22.10.2014 10:55

Վլադիմիր Կարապետյան. ԵԱՏՄ ստվերն ու լույսը

Վլադիմիր Կարապետյան. ԵԱՏՄ ստվերն ու լույսը

Հոկտեմբերի 10-ին Սերժ Սարգսյանը ստորագրեց պայմանագիր, որով Հայաստանը միացավ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ): Սա նշանակալի իրադարձություն է Հայաստանի համար, որը կարող է կանխորոշել Հայաստանի տնտեսական համագործակցությունն ու հարաբերությունները մեր հիմնական արևտրային գործընկերների հետ: Այս հոդվածում չենք դիտարկելու ԵԱՏՄ բոլոր դրական և բացասական կողմերը՝ կանգ առնելով միայն պայմանագրի մի քանի առանցքային դրույթների վրա:

Արդյո՞ք պայմանագրի քաղաքական նշանակությունը չափազանցված չէ

Բնույթով տնտեսական այս պայմանագիրը, անշուշտ, կարող է ունենալ նաև քաղաքական նշանակություն, սակայն դրա բացասական հետևանքները վտանգ կներկայացնեն միայն թույլ իշխանության առկայության դեպքում՝ այնպիսի վարչակազմի, որն իր ոչ օրինակարգ բնույթից ելնելով՝ առանց դիմադրության համաձայնելու է իրեն ներկայացվող բոլոր պահանջներին: Այլ պայմաններում, հաշվի առնելով այն, որ բացի տնտեսական քաղաքականության համատեղելիությունից ու համադրելիությունից, պայմանագրում քաղաքական խնդիրներ ուղիղ չեն շոշափվում, ինքնիշխանության կորստի մասին հնչող հայտարարությունները ավելի քան չափազանցված են:

Հարկ ենք համարում հիշեցնել, որ մինչև այս տարվա գարունը պայմանագրի նախագիծը պարունակում էր բազմաթիվ քաղաքական տարրեր, ավելին՝ դեռևս տարվա սկզբին կազմակերպության նախնական անունն այլ էր՝ Եվրասիական Միություն: Գերազանցապես Ղազախստանի համառ պնդումներից հետո պայմանագրից դուրս մնացին բոլոր քաղաքական դրույթները, և այն ստորագրվեց նախնականից արմատապես տարբերվող բովանդակությամբ: ՌԴ, Ղազախստանի և Բելառուսի նախագահների կողմից մայիսին պայմանագիրը ստորագրվեց առանց նախկինում առկա այնպիսի դրույթների, որոնք նախատեսում էին սերտ համագործակցություն, մասնավորապես, միգրացիոն և սահմանների համատեղ պահպանման հարցերում՝ այն հիմնավորմամբ, որ դրանք չեն վերաբերում տնտեսական համագործակցությանը:

ԵԱՏՄ անդամակցում. արդյո՞ք դա աշխարհաքաղաքական կողմնորոշում է

Մեր համոզմամբ՝ միացումը պայմանագրին չի կարող աշխարհաքաղաքական կոմնորոշում լինել, որովհետև բացի տնտեսական տարրերից՝ պայմանագիրը չի անդրադառնում պետության գործունեությանը հիմնարար այլ ոլորտներում: Այս առումով նաև արհեստական են հաճախ բարձրաձայնվող այն մտահոգությունները, թե Հայաստանում կարող է տեղի ունենալ մարդու իրավունքների պաշտպանության, լրատվամիջոցների ազատությունների մակարդակի նվազում: Առանց այդ պայմանագրի էլ մենք բավականին վատ ցուցանիշներ ունենք այս ոլորտներում, սակայն դրա մեղավորը բացառապես Սերժ Սարգսյանի ավտորիտար իշխանությունն է: Հիշեցնեմ, որ Հայաստանը ամենաշատ քաղբանտարկյալներն ուներ հենց այն ժամանակահատվածում, երբ սկսվել էին բանակցությունները ԵՄ-ի հետ՝ Ասոցացման համաձայնագրի շուրջ, իսկ 2008-ի մարտին, տասը զոհերի և հարյուրավոր հրազենային վիրավորների առկայության պայմաններում, երբ նույնիսկ թերթերը, փաստորեն, դադարեցին գործել՝ ոչ մի եվրոպական կազմակերպություն որևէ պատժամիջոց չկիրառեց ՀՀ իշխանությունների նկատմամբ: Հակառակ նշվածի՝ կարելի է պնդել, որ անգամ ԵԱՏՄ անդամ լինելով՝ Հայաստանի օրինակարգ իշխանությունը չի ունենա որևէ դժվարություն՝ խթանելու հիմնարար ազատությունները, ազատականացնելու էլեկտրոնային լրատվամիջոցները, վերականգնելու քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում մրցակցությունը: Պայմանագրի և ոչ մի կետում չկա սահմանափակում այս հարցերի վերաբերյալ, և անկեղծ մտահոգությունները կարող են տեղին լինել միայն այն դեպքում, եթե դրանք առնչվում են Սերժ Սարգսյանի իշխանությանը: Պայմանագիրը չի կարող խոչընդոտ լինել, եթե պետության ղեկավարությունն ունի քաղաքական կամք՝ ինքնիշխան որոշումներ կայացնելու ճանապահով զարգացման ամենանպաստավոր ճանապարհով տանել Հայաստանը:

Ի՞նչ են ասում պայմանագրի քննադատները

Մինչև փաստաթղթի բոլոր՝ քիչ թե շատ նշանակալի դրույթները հանրությանը ներկայացնելը, անհրաժեշտ է անել մի քանի կարևոր արձանագրում: Արդեն ասվել է, որ պայմանագրի քննադատները խոսում են Հայաստանի՝ անկախության կորստի մասին, ինքնիշխան որոշումների կայացման անհնարինության վտանգների վերաբերյալ: Նման հայտարարություններ անելիս նրանք, ցավոք, չեն վկայակոչում պայմանագրի որևէ դրույթ կամ հոդված՝ սահմանափակվելով աշխարհաքաղաքական նախասիրությունների հիման վրա արված կանխագուշակումներով: Եզակի դեպքերից է, երբ պայմանագրի քննադատներից մեկը, հղում կատարելով պայմանագրի հոդվածներից մեկին, պնդել էր, թե այն վկայում է, որ Հայաստանը «հայտնվել է ստրուկի կարգավիճակում՝ չկարողանալով որոշումներ կայացնել սեփական ճակատագրի վերաբերյալ»: 

Սովորաբար, երբ փաստաթղթի մասին խոսում է փորձագետը, հասարակությունը դա արժանահավատ է համարում՝ հավատալով, որ դա հենց քաղաքական այլևայլ նկատառումներից ազատ և մասնագիտական գնահատական է: Մեր հասարակությունը դեռ սովոր չէ այն իրողությանը, որ Համալսարանի դասախոսն ու ԵՊՀ եվրոպական հետազոտությունների կենտրոնի ղեկավարն էլ կարող է խարդախություն անել և աղավաղել փաստերը: Հենց Արթուր Ղազինյանի նման իբր եվրոպամետի դիմակով հանդես եկող կեղծարարների և պատվեր կատարողների պատճառով է մեր հասարակությունը հիասթափվում եվրոպական, այն է՝ համամարդկային արժեքներից:

Փորձենք հասկանալ, թե ի՞նչ է ասվում պայմանագրում, և ինչ է նշանակում Ա. Ղազինյանի՝ մեջբերված հոդվածը:

Պայմանագիրը ստորագրած պետության՝ ԵԱՏՄ-ից դուրս գալը սահմանվում է պայմանագրի վերջին՝ 118 հոդվածով: Նրանում նշվում է, որ մասնակից պետությունը դուրս է գալիս պայմանագրից՝ այդ մասին պաշտոնական գրությունը դիվանագիտական խողովակներով պայմանագրի դեպոզիտարիա ուղղելուց մեկ տարի անց: Հոդվածի երկրորդ կետով ընդգծվում է, որ պայմանագրից դուրս եկող պետությունը պարտավոր է կարգավորել պայմանագրից բխող ֆինանսական պարտավորությունները: Դրանով դադարեցվում է պետության մասնակցությունը ԵԱՏՄ-ին:

Ա. Ղազինյանի վկայակոչած՝ 13-րդ կետը վերաբերում է պայմանագրից դուրս գալու ընթացակարգերին. «Միության անդամ պետության անդամակցության դադարեցման հետ կապված որոշումները Բարձր խորհրդի կողմից ընդունվում են «կոնսենսունս մինուս մեկ» սկզբունքով:» Խոսքը  անդամակցության դադարեցման 12-ամսյա ժամանակաշրջանի մասին է, երբ պետք է կարգավորվեն ֆինանսական պարտավորությունները, և բնական է, որ այդ ժամանակամիջոցում որոշումները պետք է ընդունվեն վերոբերյալ ընթացակարգով: Մնացած բոլոր որոշումները Բարձր խորհուրդը (պետությունների ղեկավարները) ընդունում է կոնսենսունսի հիման վրա:

Վստահ եմ, որ փորձագետին քաջ հայտնի են այս մանրամասները, սակայն ինչ-ինչ նպատակահարմարությունից ելնելով՝ նա, կարծում եմ, մեկնընդմիշտ կասկածի տակ դրեց իր անկախ փորձագետի/մասնագետի՝ մինչ այս բոլորի կողմից ընդունվող համբավը:

Ի՞նչ հնարավորություններ է ընձեռում ԵԱՏՄ -ն

Դառնալով պայմանագրի նշյալ հոդվածին՝ կցանկանայի ընդգծել, որ իրականում այն  շեշտադրում է պետության ինքնիշխանությունը՝ հնարավորություն ընձեռելով ժողովրդի աջակցությունը վայելող իշխանության համար կայացնել պետության շահերից բխող որոշում: Իսկ փաստաթղթի 13 հոդվածը երկրի նախագահին օժտում է վետոյի իրավունքով: Շատ հաճախ որոշում կայացնելու, վետո դնելու իրավունքը ավելի ազդեցիկ է, քան ինքը՝ որոշումը: Մեր երիտասարդ պետության պատմության մեջ կա նախադեպ, երբ երկրի նախագահը վետոյի իրավունքը օգտագործել է ԵԱՀԿ-ում:

պաշտպանելով Հայաստանի շահը: Ավելորդ է նշել, որ ԵԱՀԿ-ն շատ ավելի մեծ և ազդեցիկ կազմակերպություն է, քան ԵԱՏՄ-ն:

ԵԱՏՄ պայմանագիրը նախատեսում է անդամ պետությունների հավասար մասնակցությունը Հանձնաժողովի Կոլեգիայում, որը ԵԱՏՄ Հանձնաժողովի գործադիր կառույցն է, ինչպես նաև ԵԱՏՄ դատարանում, ինչը լիարժեք հնարավորություններ է ընձեռում պետության շահերի պատշաճ պաշտպանության համար: Այդ առումով Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնումը, կոռուպցիայի, հանցագործությունների և այլ ապօրինությունների մեջ թաղված այս իշխանություններից ձերբազատումը մեր բոլորիս օրակարգային առաջին հարցը պետք է լինի: Այն հնարավորություն կտա նոր՝ օրինակագ իշխանությանը՝ օգտվել այն բոլոր հնարավորություններից (իսկ դրանք կան), որոնք ընձեռում է ԵԱՏՄ-ն, ինչպես նաև ամենակարճ ժամկետներում վերականգնել Եվրոպական Միության հետ մեծապես վնասված հարաբերությունները:  

Հ.Գ. Այս հոդվածի շրջանակներից դուրս մնացին պայմանագրի տնտեսական բաղադրիչները, մաքսային դրույքաչափերը, որոնք կարող են խնդրահարույց լինել: Հարկ է նկատել, որ իշխանությունների գործողություններն այս հարցում թափանցիկ չեն, և կա մտավախություն, որ Հայաստանի շահերը մաքսային կարգավորումների հարցում անտեսվել են: Չխոսվեց նաև այն դրույթների մասին, որոնք առավել շահավետ են փոքր պետության համար՝ ընձեռելով արտահանման ներուժի բազմապատկման լայն հնարավորություններ: Ընդհանուր կանոններով կարգավորվող շուրջ 170 միլիոն բնակչությամբ շուկայի դռների առավել լայն բացումը Հայաստանի արտադրողների առջև՝ խելամիտ քայլերի դեպքում կարող է շատ շահավետ լինել ՀՀ տնտեսության համար: