25.10.2014 11:06

Մազոխիստական սահմանադրություն. «ՉԻ»

Մազոխիստական սահմանադրություն. «ՉԻ»

«Իշխանափոխությունը վատ բան է, դուք երիտասարդ եք, չեք հասկանում, ցանկացած երկրի համար իշխանափոխությունը վատ բան է», դիմելով Բուզանդ և Եկմալյան փողոցների խաբված բնակիչներից մեկին՝ ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Չորրորդ իշխանությունը» այս կապակցությամբ գրում է. Փաստորեն ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է, որ Հայաստանի հետ առնվազն տասը տարին մի անգամ պիտի վատ բան տեղի ունենա: Ավելին՝ ամենայն մանրամասնությամբ նշված է, թե հատկապես ինչպես պիտի տեղի ունենա այդ վատ բանը: Ընդ որում՝ Սահմանադրության հեղինակներն ակնհայտորեն մազոխիստներ են եղել, որովհետև այնտեղ գրված է, որ այդ վատ բանը պիտի տեղի ունենա հենց ժողովրդի կամքով, այսինքն՝ մարդիկ պիտի իրենց ձեռքով իրենց փիս բան անեն: Հակառակ դեպքում միջազգային կառույցները կդիմեն պատժամիջոցների:

Բայց չկարծեք, թե միայն հայերն են մազոխիստ: Աշխարհի համարյա բոլոր երկրների սահմանադրություններն էլ պարտադրում են, որ ժամանակ առ ժամանակ այդ վատ բանը տեղի ունենա: Իսկ ահա բացարձակ միապետություններում իշխանափոխությունը տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ միապետը մահանում է: Այ դա իսկապես վատ բան է: Միապետի համար, իհարկե: