17.11.2014 16:43

Մենք հիշում ենք ամեն ինչ, և գալու է հատուցման օրը

Մենք հիշում ենք ամեն ինչ, և գալու է հատուցման օրը

«Տիգրանակերտ» զորավարժարանում ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժությունների ժամանակ  «ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հարամանատար» կոչեցյալ Ս. Սարգսյանի ելույթն արդեն, մեղմ ասած՝ «քննարկվել» է բազմակողմանիորեն:

Մասնավորապես՝ նշվել է, որ Սերժ Սարգսյանը  հայկական ուղղաթիռի հետ կապված աննախադեպ ողբերգությունն ընդամենը «ցավալի դեպք» է անվանել, ու չնայած այդ «ցավալի դեպքի»՝  համարում է, որ զորավարժությունները հաջողությամբ են ընթացել…

Որպես ՀՀ շարքային քաղաքացի՝ ինձ, օրինակ, հետաքրքրում է, թե որոնք են զորավարժությունների հաջողության չափանիշները, այսինքն՝ եթե մեկ ուղղաթիռի և անձնակազմի երեք անդամ սպաների ֆիզիկական կամ փաստացի  կորուստը չի ազդել այդ զորավարժությունների «հաջող» գնահատականի վրա, ավելին, եթե իրեն գերագույն գլխավոր հրամանատար երևակայող անձը կարող է մինչև իսկ «ուրախություն» արտահայտել՝  պայմանական մարտադաշտում իր տեսածի կապակցությամբ, ապա քանի՞ուղղաթիռի կամ մարդկային զոհի դեպքում (լեզուս չորանա՛) դրանք անհաջող կորակվեին:

Կամ՝ քննվել է նաև այն հարցը, թե ի՞նչ «դժվարին կացության» մասին է ակնարկում «գերագույն գլխավորը», որում հայտնվել է  «իրենից վտանգ չներկայացնող» հայկական ուղղաթիռը: Իմ կողմից՝ ես էլ մի երկու հարց կուղղեի «գերագույնին», ով այդ «դժվարին կացության» մասին հայտարարելուց անմիջապես հետո, դիմելով զորավարժության մասնակիցներին՝ ասում է. «Դուք ձեր գործը լավ եք կատարում». արդյո՞ք ՍՍ-ն նկատի ունի «դժվարին կացության» մեջ հայտնվելու գործը, թե՞ այն, որ մինչ օրս հայկական կողմը չի կարողանում մոտենալ ուղղաթիռի անկման վայրին, հետևաբար նաև՝ չի կարողանում հստակ ու միարժեք տեղեկատվություն հաղորդել անձնակազմի բոլոր անդամների ճակատագրի վերաբերյալ: «Ձեր վարպետությունն արդեն ստիպում է Ադրբեջանում ապրող շատ-շատ միամիտների՝ փոխել իրենց կարծիքը պատերազմի մասին», ասում է Սերժ Սարգսյանը, ու ես, մեծագույն ցավ ապրելով հայ սպաների ճակատագրի առթիվ և ամենևին կասկածի տակ չդնելով նրանց մասնագիտական հմտությունները, չեմ կարողանում ինձ ստիպել հարց չտալ՝ արդյո՞ք վարպետություն ասելով՝ գերագույնը նկատի ունի «ակամա»  դժվարին կացության մեջ հայտնվելը:

Մի երկու լեզվական դիտարկում էլ, ու պըրծ.

«Աշխարհի շատ ժողովուրդներ արդարացիորեն հպարտանում են իրենց բանակներով, բայց դուք պատասխանատու եք մեր կյանքի համար, մեր ժողովրդի անվտանգության համար»: 

ԲԱՅՑ շաղկապն արտահայտում է հակասական՝ բացասման  իմաստ, և սա նրա հիմնական՝ առաջնային իմաստն է: Հիմա, եթե «գերագույն գլխավորն» ասում է, թե «շատ ժողովուրդներ արդարացիորեն հպարտանում են իրենց բանակներով, բայց դուք պատասխանատու եք մեր կյանքի համար», արդյո՞ք նկատի ունի, որ մենք, ի տարբերություն շատ ժողովուրդների, արդարացիորեն չենք հպարտանում մեր բանակով, բայց, միևնույն է, այդ բանակի զինվորները պատասխանատու են մեր կյանքի համար…  Ըստ իս՝ խոսքի շարունակությունը՝ մեր ժողովրդի անվտանգության համար, ասվել է առաջին հատվածի «խոստովանության» տպավորությունը (իսկ ես դա որպես խոստովանություն եմ ընկալել՝ ոնց որ Մարտի մեկին բանակին ուղղված կոչ լինի) ցրելու նպատակով (ներողություն ցինիզմի համար):

«Ձեր մարտական պատրաստականությունը արժանի է ոչ թե թերագնահատման, այլ գնահատանքի»,- ասում է Սերժ Սարգսյանը: Ու այս դեպքում էլ իզուր է իրար հակադրում թերագնահատում և գնահատանք բառերը: Քանի որ, մեծ հաշվով, այսինքն՝ չէ՛, հենց փոքր հաշվով էլ՝ թերագնահատումը նույնպե՛ս գնահատանք է,ինչն իր առաջնային իմաստով նշանակում է՝ գնահատելու, արժեք տալու գործողություն, և միայն երկրորդ իմաստն է գովեստ, գովասանք, ներբող, ինչը, ամենայն հավանականությամբ, նկատի ունի Սարգսյանը: Կարելի էր ընդհանրապես դուրս թողնել «ոչ թե թերագնահատման, այլ» հատվածը, ու մտքի առումով՝ ամեն ինչ տեղը կընկներ:

«Մտքի առումով» բառակապակցության վրա՞ կենտրոնացաք:  Իզուր, իզուր: Սերժ Սարգսյանի ելույթում այդ տեսակետից անթերի ձևակերպումներ էլ կան, որոնցից մեկը հենց բազմել է այս նյութի վերնագրում, թեպետ լրիվ այլ՝ «գերագույնի» նկատի ունեցածից տարբեր հասցեատեր ունի:

Սեդա Մեսրոպյան