15.10.2014 11:14

Դիտարկումներ Հ. Աբրահամյանի՝ ԱՄՆ կատարած այցի մասին

Դիտարկումներ Հ. Աբրահամյանի՝ ԱՄՆ կատարած այցի մասին
Հովիկ Աբրահամյանը և ԱՄՀ տնօրեն Քրիստին Լագարդը

Հոկտեմբերի 9-ին վարչապետ Հ. Աբրահամյանը մեկնել էր Վաշինգտոն: Հայաստանի վարչապետները սովորաբար օգտվում են Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան լիագումար նիստի առիթից՝ ԱՄՆ ուղևորվելու և տեղում անհրաժեշտ հանդիպումներ անցկացնելու նպատակով:

Հ. Աբրահամյանի այցը կարևոր յուրահատկություն ունեցավ: Անդրադառնանք դրանցից մի քանիսին.

- Ինչպես տեսնում ենք կառավարության պաշտոնական լրահոսից, Հ.Աբրահամյանին չի ընդունել ԱՄՆ պետական որևէ պաշտոնյա՝ ո՛չ Սպիտակ տնից, ո՛չ էլ Պետքարտուղարությունից: Սա չլսված արհամարհանք է, որը ցույց է տալիս դրսում Հ. Աբրահամյանի՝ զրոյից ցածր հեղինակությունը, ինչպես նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տ. Սարգսյանի եւ ՀՀ ԱԳՆ-ի անկարողությունը՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի համար որևէ մակարդակի հանդիպում կազմակերպելու գործում: Առանց այդ էլ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների՝ ԱՄՆ այցելությունները բավականին սահմանափակ են, եղածի դեպքում էլ մերոնք արժանանում են պարզ արհամարհանքի, անտեսման:

-Ըստ կառավարության տարածած մամուլի հաղորդագրության՝ Աբրահամյանը «Վաշինգտոնում մասնակցել է ՀԲ և ԱՄՀ տարեկան լիագումար նիստին, որին ներկա են եղել շուրջ 180 երկրի մոտ 1500 մասնակիցներ»: Աբրահամյանը, պարզվում է, չի ունեցել որևէ երկկողմ հանդիպում՝ գործընկերների հետ: Կարելի է վստահ լինել, որ ՀՀ ԱԳՆ-ն չէր կարող չստանալ հանձնարարական՝ Հ. Աբրահամյանի՝ ԱՄՆ կատարելիք այցի ընթացքում կազմակերպելու երկկողմ հանդիպումներ այլ պետությունների վարչապետների, փոխվարչապետների հետ: Բայց ինչպես տեսնում ենք, չեն կարողացել գոնե մեկ հանդիպման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերել: Փաստորեն՝ այնքան լքված և նշանակություն չունեցող անձնավորություն է Աբրահամյանը, որ ոչ ոք չի ուզում հետը հանդիպել:

-Աբրահամյանին չընդունեց նույնիսկ Համաշխարհային բանկի (ՀԲ) նախագահ Ջիմ Յոն Քիմը՝ Հ. Աբրահամյանի հետ հանդիպմանը ուղարկելով իր տեղակալին: Դա ավելի քան տխուր արձանագրում է՝ հաշվի առնելով Աբրահամյանի՝ հենց ՀԲ միջոցառման առիթով ԱՄՆ-ում գտնվելու հանգամանքը:

-Պաշտոնական լրահոսում բացակայում են տեղեկությունները, թե ի՞նչ արդյունք է ունեցել Հ. Աբրահամյանի այցը: Ի վերջո, մարդը 3-4 օր Վաշինգտոնում է անցկացրել, հանդիպել բանկիրների հետ: Հազիվ թե Հ. Աբրահամյանը հրավիրի Մամուլի ասուլիս՝ այցի արդյունքների վերաբերյալ: Այս կապակցությամբ կանխատեսելի է ՀՀ ԱԺ համապատասխան նստաշրջանի ընթացքում նրան ուղղվելիք կոնկրետ հարցը:

-Պատվիրակությունը իր հետ Երևանից տարել է թարգմանիչ՝ այն պայմաններում, երբ Վաշինգտոնում մեր դեսպանության աշխատակիցները կարող են կատարել թարգմանչի գործառույթները պատշաճ մակարդակով: Ընդգծենք, որ թարգմանչի ուղևորության, կեցության, աշխատանքային ժամավճարների ծախսերը հոգում ենք մենք՝ սովորական հարկատուներս: Նկատենք նաև, որ Աբրահամյանը աշխարհի եզակի վարչապետներից է, որ չի տիրապետում անգլերենի և զրուցակիցների հետ նույնիսկ մտքերի կենցաղային փոխանակման համար դիմում է թարգմանչի օգնությանը՝ ճիշտ իր վերադաս Սերժ Սարգսյանի նման:

Այսքանից հետո հարց է առաջանում. բա լավ, այս իշխանությունները, Հ. Աբրահամյանը թասիբ չունեն: Գնալ հասնել Վաշինգտոն, այն էլ՝ մի քանի նախարարների հետ, ու ոչ մի հանդիպում չունենա՞լ ԱՄՆ որևէ պաշտոնյայի հետ: Մասնակցել միջազգային կարևոր համաժողովին ու որևէ բան չքննարկե՞լ որևէ երկիր ներկայացնող որևէ պաշտոնյայի հետ: Ավելի քան ցավալի է, որ նման անկարող մարդկանց անպտուղ գործունեության համար ծախսվում են ահռելի միջոցներ, և աշխատեցվում է ողջ պետական ապարատը: Օր առաջ հարկավոր է վերջ դնել միջակությունների կառավարմանը Հայաստանում:

Վլադիմիր Կարապետյան