24.10.2014 17:56

Անդրանիկ Թևանյան. Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունից շահում է միայն Ադրբեջանը

Անդրանիկ Թևանյան. Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունից շահում է միայն Ադրբեջանը

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի տնօրեն և «7or.am» կայքի հիմնադիր Անդրանիկ Թևանյանի ելույթը Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ։

 Ես այս պայքարին միացել եմ որպես անկուսակցական։ Ես մեկն եմ այն քաղաքացիներից, ովքեր չեն ընդունում«ֆուտբոլային» դիվանագիտությունը, չեն ընդունում «նյուվասյուկիստական» բլեֆներով կառավարող կիսագրագետներին, չեն ընդունումաղքատության աճը, արտագաղթը, մեր երկրի հետընթացն ու խայտառակ պարտությունները բոլոր ոլորտներում, չեն ընդունում տնտեսության սաշիկացումը, չեն ընդունում, որ մենք 21–րդ դար ենք հասել, որպեսզի քաղաքական կազինոյում տանուլ տանք մեր ու մեր հաջորդ սերունդների ապագան։

Ես մեկն եմ Հայաստանի Հանրապետության այն միլիոնավոր քաղաքացիներից ու Սփյուռքի մեր հայրենակիցներից, ովքեր չեն համակերպվում այս վիճակի հետ և փոփոխություններ են ուզում։

88–ին մենք բռունցքվեցինք «Միացում» կարգախոսով։ Հանուն Ղարաբաղի ու Հայաստանի մղվող պայքարի կենտրոնն այն օրերին Ազատության հրապարակն էր, իսկ թշնամու հետ շփման գիծն անցնում էր հայ–ադրբեջանական ռազմական բախումների կետերով։

Մենք հաղթեցինք պատերազմում, բայց մսխեցինք այդ հաղթանակի արդյունքներն ու հիմա կանգնած ենք ճամփաբաժանի առաջ.

կա՛մ մենք վերջնականապես կհաղթենք Ադրբեջանին տնտեսական, արժեքային և պետականաստեղծ ճակատներում,

կա՛մ կփակենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը, ինչը որևէ պարագայում թույլ տալ չի կարելի։

Մենք դատապարտված ենք հաղթանակի, և այդ հաղթանակին պետք է մասնակցի յուրաքանչյուր քաղաքացի, որպեսզի հետո դողա այդ հաղթանակի համար, ու տեր կանգնի դրան։

Ես դիմում եմ նաև Ղարաբաղում ապրող մեր հայրենակիցներին։ Միացե՛ք այս պայքարին։ Սա մեր ընդհանո՛ւր գործն է։ Սա պատերազմի շարունակությունն է։ Եվ վերջապես, սա պատվի և արժանապատվության հարց է։ Ամոթ է հաղթել ռեսուրսներով գերազանցող թշնամուն ու պարտվել քաղաքացիական կյանքում։ Այնպիսի տպավորություն է, կարծես մենք կրակն ենք ընկել մեր հաղթանակի ձեռքը։

Ղարաբաղյան պատերազմի հաղթանակն անտեր է մնացել ապաշնորհ կառավարման, ընտրակեղծիքների, համատարած կոռուպցիայի, իշխանությունների ստեղծած գաղջ մթնոլորտի և աթոռամոլության պատճառով։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չարախնդում է։ Նրա խոսքերով՝ Հայաստանում չկա բարենպաստ բիզնես միջավայր` շնորհիվ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի, ինչի արդյունքում Հայաստանում ոչինչ չի զարգանում. կապիտալը «փախչում» է երկրից, իսկ աշխատատեղերի կրճատման արդյունքում կապիտալի հետ միասին՝ երկիրը լքում են նաև բնակիչները, և նման տենդենցի պահպանման արդյունքում Հայաստանը կդատարկվի մոտ ժամանակներս, և ուրեմն, իմաստ էլ չի լինի ռազմական գործողություններ սկսել այս պահին, այլ պետք է սպասել, մինչև Սերժ Սարգսյանի վարչակազմն ինքնուրույն կազմալուծի Հայաստանը:

Ցավով պետք է արձանագրել, որ Ալիևը ճիշտ է հաշվարկում։ Եթե Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանական նեղ թիմը պահպանի իր դիրքերը ու դեռ մի բան էլ տխրահռչակ սահմանադրական փոփոխությունների միջոցով վերարտադրման ծրագիրը կյանքի կոչի, ապա մենք կպարտվենք Ադրբեջանին։ Ու դրա մեղավորը միայն «Վերջի բոլշևիկն» ու իր մանկլավիկները չեն լինի։ Մեղավոր կլինենք նաև մենք, որ չկարողացանք փոխել մեր կյանքը և մրցունակ պետություն կառուցել։

Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունից շահում է միայն Ադրբեջանը։ Սա ոչ թե տեսակետ է, այլ փաստի արձանագրում։

Միայն թշնամին կցանկանա,

որ Հայաստանն իր ճակատագրին վերաբերող քննարկումների ժամանակ քնած վիճակում ներկայանա, և գիշերային որոշումներ կայացնի,

որ Հայաստանից վերջին վեց տարիների ընթացքում հեռանա շուրջ 250 հազար մարդ,

որ Հայաստանի տնտեսությունն անկման միջազգային ռեկորդ սահմանի,

որ Հայաստանում ներդրումները կտրուկ կրճատվեն,

որ Հայաստանում մարդկանցից ամեն գնով փող պոկեն, և ամեն օր թալանի նոր ձև մոգոնեն,

որ Հայաստանը «ֆուտբոլի գնդակի» դերում հայտնվի միջազգային ասպարեզում՝ կորցնելով իր հարգանքը Ռուսաստանում և վստահությունը՝ Արևմուտքում,

որ Հայաստանը դառնա իշխանավորների կողմից օֆշորային մեքենայության, «ատկատների» կիրառման, հարկային տեռորի և տոկոսի տակ մնացած քաղաքացիների հավաքատեղի,

որ Հայաստանը դառնա բիզնեսի համար դժոխքի վերածված տարածք,

որ Հայաստանը համաձայնի թուրքերի հետ սակարկել Հայոց ցեղասպանության հարցը,

որ Հայաստանն ադրբեջանցիների դիրքերը միջազգային ասպարեզում ուժեղացնի, այսպես կոչված, արևմտամետ և ռուսամետ քաղաքականությունների շնորհիվ։

Սերժ Սարգսյանն այդպես չի ուզել, բայց այդպես ստացվել է, քանզի ուրիշ բան չէր կարող լինել պաթոլոգիկ փողամոլության, իշխանատենչության, նեոբոլշևիկյան մտածելակերպի ու դիլետանտիզմի արդյունքում։ Այնպես որ, հույս ունենալ, որ սրանք ինչ–որ բարեշրջում կարող են անել, և մարդակենտրոն համակարգ ստեղծել, առնվազն քաղաքական անմեղսունակություն է։

Ինչ վերաբերում է մեր ընթացիկ գործերին, ապա պետք է հստակեցնել պայքարի թիրախը։ Եթե մենք չհաջողենք իշխանափոխության հարցում, ապա կհաղթի Ալիևը, և կպարտվի Հայաստանը։ Իսկ եթե մենք հաղթենք ներքաղաքական պայքարում, ապա Սերժ Սարգսյանը կգնա չվաստակած հանգստի, և կպարտվի Ադրբեջանը։

Հարգելի՛ հայրենակիցներ

Իշխանափոխությունը Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության ապահովման կարևորագույն նախապայմանն է։

Հիմա էլ, ինչպես 88–ին, մեր կարգախոսը պետք է լինի «Միացում»–ը։ Այդ կարգախոսով մենք հաղթել ենք ռազմի դաշտում, կհաղթենք նաև ներքաղաքական պայքարում և կգնանք ազգային–դեմոկրատական փոփոխությունների։

«Միացո՛ւմ». ահա այն կոդը, որը պետք է դառնա համաժողովրդական շարժման հաղթանակի գրավականը։

Շարժման կազմակերպիչները պետք է ծրագրեր ու քայլեր առաջարկեն։ Քաղաքացիներն էլ իրենց հերթին պետք է աջակցեն և վերահսկեն շարժման առաջնորդ քաղաքական ուժերին։

Այս առումով մեկ բան արժե հստակ ամրագրել՝ ինքնակազմակերպումը չպետք է շփոթել ինքնագործունեության հետ, դեմոկրատիան՝ օխլոկրատիայի, այսինքն՝ ամբոխավարության հետ, իսկ Սերժ Սարգսյանի վրա ճնշման ուժեղացումը՝ հախուռն գրոհի հետ։

Շարժումը կարող է հզորանալ, եթե դրան միանան քաղաքական նոր ուժեր, հանրության տարբեր շերտեր ու քաղաքացիական խմբեր։

Այս իշխանություններին պետք են մեծ ցնցումներ և նոր «Մարտի 1»–եր, քանզի այլ բանի վրա նրանք հույս դնել չեն կարող։

Իսկ մեզ պետք է մեծ հաղթանակ՝ Հզոր Հայաստան և Ղարաբաղ։

Սերժ Սարգսյանն ու իր շրջապատը գրեթե չունեն հենարան։ Նրանցից դժգոհ են 1 միլիոնի հասնող աղքատները, բիզնեսի բոլոր շերտերը, պարտադիր կուտակայինով ռեկետի ենթարկվող աշխատուժը, չինովնիկական դասը։ Ինչպես ՀՀԿ ղեկավարն էր խոստովանել, հանրության ավելի քան 80 տոկոսը դեմ է իրենց վարած քաղաքականությանը։

Նա այժմ իր իշխանությունը պահում է լիսկաների և իներցիայի շնորհիվ։ Եվ այն բանի շնորհիվ, որ համաժողովրդական շարժումը դեռ նոր է թափ հավաքում։

Ելնելով դրանից՝ մենք այս փուլում երկու խնդիր ունենք միասին լուծելու։ Երկու հարցի լուծում, որն արդեն զուտ մասնագիտական՝ քաղաքագիտական մոտեցում է պահանջում։ Ինչպե՞ս անել, որ այս իշխանությունները փոխվեն հնարավորինս արագ, և ինչպե՞ս անել, որ այդ փոփոխությունները լինեն անարյուն՝ առանց ցնցումների։

Ես համոզված եմ, որ ցնցումներից խուսափելու և փոփոխությունների հասնելու միակ տարբերակը համաժողովրդական մոբիլիզացիան է և այս անարդյունավետ իշխանություններին զուգահեռ իշխանության ձևավորումը։

Մենք պետք է պայքարի որակական ու քանակական կողմն այնքան ուժեղացնենք, որ Բաղրամյան 26–ում Չաուշեսկուի, Յանուկովիչի և մյուսների անփառունակ ճակատագիրն աչքերի առաջ ունենալով՝ ստիպված լինեն շարժման ճնշման տակ լքել իրենց սիրելի աթոռները։

Մենք պետք է կազմալուծենք այս փտած իշխանական բուրգը, խորացնենք դրա ճաքերը և, միևնույն ժամանակ, կամուրջներ ստեղծենք պետական կառավարման համակարգի առողջ հատվածի հետ՝ զուգահեռաբար հանրային լեգիտիմությամբ օժտված քաղաքական էլիտա ձևավորելով այս հրապարակում։

Դրա համար անհրաժեշտ է, որ շարժման ոգին մտնի ամեն մի գյուղ, ամեն մի քաղաք, ամեն մի տուն։

Բոլորը պետք է գիտակցեն, որ իշխանափոխությունն ընդհանուր գործի միջանկյալ օղակներից է։ Բուն պայքարը հանուն Հայաստանի է և ընդդեմ Ադրբեջանի, հանուն խաղաղության է և ընդդեմ պատերազմի։ Հանուն Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու է։

Եվ ուրեմն, Միացո՛ւմ։