20.10.2014 21:12

Նկարիչ Պավլենսկին մերկացրել է հոգեբույժներին՝ կտրելով ականջը

Նկարիչ Պավլենսկին մերկացրել է հոգեբույժներին՝ կտրելով ականջը

Նկարիչ Պյոտր Պավլենսկին Մոսկվայի Սերբսկու անվան ինստիտուտի տանիքի վրա կտրել է իր ականջի բլթակը՝ որպես բողոքի ակցիա՝ ընդդեմ դատական հոգեբուժության ռուսաստանյան համակարգի մեթոդների:

Իր ակցիաներով հայտնի նկարիչը նախկինում բողոքներն արտահայտել է բերանը կարելով և ամորձիները Կարմիր հրապարակի սալահատակին մեխելով:

«Դանակը ականջի բլթակը բաժանում է մարմնից: Հոգեբուժության բետոնե պատը բաժանում է բանական հանրությանը հոգեկան հիվանդներից: Վերադարձնելով հոգեբուժության կիրառությունը քաղաքական նպատակներով՝ ոստիկանական համակարգը իրեն է վերադարձնում բանականության և խելագարության շեմը որոշելու իշխանությունը: Զինվելով հոգեբուժական ախտորոշումներով՝ սպիտակ խալաթով բյուրոկրատը հասարակությունից կտրում է այն մասնիկները, որոնք իրեն խանգարում են  բոլորի համար միաձույլ և յուրաքանչյուրի համար պարտադիր նորմեր սահմանել: Անդամահատված մասնիկը երբեք չի վերադառնա նախկին տեղը. եթե ֆորմալինը այն չպահպանի՝ գիտական հետազոտության համար, ապա նրան մնում է միայն քայքայվել: Մահացել են սատանաները, դևերն ու մյուս չար ուժերը, բայց նրանց մահը ծնունդ է տվել  օրենքի տառին ծառայող ավելի անհագուրդ մի արարածի: Հոգեբուժության ինստիտուտը հեռացման սարք է, որը հասարակությունը չի կարող հեռացնել, քանի դեռ չի ազատվել նոր դևի նկատմամբ հավատից»,-իր ակցիան Facebook-ում մեկնաբանել է նկարիչը:

Պավլենսկին պատահական չի ընտրել Սերբսկու անվան ինստիտուտը . դատարանի որոշմամբ՝ հենց այս հաստատություն են ուղարկվում  կասկածյալներին՝ հոգեբանական-հոգեբուժական փորձաքննություն անցնելու համար:  Փոխանցում է BBC-ն: