09.10.2014 16:55

Վլադիմիր Կարապետյան. Փիսիկի գանգատը

Վլադիմիր Կարապետյան. Փիսիկի գանգատը

Փիսիկը նըստել
Մի մութ անկյունում,
Ունքերը կիտել
Ու լաց է լինում։

Հետևելով Սերժ Սարգսյանի վերջին շրջանի գործողություններին՝ կարելի է այնպիսի տպավորություն ստանալ, որ նա կորցրել է ռեալության զգացումը: Դրա դրսևորումներից մեկն էլ այն է, որ Ս. Սարգսյանի հրապարակային խոսքերը մեկը մյուսի հետևից մատնացույց են անում սեփական սխալներն ու ձախողումները:

Նախ՝ դա ակնհայտ էր դարձել ՄԱԿ-ի ԳԱ ելույթի ժամանակ, երբ նա հերթով սկսեց թվել ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի օրոք ձեռք բերված նվաճումները. ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերում հայանպաստ ձևակերպումները, ղարաբաղի հակամարտության բանակցություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիիրավ կողմ լինելը և այլն (http://www.ilur.am/news/view/35339.html): Ելույթի աչք զարնող մեկ այլ գաղափարը այն է, որ Ս. Սարգսյանը չի արել որևէ արտաքին քաղաքական քայլ, որը օգուտ կբերեր Հայաստանին: Նա օգտագործեց ՄԱԿ-ի բարձր ամբիոնը, որպեսզի հայ-թուրքական՝ իր իսկ կողմից նախաձեռնած արձանագրությունները գրողի ծոցը ուղարկելու սպառնելիքներ տեղա աշխարհին՝ դրանով իսկ խոստովանելով սեփական անհաջողությունը:

Այդքանով սեփական ձախողումների խոստովանության շարքը չի ավարտվել: Երկու օր առաջ էլ հանդիպել էր ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարին և ընդգծել, որ« ՀԱՊԿ գծով մի շարք գործընկերների դիրքորոշումը, որոնք դրսևորվում են տարբեր միջազգային հարթակներում դաշնակիցների համար արմատական հետաքրքրություն ունեցող հարցերում և մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ, չի համապատասխանում բանակցային գործընթացի ընդհանուր ոգուն, հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին և առաջարկություններին, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակներում ընդունված փաստաթղթերին: Ի. Ալիևի ռազմատենչ և հայատյաց հայտարարությունները համապատասխան արձագանքի չեն արժանանում ՀԱՊԿ գծով գործընկերների կողմից, ինչը, Սերժ Սարգսյանի համոզմամբ, կարող էր զսպել ադրբեջանական ղեկավարության արկածախնդիր նկրտումները»: 

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ը ձևավորվել է 1992 թ. և, մեծ հաշվով, կատարել է այն գործառույթները, որոնց համար ստեղծվել էր: 90-ականներին Հայաստանը ունեցել է հավասար, նույնիսկ բարեկամական հարաբերություններ ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների հետ: Այլ կերպ չէր էլ կարող լինել ռազմական դաշինիքի շրջանակներում:

Իր կառավարման ժամանակաշրջանում Ս. Սարգսյանը ոչ միայն փոշիացրել է նախորդների բոլոր նվաճումները, այլև հաջողեցրել է փչացնել հարաբերությունները դաշնակիցների հետ: Մամուլի հաղորդագրության վերոբերյալ տողերը վկայություն են այն խորը հիասթափության, որ ապրում է Ս. Սարգսյանը մեզ հետ նույն ռազմական դաշինքում գտնվող պետությունների մասով: Սա հերթական հրապարակային խոստովանությունն է, որ մեր արտաքին քաղաքականությունը ուղղակի խայտառակ վիճակում է, և փաստացի նախազգուշացում, որ եթե Ս. Սարգսյանն ու Է. Նալբանդյանը մի քանի ամիս էլ մնան իրենց պաշտոններին, ապա Հայաստանի դեմ հանդես եկող պետությունների նորանոր ցանկեր են հայտնվելու Ս. Սարգսյանի սև ցուցակում:

Մամուլի այդ հաղորդագրությամբ նաև ի ցույց է դրվում, թե ինչպիսի հոգեբանական վիճակում է գտնվում Ս. Սարգսյանը. քիչ չէ, որ բացահայտում  է իր անկարողությունը՝ նորմալ հարաբերություններ հաստատել ՀԱՊԿ մի քանի անդամ պետության հետ, Ս. Սարգսյանը նաև իր ձախողումն  է հրապարակայնացնում և, չբավարարվելով այս երկշերտանի խայտառակությամբ՝ այդ ամենի մասին պատմում է երրորդական նշանակության միջազգային մի չինովնիկի (!):

Հայտնի է, որ իր կարգավիճակով ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը նշանակալիորեն ավելի ցածր է, քան այդ կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարը: Պատկերացրեք, թե ինչպիսի մեկուսացման մեջ է իրեն զգում Սերժ Սարգսյանը, որ օգտվել է առիթից և ի տես աշխարհի՝ դժգոհել Բորդյուժային: Նա դա արել է անզորությունից դրդված, հասկանալով, որ իր գործընկերների հետ չի կարող բարձրացնել նման հարցեր և հասնել դրական արդյունքի: Ինչպես չէր կարողացել տեղում պատասխանել ս.թ. մայիսին Հայաստանի հասցեին Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաևի հայտնած վիրավորական արտահայտություններին և արել էր դա մի քանի օր անց ապահով Ծաղկաձորից, այնպես էլ նա չունի համարձակություն նման կնճռոտ խնդիրների մասին ուղիղ խոսելու դաշնակից պետությունների ղեկավարների հետ՝ դեմ առ դեմ:

Սերժ Սարգսյանը սկսկել է խաղալ Հայաստանի հեղինակության հետ. նման բացթողումները աննկատ չեն մնում, կարելի է միայն պատկերացնել, թե ինչ տհաճություն են ապրելու մեր գործընկեր պետությունների նախագահները, երբ իրենց զեկուցվի Ս. Սարգսյանի՝ Բորդյուժային հայտնած բողոքների մասին: Միջնորդավորված, այն էլ միջին կարգի չինովնիկի միջոցով փոխանցված նման վերաբերմունքը միայն խորացնելու է արգահատանքը Ս. Սարգսյանի և, ցավոք՝ առայժմ նաև Հայաստանի նկատմամբ:

Եվ վերջապես Ս. Սարգսյանի՝ նման հուսահատ քայլը նաև ցուցիչ է իր այն անհանգստության, որ գործընկերները կարող են հերթական անգամ ծիծաղի առարկա դարձնել նրան վաղը Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի ընթացքում: Այս անգամ էլ, որպեսզի Հայլուրի հաղթական տոնայնությունը պահպանվի, Ս. Սարգսյանը՝ դաշնակից երկրների նախագահներից կգանգատվի Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր քարտուղարին՝ Հայաստան կատարելիք առաջիկա այցի ընթացքում: