01.11.2014 10:25

Բուրկինա-Ֆասոյում փոխգնդապետ Իսաակ Զիդան զավթել է իշխանությունը

Բուրկինա-Ֆասոյում փոխգնդապետ Իսաակ Զիդան զավթել է իշխանությունը

Բուրկինա-Ֆասոյում իշխանությունը զավթել է փոխգնդապետ Իսաակ Զիդան, հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:

«Ես ստանձնել եմ երկրի ղեկավարի լիազորությունները եւ կոչ եմ անում Արեւմտյան Աֆրիկայի Տնտեսական Հանրությանն (ԱԱՏՀ) ու միջազգային հանրությանը նոր իշխանություններին ցուցաբերել իրենց ըմբռնումն ու աջակցությունը»,- Զիդայի  հայտարարությունն է փոխանցել տեղական ռադիոընկերություններից մեկը:

Հաղորդվում է, որ հայտարարության եթեր հեռարձակվելուց րոպեներ առաջ տեղացիները մայրաքաղաք Ուագադուգուի նախագահական նստավայրի մոտ կրակոցներ են լսել: Դա հիմք է տալիս կասկածելու, որ Զիդան եւ իր կողմնակիցները իշխանությունը բռնազավթել են ուժով:  

Հիշեցնենք, որ երկրի արդեն նախկին նախագահ Բլեզ Կամպաորեի՝ Սահմանադրությունը փոխելու մտադրությունը մայրաքաղաք Ուագադուգուում բողոքի ցույցերի պատճառ էր դարձել, որոնք հետագայում վերածվել են ոստիկանության հետ զանգվածային բախումների: Հինգշաբթի օրը Կամպաորեն շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին հրահանգել է ցրել կառավարությունը եւ երկրում արտակարգ դրություն մտցնել: Ուրբաթ արդեն, ընդդիմության ցույցերը վերսկսվել են, փողոց են դուրս եկել տասնյակ հազարավոր մարդիկ: Կամպաորեն՝ 27 տարվա կառավարումից հետո պաշտոնապես հայտարարել է իր հրաժարականի մասին՝ կոչ անելով 90 օրվա ընթացքում ընտրություններ անկացնել: