12.11.2014 16:01

Եռյակը պատրաստվում է Համաժողովրդական շարժման Կենտրոնական շտաբ և քաղխորհուրդ կազմավորել

Եռյակը պատրաստվում է Համաժողովրդական շարժման Կենտրոնական շտաբ և քաղխորհուրդ կազմավորել

Ազգային ժողովում այսօր կայացած Եռյակի հերթական նիստում քննարկվել են Համաժողովրդական շարժման քաղխորհրդի և Կենտրոնական շտաբի, ինչպես նաև՝ մարզային գրասենյակների ստեղծման սկզբունքների և կանոնադրական հիմունքների վերաբերող հարցեր: Նիստի ավարտից հետո «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը լրագրողներին ասաց, որ Եռյակի կուսակցությունները քննարկվող հարցերի վերաբերյալ եկել են որոշակի համաձայնության, որը մոտակա օրերին կներկայացվի կուսակցությունների հաստատմանը:

Ռուբիկ Հակոբյանը տեղեկացրեց նաև, որ նիստում քննարկվել է Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ կրկին քննության առնել ընդդիմության ներկայացրած 12 կետերը և յուրաքանչյուր հարցի լուծման «ճանապարհային քարտեզներ» մշակել:

Պատգամավորը նշեց, որ 12 կետերի թվում կան կետեր, որոնք կարելի է կատարել առանց որևէ ճանապարհային քարտեզների մշակման և ֆինանսական ներդրումների: Մասնավորապես՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություն մտցնելու վերաբերյալ 10-րդ կետը, որը ենթադրում է անցում 100 տոկոս համամասնական ընտրակարգի և ընտրություններին մասնակցած անձանց մասին տեղեկությունների հրապարակում:

«Եթե սա (Սերժ Սարգսյանի ուղերձը-խմբ.) հերթական իմիտացիան չէ, իշխանությունները կարող են ընդունել ԸՕ փոփոխությունների մասին մեր նախագիծը, որն արժանացել է Վենետիկի հանձնաժողովի համաձայնությանը», - նշեց Հակոբյանը՝ վստահություն հայտնելով, որ նախաձեռնությանը կմիանան ԱԺ բոլոր խմբակցությունները:

Ընդ որում, ըստ պատգամավորի՝ այս առաջարկն ամենևին չի նշանակում, որ Եռյակը պատրաստ է իշխանությունների հետ բանակցությունների գնալ կամ հրաժարվել Համաժողովրդական շարժման օրակարգից, այն է՝ ամբողջական իշխանափոխությունից:

Հակոբյանը նշեց նաև, որ Եռյակը շարունակում է քննարկել մասսայական միջոցառումների՝ հանրահավաքների կազմակերպման ժամանակացույցը և օրակարգը: