14.09.2012 20:32

Ոչ օրինակարգ իշխանությունը 2000 տարի առաջ և այսօր

 Ոչ օրինակարգ իշխանությունը 2000 տարի առաջ և այսօր

Պետականությունը ազգի գոյատևման և զարգացման առաջին երաշխիքն է։ Ազգերի արտաքին քաղաքական պատմության առանցքային խնդիրը եղել է պայքար անկախ պետականություն ունենալու կամ ունեցածը պահպանելու, հզորացնելու համար։

Պետականության ամրության առաջին երաշխիքը իշխանության օրինակարգությունն  (լեգիտիմությունն) է։ Ուստիև՝ ցանկացած ազգի պետականության շրջանի ներքաղաքական պատմության առանցքային խնդիրը եղել է իշխանության օրինակարգության պահպանումը։

Այս երկու անվիճելի բանաձևերից յուրաքանչյուրի խաթարումը ինչպես հազարավոր տարիներ առաջ, հիմա էլ համարվում է հավասարապես ազգակործան, պետական դավաճանության մակարդակի ծանրագույն հանցանք, անփոփոխելի սահմանադրական նորմ։

Անկախության մասին առաջին բանաձևն ավելի հանրահայտ է բազմաթիվ օրինակներով։ Ստորև ներկայացնենք իշխանության ոչ օրինակարգության մասին երկուհազարամյա հնության ուսանելի մի պատմություն՝ ավանդած Մովսես Խորենացու  կողմից՝ այսօրվա իրողությունների հետ դրսևորած զարմանալի զուգահեռներով։

Իշխանության մի բռնազավթում

Մահանում է Հայոց Սանատրուկ Արշակունի թագավորը։ Թագավորում է ոմն Երվանդ,- հաղորդում է Խորենացին, իսկ նրա ծագման և թագավոր դառնալու հանգամանքների մասին հաղորդում է հետևյալը. «Արշակունյաց տոհմից մի կին՝ խոշորամարմին, տգեղ ու վավաշոտ, որին ոչ ոք չհամարձակվեց կնության առնել, ապօրինի խառնակությամբ երկու երեխա է ունենում՝ Երվանդ և Երվազ: Այս Երվանդը մեծանալով դառնում է մի սրտոտ ու հաղթանդամ մարդ։ Սանատրուկը նրան բազմիցս վերակացուի և առաջնորդի պաշտոնների է նշանակում։ Այսպես Երվանդը դարձավ նշանավոր, նախարարների մեջ առաջինը, իսկ իր խոնարհությամբ ու առատաձեռնությամբ քաշեց, իր կողմը գրավեց բոլորին: և երբ Սանատրուկը մեռավ, բոլորը միաբանվելով նրան թագավորեցրին, բայց առանց Բագրատունի տոհմի թագադիրի»։

Թվում է, թե ամեն ինչ նորմալ է. մարդը իր առաքինությունների և շնորքի շնորհիվ  վաստակել է ժամանակի քաղաքական էլիտայի բարեհաճությունը ու նրանց համաձայնությամբ նստել թագավորական գահին։ Նորմալ կլիներ, եթե գործող կարգով, «սահմանադրությամբ», թագավորը ընտրովի լիներ։ Բայց այդպես չէր. գործող կարգով թագավորական իշխանությունը խստիվ ժառանգական էր։ Գահը պետք է անցներ մահացած թագավորի որդիներից մեկին։ Նույնիսկ դա բավարար չէր, լրացուցիչ երաշխիք էր սահմանված օրինակարգության համար. թագավորի օրինական ժառանգին էլ պետք է թագադրեր Բագրատունի իշխանը՝ ժամանակի յուրատեսակ «սահմանադրական դատարանը»։ Ուշադրություն դարձնենք բերված ցիտատին՝ բոլորը միաբանվելով թագավորեցնում են Երվանդին, բայց դրան չի մասնակցում Բագրատունի թագադիրը։ Տեղի էր ունեցել իշխանության բռնազավթում՝ ամենածանր հանցագործությունը, բոլորը դրա հետ համակերպվել են, բացի իշխանության օրինակարգության ապահովման համար պատասխանատու Բագրատունի իշխանից։

 Հանցագործի հոգեբանության թելադրանքով

Երվանդը շատ լավ հասկանում էր, որ իր իշխանությունը օրինակարգ  չէ, և որ ինքը գործել է ամենամեծ հանցանքը։ Ահա դրանից հետո, հանուն իշխանության պահպանման՝ նա պետք է գործեր ու գործում է նորանոր հանցանքներ։ Իր համար ամենամեծ վտանգը համարելով Սանատրուկի մանկահասակ որդիների՝ օրինական ժառանգների գոյությունը, Երվանդը նրանց բոլորին կոտորում է: Միայն Արտաշես անունով ծծկեր մի մանուկի է հաջողվում ազատել, որին ծծմայրը փախցնում է սարերը՝ հովիվների մոտ, և այդ մասին տեղյակ պահում թագադիր Բագրատունի Սմբատ իշխանին: Վերջինս ծպտված գալիս, գտնում է թագի օրինավոր ժառանգ երեխային, պահում սարերում, ապա փախցնում Պարսկաստան: Ապօրինի և բռնազավթիչ թագավոր Երվանդը հանգիստ չէր կարող լինել, քանի դեռ օրինական գահաժառանգը ողջ էր. «Նրա սիրտը լիքն էր կասկածանքով, և կորցրել էր հանգիստ քունը: Արթուն ժամանակ միշտ այս մասին մտածելով՝ քնի մեջ էլ սարսափելի երազներ էր տեսնում այդ առիթով: Ուստի պատգամախոսների ձեռքով, նվերների միջոցով աշխատում էր համոզել Պարսից թագավորին, որ նա մանուկ թագավորին իր ձեռքը տա»:

Պարսից թագավորը նրան կոպտորեն մերժում է: Այլ խոսքով ասած՝ որպես «միջազգային հանրության» մի մաս՝ հրաժարվում է ճանաչել Երվանդի իշխանությունը ոչ օրինակարգ լինելու պատճառով: Այդ ժամանակ Երվանդը, թագը պահելու համար, փորձում է հաճոյանալ ու ճանաչվել մյուս մեծ հարևանի՝ Հռոմեական կայսրության կողմից՝ կրկին դիմելով կաշառքի միջոցին: Նա Հռոմեական կայսրությանն է զիջում Հայկական Միջագետքը և խոստանում նրան մեծ հարկեր վճարել. “Այդ ժամանակից սկսած Միջագետքի վրայից վերացավ Հայոց իշխանությունը, և Հայաստանից էլ ավելի մեծ հարկեր էր վճարում Երվանդը”, - դառնությամբ գրում է Խորենացին:

Սեփական ժողովրդին հաճոյանալու համար էլ Երվանդը զբաղվում է ցուցադրական բուռն շինարարական գործունեությամբ. քաղաքներ է կառուցում, անտառներ հիմնում և այլն:

Իշխանագողի վերջը

Թագադիր Սմբատ Բագրատունու խնամքի տակ օրինական թագաժառանգ Արտաշեսը չափահաս է դառնում Պարսկաստանում, և միասին շարժվում են դեպի Հայաստան: Երվանդը սարսափած հավաքում է զորքերը՝ վարձու զորքեր խնդրելով նաև հարևաններից. «Վրաց և Կեսարիայի կողմերի զորքերը, նաև Միջագետքինը, խնդրելով ու վարձ վճարելով»: և, իհարկե, կրկին դիմում է կաշառքի ուժին. սակայն այս անգամ կաշառքը չի աշխատում։ Պատմահայրը տալիս է դրա հանճարեղ ու ճշգրիտ բացատրությունը. “Իսկ Երվանդն ավելի առատացնում է պարգևները և ամեն մեկին բաժանում իր գանձերը. և որքան շատ էր տալիս, այնքան ավելի ատելի էր դառնում, որովհետև բոլորը գիտեին, թե առատաձեռնությունից չէ, որ տալիս է, այլ երկյուղից է վատնում: և այնքան սիրելի չէր դարձնում նրանց, որոնց շատ էր տալիս, որքան թշնամի էր դարձնում նրանց, որոնց այդքան առատ չէր տալիս”:

Իսկ երբ օրինական թագաժառանգ Արտաշեսը Սմբատ Բագրատունու հետ հասնում է Հայաստանի սահմանները, նախ սահմանամերձ շրջանների, ապա նաև ամբողջ Հայաստանի նախարարներն անցնում են օրինական թագաժառանգի կողմը և լքում ապօրինի թագավոր Երվանդին: Վերջինիս լքում են նաև հռոմեական զորքերը: Երվանդը միայնակ՝ «ձիով շատ ասպարեզներ անցնելով և իր բանակից մինչև քաղաքը հաստատված իջևաններում նոր-նոր ձիեր հեծնելով, փախչում էր անընդհատ»: Երվանդը պատսպարվում է իր վերջին ամրոցում, սակայն նույնիսկ այստեղ մարդիկ լքում են նրան. «և երբ քաջերն սկսեցին ամրոցի դեմ կռվել, ամրոցի մարդիկ անձնատուր եղան և քաղաքի դուռը բացեցին: Զինվորներից մեկը մտնելով՝ վաղրով Երվանդի գլխին խփեց….»:

Ապօրինի թագավորը գտնում է իր արժանի վախճանը: Երկրում կրկին հաստատվում է օրինական իշխանություն, հաղթում է օրենքը, թագավորում է օրինական թագաժառանգ Արտաշեսը՝ թագադրվելով Բագրատունի նահապետի ձեռքով: Որպես օրինակարգ և օրինականությանը նախանձախնդիր թագավոր՝ նա անգամ ամենածանր հանցանք գործած իր հակառակորդի դեմ վարվում է արժանապատվորեն. «Բայց Արտաշեսը հիշելով, թե Երվանդը Արշակունյաց ցեղի խառնուրդ էր, հրամայում է թաղել և մահարձան դնել»:

*  *  *

Այս պատմությունը, պալատական միջավայրում ավանդաբար պատմվելով, մոտ 500 տարի հետո Խորենացուն հասած քաղաքական մի ավանդություն է։ Դրա նպատակը պետական իշխանության օրինակարգության (լեգիտիմության) կարևորությունը, անշրջանցելիությունը շեշտելն է, որպես այդպիսին՝ հայ քաղաքական մտքի մի բարձրակետի դրսևորում, պետականության զգացողության վկայություն՝ 2000 տարի առաջ, որից հետագայում նահանջել, ապա կորցրել, իսկ այսօր դեռ փորձում ենք վերականգնել: Պետական իշխանության օրինակարգության մասին գեղեցիկ այս պատմության հետ հետաքրքիր և ուսանելի զուգահեռներ են դրսևորում այսօրվա իրողությունները.

 

ա) Ապօրինի ճանապարհով իշխանության հասնելը օրենքով համարվել է ամենածանր հանցանք՝ անկախ այդ բանն անողի արժանիքներից և իրականացման ձևից: Երվանդը ամենաբարձր դիրքի էր հասել ոչ միայն իր ունակությունների, այև այն բանի շնորհիվ, որ նրան բարձր պաշտոնների էր նշանակել Սանատրուկ թագավորը։ Այդ դիրքը Սանատրուկի մահից հետո նա օգտագործեց ոչ թե իշխանության ժառանգականությունը և օրինակարգությունն ապահովելու, այլ ընդհակառակը, օգտվելով հարմար առիթից՝ իշխանությանը տիրելու համար։ Թեև բոլորի համաձայնությամբ, բայց նա դարձավ ոչ օրինակարգ թագավոր. խախտվել էր ժամանակի «սահմանադրությունը, ըստ որի՝ իշխանությունը պետք է անցներ թագավորի օրինական ժառանգին։

1998թ. ոչ միայն իրենց ունակությունների, այլև Հանրապետության Հիմնադիր-նախագահի կողմից պատասխանատու պաշտոններ ստանալու շնորհիվ բարձր դիրքերի հասած «հայտնի ուժերը», օգտվելով հարմար առիթից, Հայաստանում հեղաշրջում կատարեցին և սկիզբ դրին ոչ օրինակարգ իշխանության։ Երևութապես դա տեղի ունեցավ մեծ մասի համաձայնությամբ, սակայն կոպտորեն խախտվել էր Սահմանադրությունը. Նախագահ դարձած մարդը առաջադրվելու իրավունք չուներ։

           

բ) Իշխանության զավթման հանցանքը գործած մարդը, շատ լավ գիտակցելով իր կատարածի համար նախատեսված պատժի ահավորությունը, ունակ է դառնում նորանոր ծանրագույն հանցանքների։ Նա կարող է ընդհուպ ոճրագործությունների դիմել՝ իր երեկվա բարերարներից սկսած մինչև անմեղ մարդկանց արյուն հեղելով։ Երվանդը սպանել տվեց իր ամենամեծ բարերարի, իրեն վեր բարձրացրած Սանատրուկ թագավորի մանկահասակ որդիներին, որոնք մեծանալով՝ կարող էին օրենքի ուժով վիճարկել նրա իշխանությունը։

1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո  ինքն իրեն «դիտորդ» համարող Ռ. Քոչարյանը, ազատված քաղաքական էլիտայի՝ իր լիակատար իշխանությունը վիճարկող մասից, հաստատեց իր մենիշխանությունը։ Խաղաղ ցուցարարների՝ 2004-ի ապրիլի 12-ի ջարդից հետո չիրականացվեց վստահության հանրաքվե անցացնելու մասին սահմանադրական դատարանի որոշումը։ 2008-ի մարտիմեկյան սպանդի, պետական հեղաշրջման շնորհիվ Սերժ Սարգսյանը գրավեց իշխանությունը։ Առաջին դեպքում՝ ոչ օրինակարգ։ Երկրորդ և երրորդ դեպքերում հաշվեհարդար տեսնվեց իշխանությունը վիճարկող ժողովրդի հետ, որն այդ իշխանության իրական տերն է գործող Սահմանադրությամբ։

գ) Ոչ լեգիտիմ իշխանությունը միջազգային ասպարեզում երկիրը դարձնում է թույլ և խոցելի։ Իշխանությանն ապօրինի տիրացած անձը ստիպված է լինում իր իշխանությունը պահպանելու համար օտարներին կաշառել ի հաշիվ երկրի ազգային շահերի՝ լինի տարածքներով, լինի երկրի ինքնիշխանության սահմանափակմամբ: Սույն պատմության մեջ Պարսկաստանը (աշխարհի «երկու բևեռներից մեկը») սկզբունքայնություն ցուցաբերեց ու հրաժարվեց կաշառքից։ Այլ կերպ վարվեց Հռոմեական կայսրությունը (այն ժամանակվա «Արևմուտքը»)։ Նա ճանաչեց Երվանդի իշխանությունը՝ դրա դիմաց ստանալով Հայկական Միջագետքը։ Խորենացին ցավով է արձանագրում տարածքային այդ կորուստը, քանի որ մի քանի հարյուր տարի արդեն Հայաստանի միջազգայնորեն ճանաչված ու անսակարկելի սահմաններից սա առաջին կտորի կորուստն էր։

Մեր օրերում՝ «աշխարհի երկու բևեռներից» ոչ մեը չհրաժարվեց կաշառքից։ Ոչ օրինակարգ իշխանության պահպանման դիմաց Ռ. Քոչարյանը մեկին տվեց «գույք՝ պարտքի դեմաց», մյուսին հաճոյանալու համար պատրաստվում էր զիջել Մեղրին։ Ստորագրեց Ստամբուլի խարտիան՝ փակելով Ղարաբաղի իրական ինքնորոշման հնարավորությունը։ Նա և Սերժ Սարգսյանը իրենց ոչ օրինակարգ իշխանության դիմաց պարտադրված էին ընդունել ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքները, ուրանալ Հայոց ցեղասպանությունը։ Վերջես «Վիկիլիքսի» հրապարակած գաղտնի փաստաթղթերը հիանալի ցուցադրեցին հանուն իշխանության պահպանման ազգային շահի վաճառքի, աճուրդի խայտառակ այդ խոհանոցի այլանդակ մանրամասներ։

դ) Իշխանության միակ և ապահով հիմքը օրենքն է և օրինականությունը: Ոչ օրինակարգ իշխանության պայմաններում անխուսափելիորեն ծաղկում է կաշառակերությունը, և կոռուպցիան դառնում է համատարած: Ընդ որում՝ ամենամեծ կաշառատուն դառնում է հենց առաջին դեմքը՝ օրենքի վրա չհենվող իր իշխանության համար այլ հիմքեր ու մեխանիզմներ չունենալով: Երվանդը փորձեց կաշառել հարևան Պարսկաստանին, չստացվեց, բայց կարողացավ կաշառել Հռոմին։ Նա կաշառել էր բոլոր նախարարներին, ժողովրդին, ըստ էության, կաշառում էր ցուցադրական շինարարությամբ։

Կոռումպացվածության մակարդակով Հայաստանն ամեն տարի նոր նվաճումներ է ունենում։ Որ զանազան եվրոչինովնիկներ՝ վերջին դիտորդից սկսած մինչև բարձրաստիճանները, քոչարյանասերժական շրջանում այստեղից դատարկ ձեռքով չեն գնում՝ հազիվ թե որևէ մեկը կասկածում է։ Մենաշնորհները, ըստ էության, այլ բան չեն, քան այսօրվա օլիգարխ-«նախարարներին» տրված կաշառք։ Իսկ վերջին խորհրդարանական ընտրություններում Հայաստանում կաշառվեց 1 միլիոն մարդ՝ Գինեսի գրքում գրվելու արժանի ռեկորդ։

 

ե) Եթե հասարակության մեջ գտնվում են պետական մտածելակերպի տեր մարդիկ, որոնք ցանկացած զոհողության գնով պահպանում են այն, ինչով հնարավոր կլինի վերականգնել իշխանության օրինակարգությունը, ապա դեռ ամեն ինչ կորսված չէ: Խորենացու պատմության մեջ դա թագադիր Սմբատ Բագրատունին է։

Մեր իրականության մեջ դրանք այն քաղաքական ուժերն ու գործիչներն են և հասարակության այն մասը, որոնք երբեք գործարքի չգնացին ու չհաշտվեցին ոչ օրինակարգ իշխանության հետ։ Դրանք 2003-2004թթ. փողոց դուրս եկած զանգվածներն էին, դրանք 2008թ. փետրվարյան 10-օրյա նստացույցի ու մի քանի հարյուր հազարանոց հանրահավաքների մասնակիցներն էին, դրանք վերջին խորհրդարանական ընտրություններում չկաշառված առնվազն 107 հազար քաղաքացիներն են։

զ) Ոչ օրինակարգ թագավորն իշխանությունը պահելու համար չի խորշում ոչնչից։ Նա պատրաստ է անգամ օտար զորքեր վարձել սեփական ժողովրդի դեմ։ Երվանդը օրինական թագաժառանգի և իր դեմ ապստամբած սեփական ժողովրդի դեմ հրավիրում է հռոմեական և այլ զորքեր։

Ինչպես հայտնի է՝ 1998-ին, 2004-ին և 2008-ին, չվստահելով հայաստանյան իրավապահ մարմիններին, մի քանի հարյուրի հասնող զինված ջոկատ է բերվել Հայաստան Լեռնային Ղարաբաղից։

է) Ոչ օրինակարգ իշխանության պատճառած ոչ բոլոր վնասներն ու կորուստներն են վերականգնելի: Արտաշեսը հաստատվեց գահին, բայց այլևս ո՛չ նրա օրոք, ո՛չ էլ հետագայում երբևէ անհնար եղավ ետ բերել Հայկական Միջագետքը։

1998 թվականից ի վեր՝ անդառնալիորեն շատ բան ենք կորցրել Լեռնային Ղարաբաղի հարցում։ Արտագաղթի հետևանքով կորցրել ենք մեկ միլիոնի չափ մարդ։ Կորցրել ենք շատ կարևոր ժամանակ, հարևանների համեմատ եթե ոչ առաջանցիկ, ապա նրանց հետ գեթ հավասար զարգանալու հնարավորությունը։

 

Իսկ հիմա ավանդական այս պատմության ամենասկիզբն ու ամենավերջը, որոնք ցուցադրում են հայ հասարակական-քաղաքական մտքի վերաբերմունքը տվյալ երևույթին։ Ավանդությունը հակահերոսի համար ներկայացնում է խայտառակ սկիզբ և վախճան։ Ապագա իշխանագողը ծնվել է ոչ թե օրինական ամուսնությունից, այլ «ապօրինի խառնակությունից», այն էլ՝ մի «խոշորամարմին, տգեղ ու վավաշոտ» կնոջից։ Այսինքն թե՝ իշխանագողության ծանրագույն, սրբապիղծ հանցագործություն կատարողը միայն այդպիսի ծնունդ կարող է լինել։ Նույնը նաև նրա վախճանը։ Այդպիսի հանցանք գործած մարդը պետք է ունենա ամենախայտառակ ու անպատվաբեր վախճանը. նա պետք է մեռնի փախուստի մեջ՝ նույնիսկ ոչ թե իրեն հավասարի, այլ հասարակ մի զինվորի ձեռքով։ Երկուսն էլ, ըստ էության, գնահատականներ են։ Հասկանալով ոչ օրինակարգության կործանարարությունը՝ այսքան խիստ է գնահատել հայ հասարակական-քաղաքական միտքը իշխանագողությունը, իշխանության ոչ օրինակարգությունը 2000 տարի առաջ։
Մենք մոտեցել, բայց դեռ չենք հասել այդ մակարդակին։

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ