23.10.2014 18:38

ԶԼՄ. Իրաքյան Քուրդիստանի առնվազն 1,5 հազար մարտիկներ կուղարկվեն Քոբանի

ԶԼՄ. Իրաքյան Քուրդիստանի առնվազն 1,5 հազար մարտիկներ կուղարկվեն Քոբանի

Թուրքիան կարող է մոտ ժամանակներս սկսել համակարգել իրաքյան քրդերի զինված կազմավորումների անցումը սիրիական Քոբանի: Ինչպես հինգշաբթի հաղորդել են թուրքական լրատվամիջոցները, մարտիկների առաջին խումբը սահմանն անցել է այս գիշեր:

Անկարան համաձայնել է անվտանգության միջանցք տրամադրել քրդերին թուրքական Սուրուչ քաղաքի մոտ, որից հարավ Քոբանին է: Անվտանգության նկատառումներով՝ մարտիկները կբաժանվեն փոքր խմբերի և հերթով կանցնեն սահմանը: Լրատվական գործակալությունների տվյալներով՝ միջանցքի անվտանգությունը կապահովի Թուրքիայի ՌՕՈՒ-ն:

Իրաքի Քուրդիստանի խորհրդարանը քրդական զինված կազմավորման՝ փեշմերգի ուղարկելու օգտին քվեարկել է չորեքշաբթի: Որոշում է կայացվել Սիրիա ուղարկել «Զերևանի» հատուկ ստորաբաժանման՝պրոֆեսիոնալ ուսուցում անցած մարդկանց: Այդ մարտիկները անցել են հակաահաբեկչական պատրաստություն, սովորել են մահափորձեր, նենգադուլներ կազմակերպել, նրանց մեջ կան պայթյունային տեխնիկայի մասնագետ սակրավորներ, նրանք գիտեն՝ ինչպես վարվել ծանր սպառազինության հետ:

Այնուհանդերձ, թուրքական կողմը քրդական կողմից պահանջել է Քոբանի ուղարկվողների լրիվ ցանկը: Թուրքերը մտավախություն ունեն, որ փեշմերգի կազմում կարող են լինել Քուրդիստանի բանվորական կուսակցության նախկին գրոհայիններ: 2004 թ. կուսակցությունում պառակտում էր տեղի ունեցել, և մոտավորապես 2 հազար գրոհայիններ հարել էին իրաքյան քրդերին՝ Մասուդ Բարզանիի և Ջալալ Թալաբանիի ղեկավարությամբ: Նրանցից շատերը հետագայում ծառայության էին անցել փեշմերգի հատուկ ստորաբաժանումներում: Փոխանցում է ТАСС-ը: