17.11.2012 15:08

Կարեն Ավագյան. «Կարիերիստ»-ն իրականում վատ բառ չէ, կարիերա անելը շատ լավ բան է

Կարեն Ավագյան. «Կարիերիստ»-ն իրականում վատ բառ չէ, կարիերա անելը շատ լավ բան է

Այսօր ուսանողության միջազգային օրն է: iLur.am-ը Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության  նախագահ Կարեն Ավագյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է գնահատում ուսանողների ակտիվությունը քաղաքական գործընթացներով՝ հաշվի առնելով բուհերի կուսակցականացվածությունը: 

«Ձեր մոտ տվյալներ կա՞ն: Ես ձեզ հիմա հերթով թվարկեմ, ինքներդ ասեք, թե կուսակցականացված են ինչքանով: Բժշկական համալսարան՝ անկուսակցական, պետական համալսարան՝ անկուսակցական, թատերական՝ անկուսակցական»,- այսպես արձագանքեց Ավագյանը, իսկ մեր դիտարկմանը, թե հայտնի է, որ ուսխորհուրդների նախագահները կուսակցական են, Կարեն Ավագյանը նշեց, թե իրականում որևէ խնդիր չկա, այդ մարդկանց խնդիրն է ու այդ մարդկանց ցանկությունը: 

«Օրենքով արգելված չէ, և ցանկացած ոք իր իրավունքների մեջ է կարողանում այս կամ այն կուսակցությանը անդամագրվել և այդ մասով որևէ խնդիր չկա: Մյուս մասով էլ՝ որ քաղաքականացված է, Հանրապետական է, թյուր կարծիք է, չգիտեմ՝ ով է դա շրջանառության մեջ դրել, ու այդպես շարունակվում է: Կարող եք դուք ինքներդ շրջել բուհերում, տեսնել: ԲՀԿ-ից էլ կան ուսխորհուրդների նախագահներ, անկուսակցականներ՝ շատ-շատ, այսինքն՝ որևէ նման խնդիր չկա»,- ասաց Ավագյանը, թեև մենք ՀՀԿ-ն չէինք առանձնացրել, այլ հարցրել էինք ընդհանրապես բուհերի կուսակցականացվածության մասին: 

Տարածված կարծիք կա, որ կուսակցական երիտասարները, հատկապես՝ հանրապետականները, կարիերիստներ են: Ավագյանն այսպես հակադարձեց. 

«Իսկ լրագրողները կարիերիստներ չե՞ն: «Կարիերիստ»-ն իրականում վատ բառ չէ, չգիտեմ՝ ինչու են միշտ բացասական կողմից ընկալում, իրականում ցանկացած ոք կարիերա է անում իր կյանքի ընթացքում, և բոլորին դա կարող է վերաբերել, երբ որ մարդ դպրոց է ավարտում, բուհ է ընդունվում, դա կարիերա է: Ես ինքս պետք է ասեմ, որ կարիերա չի կարելի անել ամեն գնով, ուրիշների հաշվին: Այ դա բացասական բան է, իսկ կարիերա անելը շատ լավ բան է: Բոլոր մասնագետներն էլ իրենց կյանքի ընթացքում կարիերա են անում»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը: 

Հարցրինք, թե ինչպե՞ս են վերաբերվում նրան, որ երիտասարդներն այս կամ այն կուսակցությանն են անդամագրվում ոչ թե գաղափարի, այլ «առաջ գնալու», կարիերա անելու համար: 

«Եթե դուք մտածում եք՝ կուսակցություններում հենց մտնում են՝ միանգամից դռները բացվում են, բոլորին ասում են՝ եկեք, երևի թե այդքան էլ ճիշտ չէ: Պետք է կարողանա ինքնադրսևորվել և կարողնա իր պատասխանատվության, նվիրվածության չափը դարձնի ընկալելի: Այնպես չէ, որ հենց երիտասարդները հայտնվում են կուսակցություններում,  միանգամից փոխվում է ամեն ինչ իրենց կյանքում»: