08.10.2014 18:21

Ստեփան Մարգարյան. Եթե խնդիրները չլուծեն այս իշխանութունները, լուծելու են նոր իշխանությունները

Ստեփան Մարգարյան. Եթե խնդիրները չլուծեն այս իշխանութունները, լուծելու են նոր իշխանությունները

Գյումրիում մեկնարկել է ընդդիմադիր Եռյակի հանրահավաքը:

Երկիրը բառի բուն իմաստով քանդվում է: Գյումրիում իր ելույթն այսպես բացեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

Նա ասաց, որ որեւէ մեկը, որեւէ քաղաքական ուժ կամ ուժերի խումբ չի կարող առանց ժողովրդի աջակցության լուծել այն խնդիրները, որոնք կուտակվել են իշխանությունների կառավարման հետեւանքով: Նա հիշեցրեց, որ ամիսներ առաջ առաջատար քաղաքական ուժերը իշխանություններին ներկայացրին 12 պահանջները, որոնց չկատարումը բերելու էր համապատասխան ոլորտներում փլուզման:
«Անշուշտ, մեզ հետաքրքրում են ոչ միայն այդ 12 կետերը: Բայց այդ կետերը կազմում են ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական խնդիրների ողնաշարը: Որքան փորձեցին իշխանությունները փնովել այս առաջարկները, դա չհաջողվեց: Այս ամիսների ընթացքում ամեն ինչ քանդվում է, ամեն ինչ հետ է գնում», - ասաց Ստեփան Մարգարյանը:

Նրա խոսքով՝ Գյումրին այն քաղաքն է, որից ամենաշատ արտագաղթն է եղել, ամենամեծ տնտեսական անկումը:

«Հոգեբանորեն բոլորիս համար Գյումրին այն քաղաքն է, որ ե՛ւ արդյունաբերական, ե՛ւ մշակութային կենտրոն էր: Հիմա տեսնում ենք այն, ինչ կա: Բայց ես վստահ եմ, որ այդ բոլոր խնդիրները լուծելի են: Եւ եթե այդ խնդիրները չլուծեցին այս իշխանութունները, լուծելու են նոր իշխանությոնները», - ասաց պատգամավորը:

Նա ասաց, որ մեր իշխանությունների հետեւողական քաղաքականության հետեւանքով այսօր ունենք մի իրավիճակ, երբ ժողովրդի մեծ մասը բանկերի տոկոսի տակ է, եւ երբ մեր վզին փաթաթվեց կուտակային կոչվող համակարգը:

«Իշխանությունների իսկ խոստովանությամբ՝ բնակչության 80 տոկոսը դեմ էր դրան, բայց պրոցեդուրային խախտումներով դա դարձրեցին օրենք, եւ հիմա դուք վճարում եք գումար, որը հետ եք ստանալու 40 տարի հետո: Ասում են, թե ապահովում են բարեկեցիկ ծերությունը: Հիմա՝ որեւէ մեկը հավատո՞ւմ է, որ այդ գումարները վերադարձվելու են», - հարցրեց Մարգարյանը: - Պատասխանն ինձ համար հստա կ է՝ վստահ եմ, որ այդ գումարները կորչելու են, վստահ եմ, որ դա մեզ համար չի արվում, զոռով երջանկություն ապահովելը բերում  է նրան, որ փլուզվում է համապատասխան ասպարեզը: Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որի հետեւողական քաղաքականության արդյունքում այստեղ հավաքվածներս, երկրի ողջ բնակչությունը հազարավոր դոլարներով պարտք ունի: Մեր արտաքին պարտքը ընդամենը մի քանի տարվա մեջ եռապատկեցին: Ոչ ոք չմտածի, թե դա իր գրպանից չի տալու: Ամենակարեւորը՝ ոչ ոք չի տեսնում այդ վարկերի արդյունքները: Ո՞րն է այդ գումարներից Գյումրիի հասանելիքը՝ ոչ ոք չգիտի: Մենք տարիներով փակելու ենք այդ պարտքերը», - ասաց Մարգարյանը:

Նա խոսեց նաեւ Շրջանառության հարկի դեմ առաջացած բողոքի մասին:

«Ո՞ր մեկը կարող է խոշորից գնալ թուղթ պահանջել: Պարզ հարց է առաջանում՝ որտեղի՞ց խոշորին ապրանք, որը թուղթ չունի, կամ ձեռնտու չէ փաստաթուղթ տրամադրել: Խոշորը ունի ապրանք, որի համար թուղթ չունի: Ապրանքը կա՛մ մտնում է սահմանից, որտեղ մաքսային կետեր կան, կամ արտադրվում է տեղում, որտեղ խոշոր ձեռնարկություններում հարկայինի ներկայացուցիչներ կան: Այդ որտեղի՞ց է առաջանում ստվերը», - ասաց նա՝ հավելելով, որ քաղաքական ուժերը շարունակելու են աջակցել տնտեսվարողներին նաեւ այս հարցում:

Ստեփան Մարգարյանն ասաց նաեւ, որ փոխանակ հանրության խնդիրները լուծեն, իշխանությունները ձեռնարկել են մի գործընթաց, որը կոչվում է սահմանադրական բարեփոխումներ:

«Մեր սահմանադրության համաձայն՝ իշխանությունը փոխվում է: Նախագահի փոխվելու հետ միասին փոխվում է քաղաքական մեծամասնությունը: Հիմա նրանք փորձում են ստեղծել պայմաններ, որ հավերժ իշխանություն լինեն: Ուզու՞մ եք այդպիսի փոփոխություն: Մենք դեմ ենք այնպիսի փոփոխությունների, ոը բերելու է իշխանության վերարտադրության», - ասաց Մարգարյանը:

ԲՀԿ պատգամավորի ելույթի ավարտից հետո հրապարակը վանկարկում էր «Սերժիկ,  հեռացիր»: