08.10.2014 19:18

Ռուբիկ Հակոբյան. Մենք իրավունք չունենք ժողովրդի ցանկության հետ հաշվի չնստելու

Ռուբիկ Հակոբյան. Մենք իրավունք չունենք ժողովրդի ցանկության հետ հաշվի չնստելու

«Ոչ թե եկել ենք ձեզ դուխ տալու, այլ՝ ձեզանից դուխ վերցնելու», - այսօր հանրահավաքում իր ելույթի մեկնարկին դիմելով գյումրեցիներին՝ ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբիկ Հակոբյանը:

«Այն էներգետիկան, որ դուք կենտրոնացրել եք այս հրաշալի հրապարակում, վստահ եղեք, որ մեզ պատասխանատվության է կանչում: Մենք իրավունք չունենք այս պահվածքի հետ հաշվի չնստելու», -ասաց նա:

Հակոբյանը ասաց, որ 2013-ին քաղաքական դաշտը միասնական չէր:

«Որեւէ մեկի հասցեին մեղադրանք չկա: Այժմ քաղաքական դաշտն ամբողջացել է, միասնական է եւ ունի մեկ խնդիր. որպեսզի Հայաստանը կարողանանք այնպիսի պետություն դարձնել, որ յուրաքանչյուր անձ, ընտանիք, քաղաքական ուժ կարողանա արտահայտել եւ իրացնել իր գաղափարները: Գաղտնիք չէ, որ տարբեր ուժեր ենք՝ տարբեր ստորագրությամբ, գաղափարախոսությամբ, կենսագրությամբ: Բայց այսօր հավաքվել ենք, որ տեր կանգնենք մեր երկրին: Այս քաղաքական ուժերն առանձին-առանձին շատ են փորձել իշխանություններին բացատրել, որ այսպես ճիշտ չէ աշխատելը: Բայց այսօր, կոնկրետ Շիրակի մարզում կրկնակի պակասել է բնակչությունը: Իսկապես, չեմ ուզում արտաբերել այդ թիվը: Գիտեք, որ ամբողջական գյուղեր մեկնում են ռուսաստաններ, ամերիկաներ: Ի դեպ, պետք չէ նույնիսկ մեղադրել ոչ ՌԴ-ին, ոչ ԱՄՆ-ին, որ պայմաններ են ստեղծում, որ դուք հաստատվեք այդ երկրներում: Միակ մեղավորը այսօրվա իշխանություններն են: Եթե մենք խնդիր ունենք, պետք է պատասխանատվության ենթարկենք այս իշխանություններին: Մենք պետք է հասկանանք. մեր տան ղեկավարությունն է, որ չի կարողանում ապահովել իր ընտանիքի կենսագործունեությունը: Մենք հավաքվել ենք, որ ասենք՝ չունենք նորմալ ղեկավարություն, ոչ թե փնովենք այս կամ այն պետությանը», - ասաց Հակոբյանը:

Նա ասաց, որ երեք քաղաքական ուժերին միավորել է մեկ քաղաքական օրակարգ՝ ամբողջական իշխանափոխություը, եւ դա լինելու է: Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ մեկ անձի փոփոխությամբ հարց չի լուծվելու:

«Երբ մենք ասում ենք իշխանափոխություն, նկատի ունենք ե՛ւ նախագահին, ե՛ւ կառավարությանը, ե՛ւ Ազգային ժողովը: Եվ դրա հետ միասին ամբողջ համակարգի փոփոխություն, որ այսօրվա կաշառակերները, այն չինովնիկը, որն իր բարեկամներին խցկում է կառավարման համակարգ, հակահիգիենիկ է դարձնում բիզնես դաշտը, նրանք պետք է հեռանան: Նրանք պետք է ոչ թե Հայաստանից հեռանան, այլ նրանց պետք է դաստիարակել, հասկացնել , որ այն, ինչ հիմա անում են, նաեւ իրենց երեխաների ապագայի հաշվին են անում», - ասաց Հակոբյանը:

Նա ասաց, որ եթե մարդիկ համաձայն են ամբողջական իշխանափոխության ծրագրին, պետք է հոկտեմբերի 10-ին լինեն Ազատության հրապարակում:

Հրապարակը այս բառերին պատասխանեց «Սերժիկ, հեռացիր» վանկարկումներով:

«Ասում են՝ Սահմանադրություն փոխելով կարող ենք ատկատ հավաքողներին փոխել: Սու՛տ է, դեմագոգիա է: Բազմաթիվ ընտրություններ կեղծած իշխանությունն իրավունք չունի որեւէ փաստաթուղթ դնել շրջանառության մեջ: Մենք թույլ չենք տա, որ նրանք վերարտադրվեն», - ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ իսկապես պատմական պահ է մեր գենոֆոնդը փրկելու համար, պետության արժանապատվությունը փրկելու համար: Նա հիշեցրեց, որ ԵԽԽՎ-ն պատմության ընթացքում առաջին անգամ ԼՂ-ն ներկայացրեց որպես Ադրբեջանի գրավյալ տարածք:
«Այս արժանապատիվ, նորմալ գյումրեցին, քյավառցին, երեւանցին իշխանությունների պատճառով հայհոյանք ստացավ Եվրոպայից: Մենք թույլ չենք տա: Արդեն ժամանակն է եկել նրանց ասելու՝ դուք պետք է հեռանաք: Հանրապետությունն այսօր իր մեծամասնությամբ պատրաստ է դրան: Գյումրին այսօր ասում է՝ ինչպես 2013-ին, այսօր էլ կանգնած է ընդդիմության կողքին եւ պատրաստ է իշխանություն փոխել», - եզրափակեց «Ժառանգության» պատգամավորը: