06.10.2014 11:19

«Նաիրի» ռոք խումբը՝ դեպի «Ծովից ծով» մրցանակաբաշխություն

«Նաիրի» ռոք խումբը՝ դեպի  «Ծովից ծով» մրցանակաբաշխություն

2007 թվականին ստեղծված «Նաիրի» ռոք խումբը, որը հանդիսանում է հայկական հեվի մեթալի հիմնադիրը, նվագում է յուրահատուկ նոր ոճ, որը իր մեջ միավորում է ավանդական ռոքի հնչողությունն ու կառցվածքը, ինչպես նաեւ հին դարերից եկած զտարյուն հայկական ժողովրդական ելեւէջները: Ներկայումս «Նաիրին» մասնակցում է «Ծովից ծով» միջազգային երաժշտական փառատոնին: Այս կապակցությամբ զրուցեցինք խմբի անդամներից Արտաշես Ղարիբյանի հետ:

Արտաշես, ինչպե՞ս խումբը որոշեց մասնակցել «Ծովից Ծով» մրցանակաբաշխությանը:

Մրցույթի մասին տեղեկացանք համացանցից, իսկ պայմաններին ծանոթանալուց հետո հասկացանք, որ դա այն է՝ ինչ մեզ պետք է: Մրցանակաբաշխության կարևորագույն նախադրյալը հայկական ֆոլկի սինթեզումն էր ժամանակակից երաժշտությանը, իսկ ցանկությունը մեծ էր, որպեսզի  նմանատիպ երաժշտությունը հասցնեինք հասարակությանը: Մեզ ոգեշնչեց նաեւ այն միտքը, որ երաժշտությունը հաղթանակի դեպքում կհասնի ողջ հայությանը՝ ոչ միայն Հայաստանում, այն նաև սփյուռքում: Նշեմ, որ մրցանակաբաշխության ժամանակ մենք հանդես ենք գալու «Ջանն է հավատ» երգով:

Պատմեք առաջին փուլի հաղթանակից:

Առաջին փուլի քվեարկության արդյունքում «Նաիրին» կատարյալ հաղթանակ տարավ 2014 խորհրդանշական ձայներով՝ 370 ձայն ավել հավաքելով նախորդ մասնակցից: Ինչ վերաբերվում է երկրորդ փուլին, ապա ընտրությունը իրականացնելու է 10 հոգուց բաղկացած ժյուրին:  

Ի՞նչ ակնկալիքներ ունեք մրցույթից:

Հույս ունենք, որ այս մակարդակի միջազգային երաժշտական փառատոնում ընտրությունը արդար կլինի: Մենք ունենք լուրջ սպասումներ, որ կանցնենք եզրափակիչ փուլ եւ հանդես կգանք Կրեմլի դահլիճում կայանալիք եզրափակիչ համերգին, որտեղ կկարողանանք մեր մշակույթն ու արվեստը հասցնել աշխարհի ողջ հայությանը:

Երբևէ մասնակցե՞լ եք այլ մրցույթների:

2014 թվականին մենք մասնակցել ենք վրացական «+1» միջազգային փառատոնին, իսկ դրանից առաջ Մոսկվայում կայացած «Բազմաերանգ կիթառ» միջազգային մրցույքին, որտեղ գրավել ենք երկորդ տեղը և ստացել դափնեկրի կոչում: