20.11.2012 16:56

Սոցիոլոգ. Հաշվի չեն առնվում երիտասարդ բնակիչների կարիքները, ինչը բերում է միգրացիայի

Սոցիոլոգ. Հաշվի չեն առնվում երիտասարդ բնակիչների կարիքները, ինչը բերում է միգրացիայի

Հայաստանում ժողովրդագրական իրավիճակը չի կարելի համարել բարենպաստ: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը՝ հավելելով, որ չնայած դրան՝ Հայաստանում բնական հավելաճը դրական է:

«Հաշվի առնելով այս իրողույթունները՝ կառավարությունը մի քանի տարի է՝ իրականցնում է միջոցառումներ, որոնք իրականացվում են ժողովրդագրական քաղաքականության համատեքստում: Խոսքը ծննդյան միանվագ նպաստների, զրոյից յոթ տարեկան երեխաների առողջության պահպանման, երիտասարդ ընտանիքներին բնակարանների ապահովման և այլ ծրագրերի մասին է»,- նշեց Բաբաջանյանը: 

Նա նաև նշեց, որ պոտեցնիալ ամուսնացողների թվաքանակը պակաս է, քանի որ նրանք 90-ականներին ծնվածներն են, իսկ ինչպես հայտնի է, այդ տարիներին ծնելիությունը ցածր է եղել: Բաբաջանյանը տեղեկացրեց, որ 2014 թվականի հունվարի 1-ից Հայաստանում երրորդ և հաջորդ երեխայի համար ընտանիքին կտրամադրվի մեկ միլիոն դրամ, իսկ հինգերորդ և հաջորդ երեխաների համար՝ մեկ ու կես միլիոն դրամ:

 Սոցիոլոգ Կարեն Սարգսյանի կարծիքով, սակայն, առկա մարտահրավերները վտանգ են պարունակում իրենց մեջ:

«Նմանատիպ մարտահրավերներ հաշվի չառնելը վտանգներ է պարունակում սոցիալ-քաղաքական տեսանկյունից, քանի որ հաշվի չեն առնվում երիտասարդ բնակիչների կարիքները, ինչը բերում է միգրացիայի: Երիտասարդությունը նախընտրում է լքել երկիրը՝ նորմալ սոցիալական պայմաններ հաստատելու համար»,- ասաց սոցիոլոգը: