10.10.2014 17:06

«Միկա Ցեմենտ» գործարանը վճարել է պարտքերը և վերսկսում է աշխատանքը

«Միկա Ցեմենտ» գործարանը վճարել է պարտքերը և վերսկսում է աշխատանքը

Ապրիլից լիովին պարապուրդի մատնված «Միկա Ցեմենտ» ՓԲԸ վերսկսել է արտադրությունը: Մինչև տարեվերջ նախատեսվում է արտադրել 100 հազար տոննա ցեմենտ: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է գործարանի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, արտադրությունը վերսկսվել է սեպտեմբերի վերջին` բոլոր հիմնական պարտքերի վճարումից հետո: «Մենք մարել ենք աշխատավարձի գծով և էներգետիկների հանդեպ հիմնական պարտքերը, և այժմ մարում ենք ընթացիկ պարտքերը: Մինչ այդ աշխատում էր մանրեցման արտադրամասը, իրականացվում էր սարքավորման փոխարինում», - ասել է տնօրենը: Մարտիրոսյանը նշել է, որ այժմ գործարկվել է վառարանը, կազմակերպվել է արտադրության ամբողջական ցիկլ: Գործարանն արդեն աշխատում է ողջ հզորությամբ: Այժմ գործարանում աշխատում է 410 մարդ: Թողարկվող արտադրանքն առայժմ իրացվում է ներքին շուկայում, սակայն ընկերությունը մտադիր է սկսել արտահանում դեպի Վրաստան,  Ռուսաստան` մրցունակ գների առկայության դեպքում: Տնօրենը հավելել է, որ գործարանն աշխատում է արտադրանքի տեսականու ընդլայնման և որակի բարելավման ուղղությամբ:

Նշենք, որ Հայաստանում մեծությամբ երկրորդ ցեմենտ արտադրող «Միկա Ցեմենտի» արտադրության ծավալներն սկսեցին անկում ապրել 2009 թվականին համաշխարհային ճգնաժամից հետո, որը հանգեցրել էր շինարարության կրճատման: Այսպես, 2011 թվականին «Միկա Ցեմենտը» արտադրել է շուրջ 120-130 հազար տոննա ցեմենտ, նախաճգնաժամմային 2008 թվականի  375 հազար տոննայի դիմաց: 2013 վերաբերյալ տվյալներ չկան: (Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2013 թվականին Հայաստանում արտադրվել է 430,9 հազար տոննա ցեմենտ` 2012 թվականի 437,6 հազար տոննայի դիմաց):

Գործարանի նախկին սեփականատերը գործարար Միխայիլ Բաղդասարովն է: Այնուհետև «Միկա Ցեմնետի» գույքը գրավադրվել էր «ՎՏԲ Հայաստան» բանկի վարկի գծով պարտքի դիմաց: Ընկերությունը 2013 թվականի ֆինանսական հաշվետվությունը չի հրապարակել, սակայն նախորդ հաշվետվություններից երևում է, որ ձեռնարկության պարտքերը սրընթաց աճում էին վերջին տարիներին: 2012 թվականին վնասը գերազանցել է 2,3 մլրդ դրամը` 2011 թվականի 22 մլն դրամի, 2010 թվականի  19 մլն դրամի և 2009 թվականի 5,6մլն դրամ դիմաց: (հոկտեմբերի 10-ի դրությամբ ՀՀ ԿԲ փոխարժեքը`  411.04 դրամ 1 դոլարի դիմաց):