08.10.2014 20:51

Աֆրիկյան հինգ պետություններ նոյեմբերին պատերազմ կսկսեն «Բոկո Հարամի» դեմ

Աֆրիկյան հինգ պետություններ նոյեմբերին պատերազմ կսկսեն «Բոկո Հարամի» դեմ
© Hama Boureima / AFP

Արևմտաաֆրիկյան հինգ պետություններ հոկտեմբերի 7-ին հայտարարել են, որ մտադիր են ընդլայնել գործողություններն ընդդեմ ահաբեկչական «Բոկո Հարամ» խմբավորման: Նրանք պայմանավորվել են  արձագանքման համատեղ ուժերի շրջանակներում լրացուցիչ ստորաբաժանումներ առանձնացնել և միացյալ հրամանատարական կենտրոն ստեղծել՝ իսլամիստների դեմ պայքարելու համար, հաղորդել է Reuters-ը:

Նիգերի, Նիգերիայի, Չադի և Բենինի առաջնորդները, ինչպես նաև՝ Կամերունի նախագահի ներկայացուցիչը, Նիգերի մայրաքաղաք Նիամեյում հանդիպումից հետո հայտարարել են, որ բազմազգ ուժերի հրամանատարական կենտրոնը՝ շտաբի պետի գլխավորությամբ, կգործի նոյեմբերի 20-ից: Պետությունները պայմանավորվել են նաև ավարտին հասցնել զորքերի տեղակայումը, որպեսզի արդեն մինչև նոյեմբերի 1-ը ազգային սահմանների շրջանակներում կազմավորեն բազմազգ ուժերի ստորաբաժանումներ:

«Բոկո Հարամը» արմատական իսլամիստական խմբավորում է, որ գործում է Նիգերիայում: Այն հանդես է գալիս երկրի ողջ տարածքում շարիաթը մտցնելու օգտին: Նիգերիայում կատարված ահաբեկչությունների ետևում հիմնականում այս խմբավորումն է կանգնած: 2014 թ. մայիսին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «Բոկո Հարամը» ընդգրկեց ահաբեկչական կազմակերպությունների ցանկի մեջ: Փոխանցում է lenta.ru-ն: