12.11.2014 17:38

Փչացում առանց սահմանների

Փչացում առանց սահմանների

Ինչպես հայտնի է՝ շատերի համար՝ սպասելիորեն, իսկ ոմանց համար՝ անակնկալ կերպով, նոյեմբերի 10-ի երեկոյան Սերժ Սարգսյանը մի փոքրիկ հարցազրույց տվեց և անդրադարձավ ընդդիմադիր ուժերի ներկայացրած 12 կետանոց պահանջներին, որոնց վերաբերյալ, հիշեցնենք, կառավարությունը արդեն ներկայացրել էր իր տեսակետները՝ ըստ էության մերժելով դրանք: Եւ ահա, Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե ինքը առաջարկել է կառավարությանը, «որպեսզի նորից անդրադառնան այդ փաստաթղթին, կետ առ կետ քննարկեն այդ փաստաթուղթը և նշեն կոնկրետ այն գործընթացները, որոնցով իրականացնելու են այդ կետերը»: «Առաջին կետի մասին կունենանք փոքրիկ ճանապարհային քարտեզ, կունենանք ժամկետներ, անցնեն երկրորդին, անցնեն երրորդին..: …միգուցե, նոր հայացքով կարող է նայել այս ողջ փաթեթին»,- ասել էր Սարգսյանը:

Մեկ օր անց, սակայն, Հովիկ Աբրահամյանը պարզաբանում տվեց լրագրողներին՝ հայտարարելով, թե «12 կետերը վերանայելու մասին խոսք չի եղել»: Նա ասել է, թե  անհրաժեշտության դեպքում ընդամենը կարող են մանրակրկիտ բացատրություններ տալ։ «Վերանայելու մասին խոսք չի եղել, մենք մանրակրկիտ գրավոր պատասխանել ենք 12 կետերին և պատրաստակամություն ենք հայտնել ևս քննարկելու, եթե կլինի անհրաժեշտություն ավելի մանրակրկիտ բացատրություն տալու»,- ասել էր նա։ 

Սակայն, դրանից ընդամենը ժամեր անց պարզաբանմամբ հանդես եկավ Աբրահամյանի մամլո խոսնակը, ով, ըստ էության, կրկնեց Սերժ Սարգսյանի խոսքերը՝ միաժամանակ վատ վիճակում դնելով նաև Հովիկ Աբրահամյանին, քանի որ ստացվում էր, որ խոսնակը հերքում է իր իսկ ղեկավարի խոսքերը:

Ի տարբերություն Աբրահամյանի՝ նրա խոսնակը հայտարարեց, թե «Հովիկ Աբրահամյանը, հետևելով Սերժ Սարգսյանի հրահանգին, պատրաստվում է կրկին անդրադառնալ ընդդիմության ներկայացրած 12 կետանոց պահանջներին՝ հարց առ հարց քննարկում ծավալել»:

«Կառավարությունը պատրաստ է առաջ գնալ այդ ճանապարհով, այսինքն՝ վերցնել առաջ քաշված թեման, քննարկել մինչև վերջ, հասնել եզրակացությունների, նախանշել կատարվելիք քայլերն ու անցնել հաջորդ հարցին: Ազգային ժողովում այս օրերին ընթացող բյուջետային քննարկումներից հետո շաբաթվա վերջին վարչապետը պատրաստվում է առաջարկել քաղաքական ուժերին համապատասխան ձևաչափով սկսել քննարկումները առաջին հարցի շուրջ, գալ եզրակացությունների, հանրությանը ներկայացնել համատեղ աշխատանքի արդյունքները և շարժվել առաջ: Այս առնչությամբ լրատվամիջոցներին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք պատշաճ և ժամանակին»,- ասել էր Աբրահամյանի խոսնակը:

Ինչ է ստացվում. Սերժ Սարգսյանը ասում է մի բան, որը, ի դեպ, ուղղակիորեն առնչվում է նաև Հովիկ Աբրահամյանին, հետո վերջինս, ըստ էության, հերքում է Սարգսյանին, իսկ հետո խոսում է Աբրահամյանի խոսնակը՝ իր հերթին հերքելով նրա խոսքերը և երկրորդելով Սերժ Սարգսյանին: Փաստորեն, մի քիչ լավ բան չստացվեց Հովիկ Աբրահամյանի համար: Ի՞նչն է խնդիրը: Խնդիրը շատ պարզ է: Իր իսկ իշխանությունը երկարաձգելու և քաղաքական ինչ-ինչ նպատակներ հետապնդելով՝ Սարգսյանը որոշում է հանկարծ նորից հրահանգել Աբրահամյանին՝ նորից անդրադառնալ 12 կետերին, հետո, չգիտես ինչու, Աբրահամյանը պնդում է՝ նորից անդրադառնալու խնդիր չկա, ու ապա նախագահականը ակնհայտորեն ու հրապարակավ փչացնում է Աբրահամյանին՝ նրա փոխարեն հայտարարություն տարածելով վերջինիս խոսնակի միջոցով: Այն, որ նախագահականը՝ Բ26-ը, իր քաղաքական խաղն է խաղում, պարզից էլ պարզ է: Բայց և պարզ է, որ Բ26-ը այդ խաղում չի խնայում անգամ սեփական ճամբարակիցներին և անգամ նրանց է փչացնում: Թե կոնկրետ ի՞նչ նպատակով է Բ26-ը փչացնում Աբրահամյանին, դա էլ առանձին հարց է: Հնարավոր է՝ Աբրահամյանին ուղղակի տեղյակ չեն պահել, որ կուրսը փոխվել է, և այժմ նա պետք է վերանայի 12 կետերի հարցը, և թույլ են տվել, որ նա նախկին կուրսին համապատասխան հայտարարություն անի, որից հետո նրա իսկ ենթական նրան պետք է հրապարակայնորեն ներկայացնի նոր կուրսը: Հնարավոր է նաև՝ Սարգսյանի շրջապատում խմորումներ ու տարաձայնություններ կան, և Սարգսյանը, Աբրահամյանի ենթակայի հայտարարությունը հրապարակայնացնելով՝ որոշել է վերջինիս հիշեցնել, թե ով է իրենց ճամբարում կուրսը որոշողը, և հետևաբար՝ ինքնագործունեությունն անտեղի է:

Ընդ որում, այստեղ չենք էլ քննարկում այն հարցը, թե արդյո՞ք Սարգսյանի վերանայելը ենթադրում է պահանջների կատարում: Շատ հավանական է, որ ոչ: Այդպիսին է Սարգսյանի «խասյաթը»: Պարզ է, որ Սարգսյանը ցանկանում է ժամանակ ձգել ու այդ ընթացքում իր իսկ քաղաքական հարցերը լուծել՝ քաղաքական հավասարակշռության նժարն իր կողմը թեքելու համար: Խնդիրն այն է, որ եթե անգամ խաղը առերևույթ է, այդ խաղում անգամ  Աբրահամյանին փորձում են ամեն դեպքում փչացնել: Հարցն այն է միայն, թե ինքը՝ Աբրահամյանն ինչո՞ւ է համաձայնել այդ կանոններին ու ինչո՞ւ է թույլ տալիս, որ իրեն այդքան հեշտորեն փչացնեն:

Պարգև Ապրեսյան