08.10.2014 18:29

Նաիրա Զոհրաբյան. Իշխանությունը պետք է հեռանա մեր և ձեր հավաքական կամքով (վիդեո)

Գյումրիում ընդդիմադիր Եռյակի հանրահավաքին իր ելույթում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ Գյումրի մտնելով՝ առաջին բանը, որ տեսել է, արտագաղթողներով լեցուն ավտոբուսներն էին:

«Սա է իշխանությունների քաղաքականության արդյունքը: Նախկին վարչապետն ասում էր՝ Գյումրին պետք է դարձնենք մշակութային կենտրոն: Այո, դարձրեցին կենտրոն, բայց ոչ թե մշակույթի, աղքատության կենտրոն: Եվ փոխանակ նման մարդիկ պատասխան տան, իրենց հերթական պաշտոնն են վայելում Հայաստանից դուրս», - ասաց Զոհրաբյանը:

Նրա խոսքով, իշխանությունն իր ձախողումների համար պատասխան պետք է տա:

«Պատասխան են տալու այն փոքրիկ քաղաքապետիկները, որոնք իրենց քաղաքացիներին սպառնում են, թե՝ «գնացիք հանրահավաքի, հայտնվելու եք աղբարկղում»: Աղբամանը իրենց համար է սովորական միջավայր, որովհետև իրենց տերերը օրը տասն անգամ գցում են իրենց աղբամանը, տրորում, թքում վրան, և հետո առանց փոշին թափ տալու նորից դնում են պաշտոնների: Նույն կերպ կրիմինալ, ռեցիդիվիստներն են կրկին դրվում պաշտոնների», - ասաց Զոհրաբյանը՝ հավելելով, որ  միայն կրիմինալի վրա հիմնվելով է այս իշխանութունն իրեն ապահով զգում:

« Իշխանություն, որը սպառել է իր բոլոր ռեսուրսները, իշխանություն, որը պետք է հեռանա մեր և ձեր հավաքական կամքով, և չպետք է թույլ տալ, որ սահմանադրական «չարեփոխումներով» այս իշխանությունը ևս տասը տարի ապահովի իր վերարտադրությունը: Քանի՞ մարդ կա, որ իր տունուտեղը, իր աշխատանքի արդյունքը գրավի տակ է դրել բանկերում և տոկոսների տակ ճկռում է: Վստահ եմ, ձեզանից գերակշիռ մասը: Ահա այսպես են ապահով Հայաստանի տերերը թալանում ժողովրդին: Երկրի արտաքին պարտքը հասնում է հոբելյանական հինգ միլիարդի սահմանին:
Այս իշխանությունը պիտի հեռանա, և մենք չպետք է թույլ տանք, որ փորձի սահմանադրական փոփոխություններով ևս 10 տարի մնալ: Այս գերակա օրակարգը պետք է լինի մեզ և ձեզ հուզող օրակարգը», - ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նա հիշեցրեց, որ համաձայն Սահմանադրության, իշխանության տերը ժողովուրդն է:

«Հիմա հարց եմ տալիս՝ դուք համարու՞մ եք, որ այսօր իշխանության տերն եք: Ո՛Չ: Որովհետև յուրաքանչյուր մանր չինովնիկ քաղաքացու հետ վարվում է ինչպես ստրուկի կամ ճորտի: Շնորհակալ եմ, որ իրավատեր եք, պայքարում եք ձեր իրավունքների համար: Մենք ձեզ հուսախաբ չենք անի: Ձեզ հետ միասին այս ամենի վերջը դնելու ենք», - ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ դժվար է լիենլու պայքարի ճանապարհը, որովհետև իշխանությունները բազմիցս ցույց են տվել, որ ցանկացած գնով պահելու են իշխանությունը:

«Բայց մենք ասում ենք՝ օրենքի և Սահմանադրության շրջանակներում անելու ենք այն ամենը, որ այս իշխանությունները չվերարտադրվեն, իրար հետ կառուցելու ենք այնպիսի Հայատան, որտեղ իրապես դուք եք լինելու իշխանութնան տերը: Իսկ այն ապահով Հայաստանը, որ նրանք փորձում են կառուցել կրիմինալի, քրեական տարրերի հետ միասին, կոտրելու ենք միասին: Իշխանությունը երբեք այնքան թույլ չի  եղել, որովհետև այսքան միավորված չի եղել ժողովուրդը», - եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը: