14.09.2012 12:51

Պաշտոնական Դամասկոսը կոչ է արել Սիրիայի հայերին լքել իրենց տները

Պաշտոնական Դամասկոսը կոչ է արել Սիրիայի հայերին լքել իրենց տները

Սիրիայի երկրորդ ամենամեծ քաղաքում՝ երկրի տնտեսական կենտրոն համարվող, երեք միլիոն բնակչությամբ Հալեպում, իրավիճակը շարունակում է ծայրահեղ  լարված մնալ:

Հայտնի է դարձել, որ պաշտոնական Դամասկոսը հայկական թաղամասի բնակիչներին կոչ է արել լքել իրենց տները, քանի որ բանակը պատրաստվում է կրակահերթ բացել այդ ուղղությամբ, գրում է iLur.am-ը՝ հղում անելով The Daily Telegraph պարբերականին:

ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիայից արտագաղթել է ավելի քան 250 հազար բնակիչ, որոնցից շատերը քրիստոնյաներ են:

Անդրադառնալով Հալեպի քրիստոնեական համայնքին՝ բրիտանական The Daily Telegraph-ը գրում է, որ մինչ այժմ չեզոքություն պահպանած քրիստոնյաները ստիպված են եղել զենք ստանալ կառավարության բանակից և միանալ ռազմական գործողություններին:

«Հալեպի քրիստոնեական համայնքի երիտասարդները սկաուտական հերթափոխ են նշանակել՝ եկեղեցիների պաշտպանությունը կազմակերպելու նպատակով: Պատերազմն ընդգրկել է Հալեպի ծայրամասերը, և քրիստոնյաները ստիպված են եղել միանալ մարտերին», - գրում է պարբերականը:

«Ես կառավարության կողմնակից չեմ, սակայն իմ աչքերով եմ տեսել, թե ինչպես են Ազատ բանակի ներկայացուցիչները թալանում մեր տեքստիլ գործարանը», - ասել է քրիստոնյա հոգևորական հայր Հովհաննեսը:

Սեպտեմբերի 14-ին ՄԱԿ-ում Արաբական պետությունների լիգայի՝ Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լ. Բրահմին պատրաստվում է հանդիպել Բաշար ալ Ասադին: Դիտորդների համոզմամբ՝ այդ հանդիպումը երկրի փրկության վերջին հնարավորությունը կլինի: