03.09.2012 17:10

ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է Սաֆարովի արտահանձնմամբ եւ համաներմամբ

ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է Սաֆարովի արտահանձնմամբ եւ համաներմամբ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը այսօր վերջապես մեկնաբանություն է տարածել, որտեղ անդրադաձել է հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից նրան ներում շնորհելու փաստը: ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում տեղադրված մեկնաբանության համաձայն, Լուկաշեւիչը նշել է, որ ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր Ռուսաստանում խորը մտահոգությամբ են ընդունել առանձնակի դաժանությամբ հայ սպային սպանած եւ Հունգարիայում 2004 թվականից ցմահ դատապարտված ադրբեջանցի զինծառայող Սաֆարովին Բաքվում ներում շնորհելու տեղեկությունը եւ նրան Ադրբեջանի իշխանություններին արտահանձնելու Հունգարիայի քայլը: «Կարծում ենք, որ ադրբեջանական եւ, հավասարաչափ  նաեւ, հունգարական կողմի գործողությունները հակասում են ջանքերին, որոնք միջազգային մակարդակում եւ առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի շնորհիվ համաձայնեցվել են եւ ուղղվել տարածաշրջանի լարվածության թուլացմանը: Ակնկալում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ստեղծված իրավիճակին համապատասխան գնահատական կտան»,- նշված է Լուկաշեւիչի մեկնաբանության մեջ: