ, մենք կարող ենք լուրջ հաջողության հասնել, բայց դրանք այս իշխանության օրոք հնար չէ իրականացնել: Առանց իշխանափոխության ոչինչ հնար չէ փոխել երկրում, եւ ինչքան շուտ, այնքան լավ: Հոկտեմբերի տասին պետք է սկսի՝ ձեզ հետ միասին, հոկտեմբերի տասին պետք է միասնաբար մասնակցեք հանրահավաքին, որովհետեւ այդ օրը մենք միասնական դնելու ենք իշխանափոխության խնդիրը: Հայաստանում այլեւս չպետք է փայ մտնեն, քաղաքացին իր տարրական իրավունքների համար չպետք է ստիպված պայքարի, այլ պետական պաշտոնյան պետք է բառիս բուն իմաստով ծառայի նրան, որովհետեւ նրա հարկերով է աշխատավարձ ստանում: Մենք այդ ամենը կարող ենք անել, մինչեւ մեկ մլրդ դոլար ներդրումներ ապահովել երկրում, բայց դրա համար իշխանությունը պետք է օրինական լինի, եւ ոչ թե մեկը ասի՝ ես երաշխավոր եմ, երաշխավոր պետք է լինի օրենքը միայն: Այս իշխանություններն՝ իրենց կեղծված ընտրություններով, թալանով, ատկատներով, փայմտությամբ նույնիսկ բարոյական իրավունք չունեն շարունակել պաշտոնավարել»,- նշեց Մարտիրոսյանը: