31.10.2014 14:58

Բուրկինա-Ֆասոյի նախագահը չեղյալ է հայտարարել արտակարգ դրությունը

Բուրկինա-Ֆասոյի նախագահը չեղյալ է հայտարարել արտակարգ դրությունը

Բուրկինա-Ֆասոյի նախագահը չեղյալ է հայտարարել երկրի մայրաքաղաք Ուագադուգույում  կառավարության դեմ կազմակերպած ցույցերի և անկարգությունների հետևանքով մտցված արտակարգ դրությունը: Ընդ որում, երկրի ղեկավարը հայտարարել է, որ չի պատրաստվում լքել իր պաշտոնը, մինչև ժողովրդավարական ճանապարհով չընտրվի նոր նախագահ: Հաղորդում է Agence France-Prsse-ը:
«Ես լսեցի ազդանշան: Ես բաց եմ անցումային շրջանի բանակցությունների համար, ինչից հետո իշխանությունը երկրում կփոխանցվի ժողովրդավարական ճանապարհով ընտրված նոր նախագահին»,- շեշտել է նա: Իսկ ահա, թե ե՞րբ է հնարավոր անցկացնել ընտրություններ, նախագահ Բլեզ Կոմպաորեն չճշտեց:
Կոմպաորեն հոկտեմբերի 30-ին հայտարարել էր կառավարության լուծարման մասին և մտցրել էր արտակարգ դրություն, ցուցարարներին, ըստ այդմ, կոչ անելով ցրվել և սկսել բանակցություններ վարել: Նույն օրը, Բուրկինա-Ֆասոյի զինված ուժերի հրամանատար գեներալ Օնորե Տրաորեն հայտարարել էր անցումային կառավարության ստեղծման մասին, որը կգործի մեկ տարուց ոչ ավել:
Այս որոշումներին նախորդել էին բողոքի զանգվածային ակցիաներ, որոնք սկսվել էին հոկտեմբերի 28-ին, իսկ հոկտեմբերի 30-ից՝ անկարգությունների էին վերաճել: Հարյուրավոր ցուցարարներ գրավել և հրկիզել էին երկրի խորհրդարանի շենքը Ուագադուգույում և հայտարարել էին «սև գարնան» սկզբի մասին: Ցուցարարները, նաև, զբաղեցրել էին պետական հեռուստատեսության շենքը և ժամանակավորապես դադարեցրել էին հեռարձակումը:
Բողոքի ակցիաները, Բուրկինա-Ֆասոյում, սկսվել էին ի նշան՝ Կոմպաորեի նախագահության ժամկետի երկարացման դեմ, որը իշխանության էր եկել 1987թ. ռազմական հեղաշրջման արդյունքում: