13.11.2014 17:21

Սմբատ Կարախանյան. Ժողովրդի բացարձակ մեծամասնությունը պատրաստ է գնալ իշխանափոխության

Սմբատ Կարախանյան. Ժողովրդի բացարձակ մեծամասնությունը պատրաստ է գնալ իշխանափոխության

iLur.amզրուցակիցն է Մոսկվայի Հայ ազգային ակումբի նախագահ, «Միաբանություն» վերլուծական կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանը

-Պարոն Կարախանյան, Եռյակի հոկտեմբերի 24-ի հանրահավաքի հաջորդ օրը Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը հայտարարեց, որ, ըստ էության, ընդդիմության գործողությունները չեն ազդի դաշնակիցների հետ Հայաստանի հարաբերությունների վրա: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:

-Եկեք իրավիճակին նայենք սառը հայացքով՝ փորձելով ներկայացնել Ռուսաստանի իշխանությունների դիրքորոշումները: Հայաստանի իշխանությունները, պարզ է, որ տապալվել են իրենց գործողություններում՝ աղքատության աճ, աշխարհաքաղաքական անտաղանդ, անհեռատես քաղաքականություն եւ այլն: Այս առումով Հայաստանի իշխանությունները ներքաղաքական պայքարը հասկանում են կեղտոտ տեխնոլոգիաների կիրառմամբ միայն:  Այսինքն՝ իրենք քաղաքական ընդդիմախոսներին վնասելու համար Ռուսաստանում ասում են, իբր՝ նրանք Ռուսաստանին են դեմ, Արեւմուտքին ասում են՝ սրանք ձեր դեմ են՝ միաժամանակ փորձելով վարկաբեկել ընդդիմության առաջնորդներին: Այս պարզունակ տեխնոլոգիաները, եթե նախկինում կարող էին ինչ-որ արդյունք տալ, այսօր արդեն, ըստ էության, վերածվել են զավեշտի եւ լուրջ չեն ընդունվում, մասնավորապես, Ռուսաստանի իշխանությունների կողմից:  Մի շարք վերլուծաբաններ, այդ թվում՝ ես, արդեն ասել ենք, որ Ռուսաստանի իշխանությունները չեն էլ փորձում թաքցնել իրենց համակրանքը Հայաստանի ընդդիմության նկատմամբ, եւ եթե ուղղակիորեն չեն պաշտպանում, այնուհանդերձ՝ հաշվի են առնում, որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը ընդդիմության կողմն է: Բայց այս հարցն անընդհատ շահարկվում էր, դրա համար էլ Ռուսաստանի իշխանություններն արդեն դեսպանի բերանով արեցին ձեր նշած հայտարարությունը՝ այդ շահարկումներին վերջ դնելու նպատակով: Այսինքն, այստեղ տեսանք Հայաստանի իշխանությունների քաղաքականության ֆիասկոն, որով փորձում էին ցույց տալ, թե իբր ընդդիմադիր շարժումը արտաքին կողմնորոշման հարց է լուծում: Ռուսաստանի դեսպանը, որն արտահայտում է պաշտոնական Կրեմլի դիրքորոշումը, հստակ ցույց տվեց, որ որեւէ խնդիր չունի հայաստանյան ընդդիմության հետ: Եթե դեսպանի ասածի կոնտեքստին ուշադիր նայենք, դա նշանակում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր, ըստ էության, Հայաստանի բնակչության մեծամասնության կամքն արտահայտում է ընդդիմությունը, այն կստանա Մոսկվայի լռակյաց կամ գործուն աջակցությունը: Դեսպանը հստակորեն արտահայտեց Կրեմլի պաշտոնական դիրքորոշումը եւ դրանով փակեց շահարկումների շղթան:

-Միեւնույն ժամանակ, ռուսաստանցի քաղաքագետ Վադիմ Դուբնովն օրերս հայկական կայքերից մեկին տված հարցազրույցում հայտարարեց, թե իբր Մոսկվայում Գագիկ Ծառուկյանին խորհուրդ են տվել «հեռու մնալ Լեւոն Տեր-Պետրոսյանից»: Որքա՞նով է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը, եւ, ընդհանրապես, ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:

-Սա իմ ասած իշխանական քարոզչության շղթայի մի օղակն է՝ բացարձակ անհեթեթություն: Ես Դուբնովին վատաբանելու մտադրություն չունեմ՝ ամեն մարդ իր տեսակետը կարող է արտահայտել: Այնուհանդերձ, Վադիմ Դուբնովը ոչ ՌԴ դեսպան է, ոչ էլ այն ստատուսն ունի, որը նրան թույլ կտար պաշտոնական տեսակետ արտահայտել: Սա ակնհայտ պատվիրված անհեթեթություն է՝ Հայաստանի իշխանությունների ջղաձգումների օրինակ: Այս ամենը նախագծվում է Բաղրամյան 26-ում, պատվիրվում է, տրվում են ինչ-ինչ «ինստրուկցիաներ»: Հասկանալի է, սա արվում է Հայաստանի ներքին օգտագործման համար, որը նպատակ ունի ժողովրդին հիասթափեցնել եւ հետ պահել Համաժողովրդական շարժման ալիքից: Ինչ վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ նրան շատ լավ ճանաչում են Կրեմլի առաջին դեմքերը եւ հարգում են նրան: Տեր-Պետրոսյանը, որպես ՀՀ հիմնադիր նախագահ, որպես խոշոր քաղաքական ֆիգուր, իր հստակ տեղն ունի քաղաքական թատերաբեմում, ոչ միայն Հայաստանի, այլեւ ընդհանրապես նորագույն պատմության մեջ: Եթե ուշադրություն դարձնեք, Տեր-Պետրոսյանի հասցեին Ռուսաստանի նախկին եւ ներկա իշխանավորները, բացի հարգալից արտահայտություններից, երբեւէ այլ վերաբերմունք չեն հնչեցրել: Տեր-Պետրոսյանը ունեցել է եւ ունի իր հստակ քաղաքական գիծը, եւ նման ծիծաղաշարժ  մեկնաբանություններին, ինչպիսին ձեր նշածն է, չարժե լուրջ վերաբերվել: Այս գործելաոճը, երբ խնդրում են այս կամ այն հայտնի մարդուց ընդդիմության լիդերների, Լեւոն Տեր-Պետրոսյանի, Գագիկ Ծառուկյանի կամ այլոց հասցեին վարկաբեկող հայտարարություններ անել, վաղուց հայտնի է: Սա լավագույնս բնութագրում է պատվիրատուների մտածողության մակարդակը:  Հենց դրա համար է, որ այդ մարդիկ, այսքան ժամանակ զբաղեցնելով բարձր պաշտոններ, լինելով իշխանության գլխին, այդպես էլ չկարողացան դառնալ լուրջ քաղաքական գործիչներ: Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ նաեւ այդ է պատճառը, որ սահմանին այդքան զոհեր ենք տալիս: Որովհետեւ այդ մարդիկ անվտանգության, պաշտպանության, տնտեսական հարցերով զբաղվելու փոխարեն՝ առաջնորդվում են անձնական ամբիցիաներով՝ ցեխ շպրտելով քաղաքական հակառակորդների վրա: Մոռանալով, որ ճակատագրի բերումով երկիր են ղեկավարում: Այդ է պատճառը նաեւ, որ իշխանափոխությունն անխուսափելի է, եւ այդ է պատճառը, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ մյուս դաշնակիցները չեն պատրաստվում աջակցել այս իշխանություններին: Իշխանությունների՝ ապատեղեկատվության միջոցով ընդդիմախոսներին վարկաբեկելու գործելաոճը իրականում հակառակ էֆեկտն է տալիս՝ Սերժ Սարգսյանի ռեժիմին արդեն վաղուց ոչ ոք լուրջ չի վերաբերվում:

-Ի դեպ, նոյեմբերի 6-ին հայտարարվեց, որ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնում է Մոսկվա, սակայն այդ այցի արդյունքում Ռուսաստանի իշխանությունների հետ հանդիպման մասին որեւէ հաղորդագրություն չեղավ, հայտարարվեց միայն, որ Սարգսյանը մասնակցել է Տիգրան Պետրոսյանի հիշատակին կազմակերպված շախմատային մի միջոցառման: Սա, ըստ Ձեզ, տարօրինակ չէ՞:

-Ինչպես տեղին նշեցիք, այդ այցի վերաբերյալ ոչ հրավեր կար, ոչ պաշտոնական հանդիպման մասին տեղեկատվություն: Հանդիպումների բացակայությունը քարոզչամեքենան փորձեց «ծածկել» ինչ-ինչ խորհրդավոր գաղտնի հանդիպումների մասին լուրերով, որոնց ընթացքում իբր կարեւոր հարցեր են քննարկվել: Նախ՝ սկսենք նրանից, որ Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարը բավական կարեւոր միջոցառում էր: Թեեւ, իհարկե, ինձ եւ այստեղ շատ-շատերի համար տարակուսելի էր, որ այդ մրցաշարի կազմկոմիտեի նախագահը Սերժ Սարգսյանն էր: Ի վերջո, նա հանրապետության նախագահի պաշտոնն զբաղեցնող անձ է: Գուցե հասկանալ հնարավոր կլիներ, եթե կազմկոմիտեի նախագահը լիներ Սմբատ Լպուտյանը՝ ՌԴ շախմատի ֆեդերացիայի նախագահի հետ համատեղ, կամ թեկուզ՝ վարչապետը, բայց երբ երկրի ղեկավարը հուշամրցաշարի կազմկոմիտեի նախագահությունն է ստանձնում, դա անլրջության գագաթնակետն է, այսինքն՝ նա պետք է զբաղվի հյուրերին տեղավորելու, հրավիրատոմսերի, սննդի, մրցավարներին հրավիրելու հարցերով: Խայտառակություն է, անգամ Ռուսաստանի նահանգապետերը նման բաներով չեն զբաղվում՝ ուղարկում են իրենց տեղակալներին կամ որեւէ պաշտոնյայի: Լավ, դա էլ թողնենք՝ ընդունենք, որ մակարդակի, ճաշակի, իրավիճակի հարց է: Պարզ է՝ այդ մարդուն չեն ուզում հրավիրել, հետը լուրջ հարցեր քննարկել, նա էլ որոշել է առիթից օգտվել եւ գալ Մոսկվա: Հնարավոր բոլոր լոբբիստական գործիքները գործի էին դրվել, որպեսզի, այսպես ասած, տեղերում գոնե ոչ հրապարակային հանդիպումներ ունենա պաշտոնական շրջանակների հետ: Իսկ նպատակը մեկն էր՝ օգնություն հայցել ընդդիմության դեմ պայքարում: Եկել էր՝ ասելու, որ իր քրեաօլիգարխիկ եւ վարչական ռեսուրսներով հանդերձ՝ պարտվել է ընդդիմությանը եւ ժողովրդին: Նպատակ ուներ հանդիպել, ասենք, Սերգեյ Իվանովի հետ (ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար-խմբ.), Վլադիմիր Պուտինին մոտ կանգնած  մարդկանց հետ, բայց ոչինչ չստացվեց: Հերթական անգամ այդ սադրանքը՝ Ռուսաստանին փորձել ներքաշել Հայաստանի ներքաղաքական հարցերի մեջ, վերադառնալ ու իր քարոզչամիջոցներով շեփորահարել իր «հաջողությունների» մասին, չստացվեց: Իրեն ընդամենը հասկացրին, որ չեն խառնվելու, չեն միջամտելու, ընդամենն աջակցելու են ժողովրդի ձգտումներին, նրան հասկացրին, որ «քեզ ու քո ռեժիմին օգնություն չենք ցուցաբերելու, քեզ փրկելու մտադրություն չունենք»: Դա է պատճառը, որ Ռուսաստանից վերադառնալուց հետո Սերժ Սարգսյանի այցի պաշտոնական արդյունքների մասին որեւէ հայտարարություն չեղավ՝ շախմատային տուրնիրի կազմկոմիտեի նախագահը, որը համատեղության կարգով նաեւ հանրապետութնան նախագահ է աշխատում, քոռուփոշման վերադարձավ: Նա, իհարկե, իր թալանած ռեսուրսի շնորհիվ կարող է էլի մի որոշ ժամանակ դիմադրել, բայց այդ ժամանակը շատ կարճ է:

-Այս ամենի ֆոնին վերջին շաբաթվա ընթացքում հայաստանյան մամուլում շրջանառվում է ընդդիմության ներսում առկա տարաձայնությունների թեման: Մասնավորապես, խոսվում է Կոնգրեսի եւ ԲՀԿ-ի միջեւ Համաժողովրդական շարժման ծավալման վերաբերյալ  մարտավարական տարակարծությունների մասին: Ըստ Ձեզ, որքանո՞վ են էական այդ տարակարծությունները եւ որքանո՞վ կարող են վնասել կամ նպաստել Շարժման հաջողությանը:

-Իրավիճակն այսպիսին է. Եռյակը եւ նրան միացած քաղաքական ու հասարակական ուժերը տարբեր քաղաքական միավորներ են: Նրանք գնում են միեւնույն ռազմավարական խնդրի լուծմանը, այն է՝ իշխանափոխության եւ դրանից բխող սահմանադրական կարգի վերականգնում: Ինչ վերաբերում է մարտավարական հարցերին, ապա բնական է, որ տարբեր մարդիկ եւ ուժեր ունեն տարբեր մոտեցումներ: Հենց դրանով է հարուստ եւ ուժեղ Եռյակը: Բնական է, որ ԲՀԿ-ն, կապված իր բնույթի հետ, մարտավարական հարցերում շատ ավելի մեծ զգուշություն է ցուցաբերում այս իրավիճակում: Այսպիսով, այն քաղաքական, քաղաքագիտական խումբը, որը հավաքվել է ԲՀԿ ղեկավարության կողքին, իր վերլուծություններով ԲՀԿ-ի առաջնորդին բերում է այն մտքին, որ պետք է ուժեղացնել Շարժման կենտրոնները մարզերում, դրանից հետո նոր գնալ վճռական քայլերի: Մյուս կողմից, ՀԱԿ-ը, ունենալով պայքարի ավելի մեծ փորձ, քաղաքական առումով՝ ավելի պրակտիկ գիտելիքներ, գտնում է, որ այսօրվա դրությամբ պետք չէ չափազանց հետաձգել վճռական գործողությունները, որպեսզի իրավիճակը չսառի, իշխանություններին ուշքի գալու հնարավորություն չտրվի եւ այլն: Ամեն դեպքում, հստակ է, որ պետք չէ սառեցնել իրավիճակը: Միաժմանակ, պետք է արձանագրել նաեւ, որ Եռյակի ներսում որեւէ սուր հակասություն չկա. նույնիսկ մարտավարական հարցերի հետ կապված հակասություն չկա, կա կարծիքների տարբերություն: Այս իրավիճակում ընդամենը պետք է հստակ հաշվարկներ անել՝ ներքին քննարկումների միջոցով համաձայնության գալ (ինչը, ակներեւաբար, հաջողվում է): Բնական է, որ որոշակի տարակարծությունները փորձելու են հնարավորինս ուռճացնել եւ կուսակցություններին մեկը մյուսի դեմ հանել: Բայց կարծիքների բազմազանությունը ներկայացնել որպես հակասություններ՝ լուրջ չէ: Նույն հաջողությամբ, մենք տեսնում ենք, որ իշխանական բուրգի ներսում տարբեր մարդիկ տարբեր մոտեցումներ ունեն:

Այստեղ ընդամենը հարցերի հարցն է՝ ինչպես անել, որպեսզի, ռուսերեն ասած՝ не прогадать, մի կողմից՝ հաջողության տվյալ փուլում չգնալ հապշտապ գործողությունների, մյուս կողմից էլ՝ անընդհատ հարցի լուծումը չթողնել անվերջանալի «հետոյի»: Որովհետեւ, բոլոր հետազոտությունների համաձայն, ժողովրդի բացարձակ մեծամասնությունը պատրաստ է գնալ իշխանափոխության: Այս իրավիճակում ընդդիմության բոլոր ուժերը պատասխանատվություն են կրում, ե՛ւ ԲՀԿ-ն, եւ ՀԱԿ-ը, եւ «Ժառանգությունը», եւ ՀԺԿ-ն ու Շարժմանը միացած մյուս քաղաքական ու հասարակական կազմակերպությունները: