01.11.2014 10:48

Ուրիշ բացատրություն գտեք. «ՉԻ»

Ուրիշ բացատրություն գտեք. «ՉԻ»

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե ընդդիմության՝ իշխանափոխության պահանջը համարում է խոսքի ազատություն:

«Չորրորդ իշխանությունը» այս կապակցությամբ գրում է. Մարդ կա՝ իշխանափոխության պահանջը համարում է խոսքի ազատություն, մարդ կա՝ երեսին թքելը համարում է մթնոլորտային տեղում, մարդ կա՝ 35 տոկոս աղքատությունն ու սոված մարդկանց գոյությունը համարում է դիետա և այլն: Ամեն ինչ կախված է տվյալ մարդու՝ շրջակա միջավայրն ու երևույթներն ընկալելու կարողությունից: Բայց տարբերությունը մեծ է՝ հարյուր հազարավոր մարդիկ իշխանափոխություն են պահանջում, որովհետև երկրում խոսքի ազատությու՞ն կա,  թե՞ որովհետև վատ են ապրում և գիտակցում են, որ դա իշխանությունների մեղքով է: Վերջին հաշվով՝ աշխարհի հարյուրից ավելի երկրներում խոսքի ազատություն  կա, բայց բոլոր երկրներում չէ, որ տասնյակ հազարավոր մարդիկ փողոց են դուրս գալիս իշխանափոխության պահանջով:

Մի խոսքով՝ կարելի է իհարկե, ամեն ինչ բացատրել նաև խոսքի ազատությամբ ու անցնել առաջ, բայց հանկարծ այնպես չստացվի, որ հետագա իրադարձությունների արդյունքում իշխանություններն  անսպասելիորեն օգտվեն  տեղաշարժի ազատության իրավունքից: