19.11.2012 15:19

Երվանդ Բոզոյան. Նախընտրական այս վիճակը շատ չի տարբերվում մյուս նախընտրական իրավիճակներից

Երվանդ Բոզոյան. Նախընտրական այս վիճակը շատ չի տարբերվում մյուս նախընտրական իրավիճակներից

2013 թվականի նախագահական ընտրությունների նախընտրական այս վիճակը շատ չի տարբերվում մյուս նախընտրական իրավիճակներից, և ամեն ընտրություն ունի իր սպեցիֆիկ ինտրիգը: ilur.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին այսօր լրագրողների հեըտ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

«Բոլորը հասկանում են, որ «Բարգավաճ Հայաստանի» որոշումը կարող է բեկումնային լինել, դրանից կախված կլինի քաղաքական դասավորությունը: Դրա համար էլ բոլորը սպասում են՝ ինչ որոշում է կայացնելու ԲՀԿ-ն: Ցավոք, քաղաքական համակարգը Հայաստանում կայացած չէ, բոլորը կոնսոլիդացվում են անձերի շուրջ, և դա վկայում է այն մասին, որ քաղաքական համակարգում պետք է արմատական փոփոխություններ անել»,- ընդգծեց քաղաքագետը:

Բոզոյանի խոսքով՝ անձերն են որոշումներ կայացնում, և պետք է այդ անձերի դերը նվազի: Անդրադառնալով խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու վերաբերյալ քաղաքական ուժերի միջև ընթացող խորհրդակցություններին՝ Բոզոյանն ասաց, թե Հայաստանում կիսանախագահական համակարգը բերեց անձերի գործոնի մեծացմանը:

«Ես կարծում եմ, որ լավ կլինի՝ այդ գաղափարը լինի կոսնոլիդացված գաղափար, բայց դա քիչ է: Հայաստանը վայրի կապիտալիզմի մոդելով է զարգացել: Սոցիալական կառուցվածքի փոփոխութուն է պետք, որ հասարակությունը զգա, որ այդ փոփոխությունն իր համար շատ կարևոր է լինելու»,- եզրափակեց Բոզոյանը: