04.10.2014 18:54

Վահե Էնֆիաջյան. Փոփոխությունները մեր փոխարեն ոչ ոք չի անելու (տեսանյութ)

Իջեւանի հանրահավաքին իր ելույթում ԲՀԿ խմբակցությունից պատգամավոր Վահե Էնֆիաջյանն ասաց, որ մինչեւ հարթակին մոտենալը հասցրել է  քաղաքացիների հետ զրուցել, լսել նրանց հոգսը, վերաիմաստավորել նրանց խնդիրները:

«Ձեզանից յուրաքանչյուրն իր ներկայությամբ փաստում է, որ մեր երկրում պետք են քաղաքական եւ տնտեսական փոփոխություններ: ՀՀ-ում յուրաքանչյուր հինգերորդ մարդ պարտքերի տակ է: Օր օրի ավելի մթագնում է մարդկանց վաղվա օրը: Երկրի տնտեսական պարտքը հասնում է շուրջ 5 միլիարդ դոլարի: Սա ոչ արհեստավարժ քաղաքականության արդյունք է, կամակատար պաշտոնյաների գործունեության արդյունք է», - ասաց պատգամավորը:

Նա նաեւ նշեց, որ տնտեսական բարեփոխումներ իրականացնելուն միտված ԲՀԿ-ի օրինագծերը անխտիր մերժվում են մեծամասնության կողմից:  

«Մեր երկրում փոփոխությունները մեր փոխարեն ոչ ոք չի անելու», - ասաց պատգամավորը՝ հրավիրելով իջեւանցիներին հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին: