06.10.2014 12:25

Զանգվածային ծեծկռտուք «Ալաշկերտ»-«Միկա» խաղում (տեսանյութ)

Այսօր կայացած «Ալաշկերտ»-«Միկա» հանդիպման ավարտից մոտ տասը րոպե առաջ մրցակիցների երկու ֆուտբոլիստների՝ Հայկ Ոսկանյանի և Գոռ Մալաքյանի միջև ընդհարում եղավ, որը շատ արագ վերածվեց զանգվածային ծեծկռտուքի՝ միմյանց խառնվեցին երկու թիմերի ողջ անձնակազմերը, տրիբունայից խաղադաշտ էր իջել անգամ «Ալաշկերտի» նախագահ Բագրատ Նավոյանը: Ինչպես երևում է տեսագրություններում, խաղային դրվագում գնդակի համար պայքարում Գոռ Մալաքյանը բախվեց Տիգրան Բարսեղյանի հետ, արդյունքում երկուսն էլ հայտնվեցին խոտածածկին: Այդ դրվագից հետո անհասկանալի պատճառով վեճ առաջացավ Հայկ Ոսկանյանի և Մալաքյանի միջև:

Բավականին երկար ժամանակ մրցավարները փորձում էին շտկել իրավիճակը, որն ավարտվեց խաղադաշտից Գոռ Մալաքյանի և «Միկայի» երկրորդ դարպասապահ Արմեն Ֆիշյանի հեռացումներով: Վերջինս ընդհարման ժամանակ շատ ակտիվորեն դիմում էր բռունցքների օգնությանը: Հայկ Ոսկանյանը և «Միկայի» ևս մեկ ֆուտբոլիստ էլ պատժվեցին դեղին քարտերով:

Խաղավարտին երկու թիմերի մարզիչներն էլ միջադեպը ներկայացրին իբրև ֆուտբոլային իրավիճակ՝ կրքերի թեժացման ու լարվածության հետևանք:

Տեսանյութը՝ 2:35-ից