04.10.2014 18:52

Արամ Մանուկյան. Եթե թիկունքիդ ժողովուրդ չկա, ոչինչ ես, ընդամենը միկրոֆոն քրտնացնող (տեսանյութ)

Իջեւանում կայացած երեք քաղաքական ուժերի համատեղ հանրահավաքում քիչ առաջ ելույթ ունեցավ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ  Արամ Մանուկյանը:

«Գիտե՞ք ուրիշ շրջան, որն ավելի շատ հերոս է տվել, ավելի շատ հեղափոխական շրջան, քան Իջեւանը: Այստեղ բոլոր տարիքավորները ղարաբաղյան շարժման ժամանակակիցն են, հիշո՞ւմ եք Իջեւանի դեպքերը, Նոյեմբերյանի դեպքերը: Ոչ մեկին վիրավորած չեմ լինի, եթե ասեմ, որ մեր հյուսիսի դարպասների ժողովուրդը ամենաթասիբովն է: Եւ ես հիմա ձեր թասիբին եմ կպնելու, ձեր ամենազգայուն տեղերին եմ կպնելու, որ բոլորով ելնեք ու տղամարդու նման սրանց ասեք՝ վեր կացեք էս երկիրը թողեք ու …

Մենք հաղթել ենք թուրքին, սահման ենք պահել, ազգովի կանգնեցինք ՝թուրքի մեջքը ջարդեցինք, բա հիմա մեր ջարդող տղերքը ո՞ւր են, ինչպե՞ս ստացվեց, ո՞ւր էինք- ուր հասանք:

1988-ին ազգովի կանգնեցինք՝ հաղթեցինք, անկախացանք, Ղարաբաղն ազատագրեցինք, թուրքին հաղթեցինք ու 20 տարի հետո՝ երկու-երեք հոգու պարտվել ենք, թողել ենք մարտի դաշտը՝ մեր տունը, հողը ու քոչել ենք: Բա է՞ս ա մեր թասիբը, սա է էն դասատուի թեման, որ դպրոցում պետք է մեր երեխեքին դաստիարակի, սրանո՞վ եք դուք մեր երկրի թասիբի կենացը խմում: Ոնց որ քնի մեջ լինենք, կախարդված լինենք ոնց որ, մի քիչ վախեցել ենք: Եկել է պահը հակառակն ապացուցելու: Կամ ապացուցում ենք հակառակը, կամ Սերժ Սարգսյանն ասում է ՝ ձեր մեջ ոչ տղամարդ կա, ոչ  թասիբ ունեցող, ոչ սահման պահող, ոչ էլ թուրքի մեջքը ջարդող հայ տղամարդ:

Որի՞ն եք կողմ, երկիրը թողնել-գնալո՞ւն, խեղճանալո՞ւն, փողը Աստված դարձրածների առաջ ծնկի գալո՞ւն:

Կոչ եմ անում՝ էս հողը պիտի պահենք, որովհետեւ այս հողը մենակ մերը չի, հարյուր, հազար տարի առաջ այստեղ մարդ է ապրել, մեզ տվել են այս հողը, որ փոխանցենք մեր սերունդներին,  մենք իրավունք չունենք այս հողը չփոխանցել մեր սերունդներին: 

Եւ հիմա ովքե՞ր են այս երկրի գլխին կանգնած: Հեծնել են, ու ոչ միայն հեծնել են, այլեւ ասում են՝ գնացեք, որ մենք լափենք, տրաքենք ու մնանք առանց ձեզ:

Ցեղասպանության 100-ամյակ են նշելու, շատ լավ է, որ նշվում է: Բայց այն իշխանությունը, որը Ցեղասպանություն է իրականացնում իր ժողովրդի նկատմամբ, իրավունք չունի Ցեղասպանության 100-ամյակ նշելու: Ցեղասպանության 100-ամյակ պետք է նշեն բարոյական մարդիկ, ովքեր հային բերում են Հայաստան: Այն գողը, հանցագործը, իշխանագողը, որը հային Հայաստանից հեռացնում է, նա Ցեղասպանություն բառն ասելու իրվունք չունի, որովհետեւ այս երկրում այսօր խաղաղ պայմաններում ցեղասպանություն է իրականցվում: Հայաստանի 25-60 տարեկան բոլոր տղամարդկանց աչքերը դուրսն է, ով խոպան տեղ է գտնում՝ գնում է, ծննդաբերություն չկա, կանայք չեն ամուսնանում, մնացել են նրանք, ովեք չեն կարող գնալ եւ մի քիչ դպրոցականներ: 15 տարի առաջ Հայաստանում 600 հազար աշակերտ կար, հիմա՝ 350 հազար, այն էլ՝ կեղծված թվերով: Տեսեք՝ ուր ենք հասել:

Հայաստանում թոշակառուները ավելի շատ են, քան երիտասարդները: Այսպիսի երկիր չի լինում, ո՞ւմ ենք վիզներս կքած, քամակներս տնկած, խեղճացած սպասում, թե ինչ-որ մի լավ բան է իջնելու: Չի՛ իջնելու մինչեւ ողնաշարներդ չդզեք, մինչեւ չասեք՝ ռադներդ քաշեք, չի դզվելու: Երիտասարդների 60-65 տոկոսը, եթե փող ունենա, տոմս է առնելու-գնա, չի կարելի այսպես, մենք մեր երեխեքի անեծքին կարժանանք, եթե այսպես շարունակվի:

Հերիք ա, բոլ ա, միշտ ասում  էիք՝ միացեք, հիմա միացել ենք, երեք քաղաքական ուժ է միացել, որոնք ընդհանուր քիչ բան ունեն, տարբեր են, բայց վտանգ են զգացել, որ երկիրը ձեռից գնում է, եւ այդ ուժերը իրար կողքի կանգնել-ասում են՝ ժողովուրդ, եղի՛ր չորրորդ ուժը, կամ եղիր առաջին ուժը, եւ եթե դուք մեզ առաջնորդեք, մենք ուժեղ կլինենք, թե չէ՝ 50 դեպուտատով, եթե թիկունքիդ ժողովուրդ չկա, ոչինչ ես, ընդամենը միկրոֆոն քրտնացնող: Ձեր կարիքը կա:

Ուրեմն, հոկտեմբերի 10-ից մենք սկսում ենք: Գալու եք, եթե ոչ խնդրում եմ, ապա պարտադրում եմ, ես այդ էրքը ունեմ, եթե արժանապատիվ եք, երեխեքին սիրում եք, ուզում եք ձեր բարեկամները ռուսաստաններից ու ֆրանսիաներից գան, եկեք՝ ձիերով, ոտով, էշով, ավտոբուսով, կարեւորը՝ կամքով: Ձեր ցանկությունն է պետք, ձեր ոգու կրակն է պետք այս երկիրը շողուլի բերելու համար: Չենք մեռել, կանգնեք նամուսով, դոխուվ, մենք գնում ենք, դուք մեզ հետ գալի՞ս եք: Հոկտեմբերի 10-ին սկսում ենք, էս երկիրը մաքրում ենք, հալալ ա ձեզ, դուք այս երկրի տերն ու հարց լուծողն եք: Դեպի հաղթանակ»: