21.10.2014 10:59

Սմբատ Կարախանյան. Ռուսաստանի վերին էշելոններում չեն թաքցնում, որ համակրանքը հայաստանյան ընդդիմության կողմն է

Սմբատ Կարախանյան. Ռուսաստանի վերին էշելոններում չեն թաքցնում, որ համակրանքը հայաստանյան ընդդիմության կողմն է

Հայաստանի ներքաղաքական զարգացումների և ռուսաստանահայության շրջանում ընդդիմադիր շարժման ընկալումների մասին iLur.am-ը զրուցել է Մոսկվայի Հայ ազգային ակումբի նախագահ, «Միաբանություն» վերլուծական կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանի հետ:

Պարոն Կարախանյան, Հայաստանի միասնական ընդդիմությունը Ազատության հրապարակում բազմահազարանոց հանրահավաք անցկացրեց: Թեև ընդդիմության առաջնորդները շեշտեցին, որ մեկնարկած շարժումը ԵՏՄ անդամակցության հետ առնչություն չունի և արտաքին քաղաքական կողմնորոշման հարց չի բարձրացնում, այնուամենայնիվ, հաջորդ օրը ռուսաստանյան որոշ առաջատար լրատվամիջոցներ հանրահավաքը լուսաբանեցին որպես «ԵՏՄ անդամակցության դեմ» ցույց: Ո՞րն էր նման լուսաբանման պատճառը, և ինչպիսի՞ն է Ռուսաստանում իրական ընկալումը այդ առումով:

Այդ իրավիճակը խորը արմատներ ունի: Այս հարցի պատասխանը պետք է փնտրել այսօրվա Հայաստանի իշխանությունների գործունեության մեջ: Ռուսաստանում շատ հստակ հասկանում են, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունները պարբերաբար գալիս են Ռուսաստան, գործի են դնում իրենց ռեսուրսները՝ ֆինանսական, ադմինիստրատիվ, և փորձում են ինչ-որ կերպով ցույց տալ, թե իբր ընդդիմադիր շարժումն ուղղված է ԵՏՄ անդամակցությունը տապալելուն: Առանձնապես մեծ հայտնագործություն կատարած չեմ լինի, եթե ասեմ, որ  ձեր նշած լրատվամիջոցները այդ ամենն անում են ոչ անհատույց կերպով: Սրանք Երևանի իշխանությունների, ավելի ճիշտ՝ քրեաօլիգարխիկ ուժային կառույցների ճիգերն են՝ Ռուսաստանի քաղաքական շրջանակներին ինչ-որ բան ասել, աչքներին թոզ փչել, թե իբր՝ «մենք պայքարում ենք, իսկ ընդդիմությունը ուզում է տապալել ԵՏՄ անդամակցության գործընթացը»:

Բայց այնուհանդերձ, Ռուսաստանի իշխանությունների շրջանում, ինչպես նշեցի, լավ են հասկանում, թե ինչ է կատարվում Հայաստանում:  Հայաստանի իշխանություններն, ըստ էության, պարտվում են ընդդիմության հետ պայքարում գոնե այն առումով, որ ուղերձ են հղում Ռուսաստանի իշխանություններին՝ «մենք ի վիճակի չենք դիմակայել ընդդիմության ճնշումներին»: Այսինքն, քրեաօլիգարխիկ համակարգը, որը մինչ օրս այլևայլ միջոցներով պայքարում էր ընդդիմության դեմ և նույնիսկ ինչ-ինչ հաջողություններ էր գրանցում, այսօր ընդունում է իր պարտությունը և Մոսկվայից ընդդիմության դեմ օգնություն է ակնկալում՝ «օգնեք ինձ, որովհետև սրանք ուզում են տապալել ԵՏՄ անդամակցության գործընթացը»:

Դատելով ռուսական մամուլի հրապարակումների շեշտադրումներից՝ արդյո՞ք իշխանոթյունների այդ գործելաոճը արդյունք չի տալիս, և արդյո՞ք Ռուսաստանում աղճատված տպավորություն չեն ստանում Հայաստանի հասարակության և իշխանության միջև պայքարի իրական բնույթի մասին:

Հստակ կարող եմ ասել, որ Ռուսաստանի իշխանությունների մոտ այս գործելաոճը քմծիծաղ է առաջացնում: Հարցն, իհարկե, այն չէ, որ Հայաստանում ընդհանրապես հակառուսական տրամադրություններ չկան: Հասկանալի է, որ Հայաստանում կան հակառուսական տրամադրություններ կրողներ: Խոսքը դասական արևմտյան արժեքներ կրողների մասին չէ, այլ հենց հակառուսականների, անգամ ռուսատյաց մարդկանց մասին է, որոնց գործունեությունը հովանավորվում է իշխանությունների, կոնկրետ՝ Բաղրամյան 26-ի կամ իշխանամերձ օլիգարխիկ շրջանակների կողմից:

Սակայն Ռուսաստանի իշխանությունները նման բաներին լուրջ չեն վերաբերվում: Եթե ուշադրություն դարձնեք, որևէ լուրջ մեկնաբանություն այդ ամենին չի տրվում: Շատ դեպքերում Ռուսաստանի վերին քաղաքական էշելոններում չեն էլ թաքցնում, որ համակրանքը քաղաքական ընդդիմության կողմն է, որի առանցքը ՀԱԿ-ԲՀԿ զույգն է: Իսկ Հայաստանի իշխանություններին այս փաստը հավասարակշռությունից հանում է:

Այսօրվա դրությամբ՝ ոչ միայն ներքին համակրանքն է ընդդիմության կողմը (այն, ինչ պաշտոնական հայտարարություններում, բնականաբար, չի ասվում), այլև Ռուսաստանի բարձրագույն իշխանությունները շատ լավ հասկանում են, որ այսօր Հայաստանում հասարակության ճնշող մեծամասնությունը ընդդիմությանն է աջակցում: Ռուսաստանյան իշխանություններին մոտ կանգնած որոշ փակ հետազոտական կենտրոնների ուսումնասիրությունների համաձայն՝ Հայաստանի բնակչության մոտ 86 տոկոսի համակրանքը  ՀԱԿ-ԲՀԿ առանցքի շուրջը միավորված քաղաքական դաշտի կողմն է: Այսինքն՝ Հայաստանի ժողովրդի տրամադրություններն այստեղ շատ լավ հայտնի են: Հայաստանի իշխանություններին տարբեր ֆորմատներով ասվել է նաև, որ կառավարման քրեաօլիգարխիկ մոդելով նրանք երկար չեն ձգի: Նկատի ունեմ այն մոդելը, որը որդեգրել է Հայաստանի իշխանությունը վերջին տարիներին՝ հենվել արտագաղթի և աղքատության վրա: Եթե հիշում եք, այս գործելաոճի մասին բացահայտ հայտարարեց նախկին վարչապետ Տիգրան Սարգյանը, և այսօր էլ նույնը շարունակվում է, երբ անընդհատ գովազդում են միգրացիոն կանոնների դյուրացումը:

Մյուս կողմից էլ, նրանք խրախուսում են աղքատությունը՝ նույնիսկ պաշտոնական տվյալներով աղքատության մակարդակը չի նվազում: Որպես դաշնակից՝ Մոսկվայի իշխանությունները Երևանի առաջ պարբերաբար բարձրացնում են այս հարցերը՝ զգուշացնելով, որ Հայաստանի բնակչության խնդիրները ավտոմատ կերպով Ռուսատանի վրա տեղափոխելու կամ Հայաստանի սոցիալական դժվարություններ ԵՏՄ անդամակցության հետ կապելու գործելաոճը հեռանկար չունի և տխուր ավարտ է խոստանում Հայաստանի իշխանություններին:  Ռուսաստանի իշխանությունները վերջիվերջո հարգելու են Հայաստանի ժողովրդի ընտրությունը և կանգնելու են մեծամասնության կողքին:

Այնուամենայնիվ, ընդդիմության ներսում ԵՏՄ անդամակցության և արտաքին քաղաքական կողմնորոշումների  վերաբերյալ որոշ անհամաձայնություն կա:

Եթե նկատի ունեք կոնկրետ հոկտեմբերի 10-ի հանրահավաքին Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթի որոշ դրվագները, ապա սա էլ պետք է նորմալ համարել: Ի վերջո, Րաֆֆին որևէ նոր բան չի ասել, նա ասել է այն, ինչ միշտ է  ասել, և զարմանալի կլիներ նրանից այլ բան լսել: Ուղղակի այստեղ հարցն այն է, որ այսօր ոչ լեգիտիմ իշխանություններից ազատվելու , արտագաղթի և աղքատության դեմն առնելու հարց է դրված, և բոլոր ուժերը սա շատ լավ գիտակցում են: Իհարկե, կարծիք կա, որ չհամաձայնեցված գործողությունները կամ ելույթները նույնպես իշխանությունների կողմից են կազմակերպվում, սակայն կարծում եմ՝ պետք է այդ կարծիքներին շատ ուշադրություն չդարձնել, որովհետև դա հենց այն կլիներ, ինչ ուզում են գործող իշխանությունները: