09.10.2014 02:06

Թոմաս Բախ. Հայաստանը կարող է հպարտանալ իր հրաշալի մարզիկներով (տեսանյութ)

Թոմաս Բախ. Հայաստանը կարող է հպարտանալ իր հրաշալի մարզիկներով (տեսանյութ)

Երկօրյա այցով Հայաստան են ժամանել Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախն ու Եվրոպայի Օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն:

«Մեդիամաքսի» փոխանցմամբ, նրանց պատվին տեղի ունեցած պաշտոնական ընթրիքի ժամանակ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն ասել է, որ ուրախ են Հայաստանում հյուրընկալել 2 կարեւոր սպորտային կառույցների`ՄՕԿ-ի ու ԵՕԿ-ի, նախագահներին:

«Հույս ունեմ, որ մեր երկիրը հիանալի տպավորություն կթողնի ձեզ վրա ու լավ հիշողություններով կհեռանաք այստեղից: Մենք հիանալի մարզիկներ ունենք, որոնք միջազգային ասպարեզում միշտ բարձր են պահում Հայաստանի պատիվը»,- ասել է Ծառուկյանը:

Բախն էլ նշել է, որ շատ է տպավորված ընդունելությունից ու իրեն ինչպես տանն է զգում: Նա խոստովանել է, որ շատ զգացված ու հպարտ է Հայաստանի սպորտային հաջողությունների համար.  «Ես ուսումնասիրել եմ ձեր երկրի պատմությունն ու շատ բաներ եմ բացահայտել: Հայաստանն ամենահին պատմությունն ունեցող երկրներից է: Ձեր սպորտային ավանդույթները եւս շատ հին են, ու դեռեւս ձեր թագավորներն են հանդես եկել Օլիմպիական խաղերում: Դուք կարող եք հպարտանալ ձեր հրաշալի մարզիկներով: Ցանկանում եմ, որ նրանք հաջող մասնակցեն 2016-ին Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին: Վստահեցնում եմ, որ ՄՕԿ-ը ձեր կողքին է լինելու բոլոր կարեւոր գործերում»:

Պատրիկ Հիկեն Ծառուկյանին է հանձնել բարձրագույն պարգեւ սպորտի զարգացման գործում մեծ ներդրման համար: ՀԱՕԿ-ի նախագահն էլ Բախին շնորհել է Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի պատվավոր դոկտորի կոչում, իսկ ՄՕԿ-ի ղեկավարը նրան հատուկ մրցանակ է նվիրել: