20.11.2012 12:42

Պարզապես զուգադիպությու՞ն. Դատավորի որդին ու փոխնախարարի եղբայրը ՀԴՄ կտրոնով Hyundai Elantra է շահել

Պարզապես զուգադիպությու՞ն. Դատավորի որդին ու փոխնախարարի եղբայրը ՀԴՄ կտրոնով Hyundai Elantra է շահել

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարիբեկ Արամյանը և իր երկու որդիները` Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանն ու Հայկ Արամյանը, թեև հարուստների ցուցակի առաջին տեղերը չեն զբաղեցնում, սակայն համեստ եկամուտներ էլ չունեն: 

Ուսումնասիրելով դատավորի 2011թ. գույքի ու եկամուտների հայտարարագրերը, պարզվեց, որ նա նույն թվականին ստացել է 6 մլն 25 հազար 27 դրամ: Նրա հաշվին տարեսկզբին եղել է 5 մլն 400 հազար դրամ, իսկ տարեվերջին դրամական միջոցներն ավելացել է` հասնելով 6 մլն 100 հազար դրամի:

Սարիբեկ Արամյանի կինը` Մարիետա Բրուտյանը, մեկ տարվա ընթացքում որևէ եկամուտ չի ունեցել, սակայն նրա հաշվին տարեսկզբին եղել է 3 հազար 200 դոլար, տարեվերջին` 3 հազար 550 դոլար:

Դատավորի որդիներից` Հայկ Արամյանը, 2011-ին հայտարարագրել է 1 մլն 692 հազար դրամի եկամուտ, որը նրա երկու տարբեր աշխատավարձերի համագումարն է: Բացի այդ, որպես եկամուտ նշված է նաև «բնամթերքով շահում»` 6 մլն 200 հազար դրամ: Սարիբեկ Արամյանի օգնականը «Հետքի» հետ զրույցում տեղեկացրեց, որ բնամթերքով շահումը 2011թ.-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ՀԴՄ կտրոններով շահած ավտոմեքենան է` Hyundai Elantra մակնիշի: Հետաքրքիր է, որ ՀԴՄ-ով ավտոմեքենա շահել է հենց ֆինանսների փոխնախարարի եղբայրը:

Ինչ վերաբերում է դատավոր Արամյանի մյուս որդուն` ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանին, նա 2011թ. ստացել է 10 մլն 735 հազար դրամի եկամուտ, որը աշխատավարձն է ու դրան հավասարեցված այլ վճարումները: Նա 8 հազար 640 եվրոյի եկամուտ էլ ստացել է ինչ-որ խորհրդի անդամության դիմաց:

Վարդան Արամյանն իր հաշվին ունեցել է 24 մլն 250 հազար դրամ (տարեսկզբին եղել է 18 մլն 450 հազար դրամ), ինչպես նաև 10 հազար եվրո:

Փոխնախարարի կինը` Իզաբելլա Հովհաննիսյանը, հայտարարագրել է 2 մլն 49 հազար 283 դրամ, որից 1 մլն 899 հազար 283 դրամը, ինչպես նաև 2 հազար 600 եվրոն աշխատավարձն է, իսկ մնացածը, ինչպես նաև 1000 դոլարը, ներդրված ավանդի տոկոսագումարն է:

Բացի այդ, Իզաբելլա Հովհաննիսյանը 2011-ին ունեցել է 32 հազար դոլար (տարեսկզբին` 31 հազար), ինչպես նաև 8000 եվրո (տարեսկզբին` 6000):

 

Աղնյուրը՝ hetq.am