20.11.2012 14:38

Ռուսաստանը բանաձևի նախագիծ է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Գազայի հատվածի ճգնաժամը հաղթահարելու վերաբերյալ

Ռուսաստանը բանաձևի նախագիծ է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Գազայի հատվածի ճգնաժամը հաղթահարելու վերաբերյալ

Գազայի հատվածում ճգնաժամը հաղթահարելու վերաբերյալ Ռուսաստանի պատրաստած բանաձևի նախագիծը կքննարկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, եթե չհաջողվի ընդունել Արաբական երկրների լիգայի անունից Մարոկկոյի ներկայացրած հայտարարությունը: Այս մասին երեկ լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը: Վերջինիս խոսքերով՝ Ռուսաստանի համար ընդունելի է հայտարարության տեքստը, սակայն «մեկ, երկու կամ երեք պատվիրակություններ (Անվտանգության խորհրդի) պնդում են, որ չեն կարող դա ընդունել»: «Դրա համար էլ արաբական նախագիծն անցել է «լռության գործընթացի»՝ մինչև ժամը 9:00 (Մոսկվայի ժամանակով՝ մինչև ժ. 18:00), ինչը նշանակում է, որ եթե մինչ այդ ժամը ԱԽ անդամներից ոչ մեկը չառարկի այդ տեքստին, ապա այն ինքնըստինքյան կընդունվի: Եթե վաղն առավոտյան այն ընդունված չլինի, ապա ժամը 15:00-ին(Մոսկվայի ժամանակով՝ հինգշաբթի կեսգիշերին) քվեարկության կդրվի մեր բանաձևը»,- պարզաբանել է դիվանագետը:

Անվտանգության խորհուրդը մի քանի ժամ շարունակ քննարկել է Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ հայտարարության նախագիծը, սակայն այդպես էլ չի կարողացել համաձայնեցնել տեքստը: Հավաստի աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ-ը պնդում է, որպեսզի տեքստում նշվի պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի հրթիռակոծության մասին, նաև ամրագրվի Իսրայելի ինքնապաշտպանության դիմելու իրավունքը: Սակայն սրան կտրականապես դեմ են հայտարարության հեղինակները:

Ի տարբերություն հայտարարության տեքստի՝ Ռուսաստանի ներկայացրած նախագիծն առավելագույնս չեզոք ձևակերպումներով է կազմված: Այն, մասնավորապես, պահանջում է անհապաղ դադարեցնել բռնությունները, ինչպես նաև աջակցություն է հայտնում հակամարտության կարգավորմանն ուղղված միջազգային և տարածաշրջանային ջանքերին: Բացի այդ, փաստաթղթում կոչ է արվում Իսրայելին և պաղեստինցիներին՝ անհապաղ վերսկսել  բանակցությունները՝ հակամարտությունը երկու անկախ պետություն ստեղծելու հիմքի վրա կարգավորելու նպատակով: