04.11.2014 20:37

Իրանը հերքել է ուրանի մի մասը Ռուսաստանին փոխանցելու մասին տեղեկատվությունը

Իրանը հերքել է ուրանի մի մասը Ռուսաստանին փոխանցելու մասին տեղեկատվությունը

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարզիե Աֆհամը հերքել է New York Times-ում հրապարակված այն տեղեկատվությունը, թե Թեհրանը նախնական համաձայնություն է տվել ուրանի իր պաշարների մի մասը Ռուսաստան ուղարկել՝ «Բուշերի» ԱԷԿ-ի համար միջուկային վառելիք արտադրելու նպատակով: Այս մասին երեքշաբթի հաղորդել է Fars News գործակալությունը:

Ավելի վաղ The New York Times-ը, հղում անելով անանուն աղբյուրների, տեղեկացրել է, թե դա կարող է տեղի ունենալ Արևմուտքի հետ Իրանի ավելի լայն համաձայնագիր կնքելու դեպքում:  Նման համաձայնագիրը «Թեհրանին չի զրկի միջուկային զենք ստեղծելու բոլոր հնարավորություններից», նշել է պարբերականը:

Մեկնաբանելով այս տեղեկատվությունը՝ Աֆհամն ընդգծել է, որ «դա արտասահմանյան ԶԼՄ-ների շահարկումների օրինակ է, որոնք, որպես կանոն, իրականացվում են հատուկ քաղաքական նպատակներով»: Նա The New York Times-ին մեղադրել է «Արևմուտքի հետ Իրանի բանակցությունների առկա քաղաքական մթնոլորտը» խախտելու փորձի մեջ, մանավանդ՝ «Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նոր ռաունդի նախաշեմին»: Փոխանցում է Trend-ը: