24.10.2014 19:04

Րաֆֆի Հովհաննիսյան. Հայաստանում օրինական հեղափոխություն կլինի

Րաֆֆի Հովհաննիսյան. Հայաստանում օրինական հեղափոխություն կլինի

Եթե Ազատության հրապարակում տարաձայնություններ լինեն, ժողովուրդն իրավունք ունի եռյակից պահանջել` միասնություն պահպանել մինչև հաղթանակ: Այդ մասին հանրահավաքում հայտարարել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա քաղաքական ուժերին և ժողովրդին կոչ է արել խոսքից գործի անցնել: «Այսօր հենց դուք եք որոշում, թե ինչպես մենք գործենք, որ ուղղությամբ շարժվենք»,- ասել է Հովհաննիսյանը:

Նա ավելացրել է, որ երկրին անհրաժեշտ է հեղափոխություն` մտքի, հոգու հեղափոխություն: «Այդ հեղափոխությունը կլինի սահմանադրական, խաղաղ իրավական և օրինական»,- հայտարարել է քաղաքական գործիչը:

Խոսելով արտաքին քաղաքականության մասին` նա բողոք է հայտնել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցման դեմ: «Իմ խոսքերում չկա ռուսատեցություն, չկան արևմտամետ նպատակներ, կա միայն լեգիտիմ իշխանության պահանջ»,- հավաստիացրել է կուսակցության առաջնորդը:

Պետք է նշել, որ նրանից առաջ նույն ամբիոնից ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ Հայաստանը կարող է օգտագործել ԵԱՏՄ ընձեռած հնարավորությունները զարգացման համար:

Քաղաքական երկու առաջնորդների հայացքների նման հակասությունը, Հովհաննիսյանի կարծիքով, վկայում է ոչ թե պառակտման, այլ իրական բազմակարծության և ժողովրդավարության, սեփական դիրքորոշումն արտահայտելու ազատության մասին: