19.11.2012 15:01

Հարություն Մեսրոբյան. Ցանկացած քաղաքական ուժ աշխատում է այնպես անել, որ իր գինը բարձրանա

Հարություն Մեսրոբյան. Ցանկացած քաղաքական ուժ աշխատում է այնպես անել, որ իր գինը բարձրանա

Նախընտրական ոչ հստակ իրավիճակը և անորոշությունները գալիս են նրանից, որ մեզ մոտ չկա քաղաքական դաշտ՝ դասական իմաստով: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Հարություն Մեսրոբյանը՝ հավելելով, որ քաղաքական կուսակցությունները պետք է ասոցացվեն քաղաքականության հետ: 

«Որևէ կուսակցություն Հայաստանում քաղաքականության հետ, որպես կանոն, կապ չունի, գործ ունենք կոնյուկտուրայի հետ: «Հետաքրքիր» իրադարձությունները սկսվում են ընտրություններից առաջ, և սկսվում է պարզ առևտուր»,- ասաց Մեսրոբյանը: 

Ըստ նրա՝ ցանկացած քաղաքական ուժ, որքան մոտենում է ընտրության օրը, աշխատում է այնպես անել, որ իր գինը բարձրանա: Ինտրիգը, քաղաքագետի խոսքով, բերում է նրան, որ հասարակությունը մտածում է, թե այս կամ այն ուժն ինչ դիրքորոշում կունենա, ու դրանով իրենց գինը սկսում է բարձրանալ: 

«Այս կամ այն կուսակցության դիրքորոշումն ապագա Հայաստանի համար ոչ մի նշանակություն չունի: Ինձ մոտ տպավորություն է, որ չորս տարին մեկ մեզ մոտ օլիմպիական խաղեր են, օլիմպիական մրցախաղ է»,- նշեց Մեսրոբյանը: