19.11.2012 14:00

Շիրակի մարզում ավելացել է աշխատանք փնտրող երիտասարդների թիվը

Շիրակի մարզում ավելացել է աշխատանք փնտրող երիտասարդների թիվը

Շիրակի մարզի Գյումրի, Մարալիկ եւ Արթիկ քաղաքներում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ իրականացվում է «Աջակցություն աշխատանք փնտրող երիտասարդներին» ծրագիրը: Այն իրականացվում է «Նոր սերունդ» հասարակական կազմակերպության կողմից: Ծրագրի շրջանակում բացի սեմինար-վարժանքներից, իրականացվում  են հանդիպում-քննարկումներ գործատուների եւ Տարածքային պետական զբաղվածության ծառայություն գործակալությունների ներկայացուցիչների հետ:

 Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ծրագրի համակարգող Ալվարդ Մինասյանը, ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնած երիտասարդների թիվը սպասվածից շատ է: «Մենք նախատեսել էինք յուրաքանչյուր խմբում ընդգրկել քսանական մասնակից, սակայն ծրագրի մասնակիցների թիվը հիմա յոթանասուն է: Ի դեպ, արդեն երկու գործատուներից առաջարկներ ենք ստացել, եւ եթե ծրագրի մասնակիցները ցանկության դեպքում կարող են ընդունել այդ առաջարկները: Հույս ունենք, որ աշխատանք առաջարկող գործատուների թիվը կավելանա, իսկ   ծրագրի մասնակիցներն արդեն իրենք ձեռք բերած հմտությունների շնորհիվ կկարողանան աշխատանք գտնել»,- նշեց Մինասյանը:

Ծրագրի շրջանակում իրականացվող սեմինար-վարժանքների ժամանակ երիտասարդներին ներկայացվում են այն թեմաները, որոնք անհրաժեշտ են աշխատանք փնտրելիս՝ այդ թվում, աշխատանքային էթիկա, ինչպես ներկայանալ գործատուին, ինչպես մշակել ինքնակենսագրական տեղեկանք եւ ինչպես փնտրել աշխատանք սոցիալական ցանցերում: