07.10.2014 12:33

Վլադիմիր Կարապետյան. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նոր զարգացումների մասին

Վլադիմիր Կարապետյան. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում  նոր զարգացումների մասին

Նախորդ հոդվածով անդրադարձել էի Սերժ Սարգսյանի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթի հիմնական ուղերձներին http://www.ilur.am/news/view/35339.html ՝ գնահատելով դրանք որպես խոստովանություն առ այն, որ ՀՀԿ նախագահի որևէ արտաքին քաղաքական նախաձեռնություն չի ունեցել հաջողություն, և բոլոր նվաճումները, որոնց մասին ասված էր ելույթում, ձեռք են բերվել մինչ 2008 թ.:

Նկատել էինք նաեւ, որ պաշտոնական Երևանը լրջորեն մտահոգված է Թուրքիայի քայլերով, մասնավորապես՝ ԼՂ կարգավորման գործընթաց ներխուժելու հետևողական ջանքերով: Հենց դրանով են բացատրվում Սերժ Սարգսյանի ելույթի՝ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ մի շարք ուշագրավ շեշտադրումները, որոնք կտրուկ տարբերվում էին նախկին տերմինաբանությունից:

Վերջին շրջանում հաճախակի են դարձել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի կողմից ինչ-ինչ զիջումների մասին խոսակցությունները (նույնիսկ ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնական հաղորդագրության մեջ օգտագործեց «զիջումներ» եզրը՝ «փոխզիջման» փոխարեն): Այս համատեքստում որպես փոխհատուցում՝ հիշատակվում է հայ-թուրքական սահմանի վերաբացումը:

Հնչեցնելով ակնհայտ ադրբեջանամետ դիրքորոշումներ՝ ռուսաստանյան հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկովը օրերս հայտարարել էր, որ «մեծ փոխզիջման ձևաչափում տեղավորվում  է Հայաստանի կողմից 7 շրջանների վերադարձը, որի արդյունքում տեղի կունենա Հայաստանի ապաշրջափակումը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից»: Նա նաև խոսել էր Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի դիվանագետների միջև վարվող ակտիվ բանակցությունների մասին: Այսպես, պաշտոնապես չհերքված տեղեկությունների համաձայն՝ անցած շաբաթվա վերջին Հայաստան է այցելել ՌԴ ԱԳ նախարարը՝ Երևանից ուղևորվելով Բաքու:

Նման հայտարարությունները, որոնք արվում են որպես ճնշում Հայաստանի վրա՝ պատահական չեն. Թուրքիան ու Ադրբեջանը ջանք չեն խնայում՝ համոզելու միջնորդներին, միջազգային հանրությանը, որ բանակցային փակուղուց հիմնական ելքերից մեկը հենց տարածքների հանձնումն է՝ հայ-թուրքական հարաբերությունների առաջընթացի դիմաց: Սերժ Սարգսյանի՝ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ սպառնալից հայտարարությունները ՄԱԿ-ի ԳԱ-ում՝ պայմանավորված էին հենց այդ հանգամանքով: Նա չէր կարող չգնահատել այն ողբերգական վիճակը, որում հայտնվել է Հայաստանը արտաքին ոլորտում: Ելույթը նախապատրաստելիս նա նաև քաջ գիտակցում էր, որ չի կարողանալու կանխել իր սխալ քայլերի հետևանքով միջազգային հանրության հերթական շռնալից ապտակը ԵԽԽՎ-ում: Այս անգամ Եվրոպայի Խորհուրդը զեկուցող է նշանակել մի խայտառակ վերտառությամբ բանաձևի համար. «Բռնության աճը ԼՂ-ում և Ադրբեջանի այլ տարածքներում»:

Սերժ Սարգսյանին այլ ելք չէր մնացել, քան նույնիսկ Արևմուտքում սեփական դիրքերի է՛լ ավելի թուլացման գնով հասկացնել, որ չի համաձայնելու Թուրքիայի՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթաց մխրճվելու հերթական փորձի հետ: Նման դեմարշը կարող է նույնիսկ խափանել Փարիզում կայանալիք բանակցությունները, որոնք կոչված էին տրամաբանական ավարտին հասցնել օգոստոսին՝ Սոչիում, ապա՝ Ուելսում տեղի ունեցած Սարգսյան-Ալիև հանդիպումները:

Մեծ պայմանագրի  ուրվականը

Հայկական բանակցային դիրքերի թուլացման մասին է վկայում մեկ այլ զարգացում, որի մասինց խոսեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Պոպովը: Պատասխանելով լրագրողի հարցին՝ նա հաստատեց, որ համանախագահները կողմ են հնարավորինս արագ անցնելու Խաղաղ համաձայնագրին (Մեծ համաձայնագիր): http://ru.apa.az/print/278611 /  Հիշեցնեմ, որ այսօր սեղանի վրա դրվածը՝ Հակամարտության կարգավորման Հիմնական սկզբունքներն են (այլ կերպ՝ Մադրիդյան փաստաթուղթ, կամ դրա մոդիֆիկացված տարբերակը): Առանց վերջինիս ստորագրման՝ դժվար է անցնել Մեծ համաձայնագրին, քանի որ հիմնական խնդրահարույց հարցերը հենց Հիմնական սկզբունքների վրա աշխատանքի ընթացքում պետք է համաձայնեցվեն: Այն ստորագրելուց հետո, հիմնվելով համաձայնեցված հարցերի և նպաստավոր բանակցային մթնոլորտի վրա՝ կարելի է ձեռնամուխ լինել Մեծ համաձայնագրի շուրջ բանակցություններին:

Այս կապակցությամբ անհրաժեշտ է արձանագրել, որ Հայաստանը ամեն կերպ պետք է ընդդիմանա Մեծ համաձայնագրի մասին խոսակցություններին: Հիմնական սկզբունքների համաձայնեցումը մեզ հնարավություն կտա առաջին անգամ փաստաթղթի վրա գրանցել ԼՂ ապագայի, ԼՂ կարգավիճակի՝ Ադրբեջանի կողմից հարցականի տակ դնելու փաստը: Հենց այս հանգրվանից է խուսափում Բաքուն, և հայկական կողմը ամեն բան պետք է անի, որ թույլ չտա, որ բավարարվի Բաքվի ցանկությունը՝ առանց Հիմնական սկզբունքների ստորագրման՝ անցնելու Մեծ Համաձայնագրի շուրջ բանակցություններին: Այս առումով անհասկանալի է ՀՀ ԱԳՆ լռությունը Ի. Պոպովի ՝ մեղմ ասած՝ արտասովոր գնահատականների կապակցությամբ: Ինչպես ԵԽԽՎ հակահայկական բանաձևի դեպքում, այս անգամ նույնպես ՀՀ ԱԳՆ-ն ցուցաբերում է հանցավոր անգործություն՝ թույլ տալով Ադրբեջանին գրանցելու դիվանագիտական հաղթանակներ:

Հ.Գ. Առավել, քան երբևէ՝ այսօր ընդդիմությունը պետք է աչալուրջ լինի Ս. Սարգսյանի ձեռնարկած քայլերին: Վերջին տարիներին Հայաստանին  Սարգսյանի վարչակազմի հասցրած վնասը այնպիսի չափեր է ընդունել, որ տարիներ կպահանջվեն դիվանագիտական խայտառակ ձախողումները շտկելու համար: Ս. Սարգսյանի՝ իշխանության գլխին մնալու յուրաքանչյուր օր հղի է անդառնալի վնասներով, հետևաբար՝ եռյակի՝ իշխանափոխության օրակարգի հստակեցումը օրախնդիր է Հայաստանի համար: