08.10.2014 18:08

Արամ Մանուկյան. Հրավիրում եմ ձեր բաժին ազատությունը հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակից վերցնելու (տեսանյութ)

Գյումրիում ընթացող ընդդիմադիր երեք ուժերի համատեղ հանրահավաքում ելույթ ունեցավ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը:

«Ազատասեր Շիրակ, բարով եք եկել, ուզում եմ Գյումրիի ոստիկանապետին հարց տալ՝ հաշվարկիդ մեջ սխալվեցի՞ր: Հիշո՞ւմ եք՝ ասում էր՝ մարդ չի գալու, ինքը հիմա ուղիղ նայում է այս հանրահավաքը: Ես առաջարկում եմ բոլոր իշխանավորներին՝ էս հոսանքի դեմ չկանգնեք, պետք չի, որ էս հոսանքը ձեզ քշի-տանի, դուք բոլորդ մերն եք, հայերը պիտի ապրեն այս երկրում, այս երկրում չպետք է ապրի այն մի քանի հոգին, ովքեր սունկի պես աճել են էն ծառի վրա, որ Հայաստան է կոչվում, եւ քամում ու ծծում են այդ ծառի հյութը: 

Մենք այսօր ձեր ներկայությամբ դա ենք ապացուցում, որ Գյումրին հպարտ է, արժանապատիվ ու թասիբով է, եւ այդ թասիբով ամսի տասին մեր ասելիքը կասենք՝ վեր կացեք ու ռադներդ քաշեք:

Այսօր Հայաստանում լրիվ նոր քաղաքական վիճակ է, երեք հզոր քաղաքական ուժեր եւ լիդերներ միացել են մի խնդրի շուրջ՝ փրկել Հայաստանը կործանվելուց, Հայաստանը սպառվում է, եւ այս քաղաքական ուժերը, զգալով այդ վտանգը՝ հայտ են ներկայացրել կանգնեցնել այդ ընթացքը: Այս երեքի միասնությունը արդ փաստ է, եւ մեզ պետք է ձեր աջակցությունը, ժողովուրդ: Երբեք չհավատաք, թե ամբողջ ազգով կկանգնեն, այսքանն էլ է հերիք, այսքան արժանապատիվ մարդիկ էլ հարցերը կլուծեն, որոնք գալու են եւ լցվելու են Ազատության հրապարակ, եւ ոչ միայն մեր այստեղ ապրելու իրավունքն ենք ամրագրելու, այլեւ մեր տարագիր եղբայրներին կվերադարձնենք Հայաստան:

Բոլորիդ հրավիրում եմ ձեր բաժին ազատությունը հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակից վերցնելու»,- հայտարարեց Արամ Մանուկյանը: