08.10.2014 18:55

Լևոն Զուրաբյան. Իշխանությունների ողորմելի հնարքները ցույց են տալիս, որ իրենք իսկապես վախեցած են (վիդեո)

Գյումրիում կայացած ընդդիմադիր երեք ուժերի համատեղ հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

«Ամեն անգամ, երբ գալիս ենք Գյումրի, ցավ եմ զգում, որովհետև այնպիսի տպավորություն է, որ չնայած 70 անգամ Հայաստանի իշխանություններն ասացին, որ Գյումրին այլևս աղետի գոտի չէ, որ այլևս այդ հասկացությունը չկա, որ ի վերջո Գյումրին ապրում է նորմալ կյանքով, դա այդպես չէ: Գալիս ենք նորից ու տեսնում ենք անօթևան մարդկանց, անկման նշաններ, աղքատություն, Գյումրում 1200 անօթևան մարդ կա դեռ, բայց իշխանությունները, չգիտես ինչու, ընդունում են միայն 430-ի իրավունքները, դա էլ քիչ է, բնակարան պատրաստ են տրամադրել ընդամենը 192 մարդու:

Այսքան ժամանակ խոսեցին այն մասին, թե Գյումրին աղետի գոտի չէ այլևս, և ես հիմա ստիպված եմ իշխանությունների հետ համաձայնվել, Գյումրին չէ աղետի գոտի, այս իշխանությունների գործունեության հետևանքով աղետի գոտի է դարձել ամբողջ Հայաստանը: Գյումրիում 7 բնակարանից երևի 3-ում է մարդ մնացել, 4-ը դատարկ է, գյուղերում դատարկություն է, տները փակված են, սա ի՞նչ է, մոնղոլ-թաթարական արշավա՞նք է, ինչո՞ւ են մարդիկ փախչում իրենց հայրենիքից, որովհետև, իսկ ես սա ցավով եմ ասում, Հայաստանում գործում է մի աղետ, բայց այդ աղետը երկրաշարժի աղետը չէ, որը տարերք էր, սա մի աղետ է, որը ստեղծած է մարդկանց ձեռքով, եթե այդ մարդկանց կարելի է մարդ համարել, որովհետև սեփական ժողովրդին կողոպտող, կեղեքող, տառապանքի մատնող իշխանություններին ես մարդ համարել չեմ կարող:

Եւ գիտե՞ք՝ պարզվում է նաև, որ այն հանգամաքը, որ իրենք այդ վարկերի, տոկոսների տակ են պահում մարդկանց, այստեղ ինչ-որ ծրագիր կա: Մենք մի պարզ բան ենք առաջարկել, օրինակ՝ մեր 12 կետերից մեկով: Շիրակում մարդկանց 80-85 տոկոսը վարկի ու տոկոս տակ է, ու մարդիկ չեն կարող տակից դուրս գալ, էն աստիճանի, որ գյուղացին կով է մորթում, որ կարողանա այդ տոկոսի տակից  դուրս գա, և ասում ենք՝ հայրենի պետություն, էս մարդկանց վիճակը հեշտացրեք, էդ պարտքերը վերցրեք պետության վրա, 5 տարվա մարման պլան մշակեք ու մարեք՝ առանց տոկոսների, թող էդ բեռը պետությունն իր վրա վերցնի, պարզ է, որ թեև այս ծրագիրը հանգիստ կարող էին անել, չեն անում մի պարզ նպատակով՝ չեն ուզում, որ այս ծրագիրը լինի, որ ՀՀ քաղաքացին լինի արժանապատիվ, բարեկեցիկ ու աշխատող, իրենք ուզում են այդ հողերը իրենցով անեն, որ մարդիկ թողեն գնան, իսկ հետո գան ստրուկի պես աշխատեն իրենց համար: 

Ուզում են մի նոր գյուղատնտեսություն ստեղծել, որտեղ հողի տերը իրենք են, իսկ գյուղացին ստրուկի ու բատրակի կարգվիճակով իրենց համար աշխատում է:

Մի վարչապետ ունեինք՝ Տիգրան Սարգսյան, հիշո՞ւմ եք: Իրեն շատ խելոք էր կարծում, Գյումրին նավահանգիստ դարձնելու պրոյեկտի սիրահար, չէր դիմացել ու թերթերից մեկին անկեղծացել ասել էր՝ ինչու կանգնեցնենք արտագաղթը, որ այդ մարդիկ մնան ու հեղափոխությո՞ւն անեն: Այսինքն, իսկապես, ծրագիր կա, որ մարդկանց մի մասը հեռանա, մյուս մասը՝ դառնա ստրուկ:

Կուտակայինն էլ մի այդպիսի ծրագիր է, ասում են՝ բերեք էդ ձեր չեղած փողերի հինգ տոկոսը տվեք, մենք մի քառասուն տարի հետո ձեր թոշակը ձեզ կտանք, էս բանդիտներին որևէ հավատացող կա՞: Հիմա էլ Շրջանառության հարկի մասին ասում են՝ լավ, ձեզ մինչև փետրվար ձեռ չենք տալիս, փորձում են պայմանավորվել իրենց հետ, հասկանո՞ւմ եք՝ ինչ են ուզում անել: Տեսել են, որ ժողովուրդը ոտքի է կանգնել, ուզում են փորձել այս ալիքը մի քիչ թեթևացնել, մարդկանց խաբել, ու հենց զգան, որ կարող են վերհսկել իրավիճակը, թալանը շարունակեն նույն ուժգնությամբ: Ուրեմն, նահանջել չկա, այս խաբեբաներին հավատալ չկա, միակ տարբերակն այն է, որ ժողովրդի ուժով մենք գնալու ենք և վերցնելու ենք հետ ժողովրդին պատկանող իշխանությունը: 

Վերջում մի հետաքրքիր բան էլ ասեմ, որը ցույց է տալիս, որ իշխանություններն իսկապես սարսափած են, ճիշտն ասած՝ ես իրենց տեղը լինեի, ես էլ կսարսափեի: Էսօր գալիս էինք Գյումրի, քայլում էինք փողոցներով և տեսնում էինք, որ ամբողջ ժողովուրդը մեզ բարևում է, ասում է՝ եկեք միասին գնանք նրանց քշենք, սա դարձել է համաժողովրդական տրամադրություն: Գիտեք, չէ՞, որ հոկտեմբերի 10-ին բացի միտինգից մի կարևոր իրադարձություն պետք է լինի՝ Հայաստանը պետք է անդամագրվի Եվրասիական միությանը: Եւ ի՞նչ են անում իշխանությունները, մենք լուրջ շփումներ ունենք դիվանագիտական շրջանակների հետ (և ռուսների, և ամերիկացիների, և եվրոպացիների), և ի՞նչ է պարզվում, պարզվում է, որ իշխանությունները Ռուսաստանում ներկայացնում են, որ ընդդիմությունը հատուկ նշանակել է հոկտեմբերի տասի հանրահավաք, որ չթողի Սերժ Սարգսյանին անդամակցել Եվրասիական միությանը: Բայց ամենահետաքրքիրը այն է, որ նույն մարդիկ հետո գնում են ամերիկացիների մոտ և արդեն նրանց ասում են՝ ընդդիմությունը հոկտեմբերի տասին իր հանրահավաքը նշանակել է, որ Սերժ Սարգսյանը գնա ու անդամագրվի Եվրասիական միությանը: Տեսեք՝ ինչպես կարելի է շուռ տալ տրամաբանությունը, նույն իրադարձությունը ծախել և ամերիկացիների, և ռուսների վրա:

Բայց այն, որ այսպիսի ողորմելի հնարքի են դիմում, ցույց է տալիս, որ իրենք իսկապես վախեցած են:

Հոկտեմբերի տասին մեր հանրահավաքը միայն մի պատճառով ենք նշանակել, որովհետև սեպտեմբերի 30-ին մեր վերջնաժամկետն ավարտվել էր, և մենք ընտրել ենք մոտակա ամենահարմար ուրբաթ օրը, որևէ այլ զուգադիպություն չկա: Մեր շարժումը հետապնդում է մեկ նպատակ, ոչ թե նրա համար է, որ մենք ինչ-որ աշխարհաքաղաքական, արտաքին քաղաքականության հետ կապված ինչ-որ դիրքորոշումներ հայտնենք, ոչ, չկա նման բան, միակ նպատակը այն է, որ քշենք այս իշխանություններին և Հայաստանում հաստատենք ժողովրդավարություն: Այլ նպատակ չունենք: Ամսի տասին սկսում ենք լավ հաշվարկված, երեք ուժերի կողմից ղեկավարվող գործընթաց, որը բերելու է Հայաստանում իշխանափոխության և արմատական փոփխությունների»: