20.11.2012 00:39

Տիտո Վիլանովան եւ նրա՝ առանց պաշտպանության Բարսան

Տիտո Վիլանովան եւ նրա՝ առանց պաշտպանության Բարսան

Նոր՝ «Տիտոյի Բարսայի» մասին խոսելու ավելի ճիշտ և հարմար պահ դեռ կունենանք: Երբ թիմը հանդիպի լուրջ խնդիրների, անցնի մրցաշրջանի վճռական փուլին, որտեղ տեղի ունենալիքից էլ կարելի կլինի ավելի ամբողջական կարծիք կազմել Տիտոյի կատարած աշխատանքի մասին: Իսկ մինչ այդ, Տիտոյի և Պեպի թիմերի ցուցադրած ֆուտբոլի տարբերությունների մասին դեռևս լավագույն ձևակերպած միտքը հետևյալն է. «Տիտոն ֆուտբոլին մոտենում է ավելի շատ գիտական տեսանկյունից, իսկ Պեպը՝ փիլիսոփայական»:

Բայց արդեն հիմա կարելի է ուղղակի թվերի լեզվով մի փոքր անդրադառնալ այս՝ արդեն իսկ ռեկորդներ սահմանած թիմին: Որի գլխավոր թույլ կողմը, նույնիսկ հաշվի առնելով անցյալ մրցաշրջանի հետ համեմատ գրեթե ամբողջովին փոխված քառյակը, մնում է պաշտպանությունը:

Եվ այսպես, «Սարագոսա»-ի հետ խաղում սեփական դարպասն ընդունած գոլից հետո, թիմի բաց թողած գնդակների դիմաց գրանցվեց արդեն 15-րդը՝ 12 խաղում: Ստացվում է, որ այս մրցաշրջանի «Լա Լիգայում» Բարսան միջինը սեփական դարպասն է ընդունում 1.25 գնդակ, որը բացասական առումով գերազանցում է Պեպի Բարսայի ցուցանիշներին, երբ Վիկտոր Վալդեսը 4 անգամ անընդմեջ նվաճեց սեփական դարպասն ամենաքիչ գնդակ ընդունող դարպասապահին հանձնվող Սամորայի անվան մրցանակը:

Տիտոյի պաշտպանների հիմնականում տգետ սխալների արդյունքում Վալդեսի այս մրցաշրջանի ցուցանիշը նույնիսկ գերազանցում է 2000-ականների ամենավատ՝ Վան Գաալի կամ Անտիչի Բարսայի ցուցանիշներին:

Չնայած շարունակվող հաղթական շարքին, որը դադարեց միայն «Սելթիկի» «հակաֆուտբոլի» ժամանակ, պարզ է, որ Վիլանովան պետք է փորձի լուծել այս խնդիրը մինչև ՉԼ-ի «փլեյ-օֆֆ» փուլը, որտեղ արդեն շատ ավելի դժվար կլինի շրջել դժվար դասավորվող հանդիպումների ընթացքն ի օգուտ իրեն, ինչպես օրինակ` «Սևիլյայի» դեմ 2-0-ն: Այսպիսի հանդիպումների ընթացք օգոստոսից սկսաց գրանցվել է արդեն 6 անգամ, երբ հիմնականում Տիտոն, կտրուկ փոխելով թիմի տակտիկական դասավորվածությունը, հասնում էր ցանկալի արդյունքի: Մրցաշրջանի բոլոր 16 հանդիպումներում ընդամենը 3 անգամ է Վալդեսը դաշտից հեռացել առանց սեփական դարպասը գնդակ ընդունելու: Համեմատելու համար, նույն Պեպի՝ մարզչի պաշտոնում անցկացրած առաջին մրցաշրջանի առաջին 12 տուրից հետո, Բարսան կարողացել էր սեփական դարպասը անառիկ պահել 4 անգամ, հաջորդ 2009-2010-ին արդեն՝  6: Ինչ վերաբերում է «Պեպ թիմի» ռեկորդներին, ապա անցած խաղաշրջանում առաջին 12 տուրից հետո Բարսան սեփական դարպասն էր ընդունել 0 գնդակ: Ցուցանիշ որի մասին այժմ միայն կարելի է երազել:

Պարզ է, որ զրկվելով իր ֆիզիկապես հզոր խաղացողներից` Կեյտայից և Աբիդալից, ով դեռ կարող է վերադառնալ մեծ ֆուտբոլ, նման խնդիրները սպասելի էին թվում: Տիտո Վիլանովան հիմնական կենտրոնական պաշտպաններ Պույոլի և Պիկեի՝ վնասվածքներից ապաքինվելուց հետո, հուսով է, որ պաշտպանությունում խաղը մի փոքր կկայունանա: Խոսքը վերաբերում է հիմնականում երկրորդ հարկում ընթացող պայքարում մրցակիցներին զիջելուն:

Տիտոյի նշանակումից հետո շատերը վստահ էին, որ Բարսան գոնե այս անգամ ձեռք կբերի փորձառու կենտրոնական պաշտպան, բայց փոխարենը նոր մարզիչը նախընտրեց հավաքագրել Ալեքս Սոնգին, ով շատ ավելի ճկուն է և կարողանում է խաղալ կենտրոնական պաշտպանից մինչև կառուցող կիսապաշտպան:

Մարզիչն արդեն իսկ փորձում է այս խնդրի խորքային լուծումներ գտնել: Եվ «Լա Լիգայի» վերջին տուրում «Սարագոսայի» հետ «անվտանգ» խաղում գնդակը կարծես միտումնավոր բավականին երկար ժամանակ զիջեց մրցակցին, որպեսզի տեսնի սեփական պաշտպանների պատրաստվածությունն այս պահին: Սա ևս մեկ ապացույց է նրա, որ Տիտոն դեռևս իրեն դրսևորում է գիտական տեսանկյունից, և չի փորձում Պեպի նման նոր ֆուտբոլային փիլիսոփայություն ստեղծել: