20.11.2012 17:40

Զուրաբյանը փոխզիջման առաջարկ արեց ՀՀԿ-ին` արտահերթ նիստի կապակցությամբ

Զուրաբյանը փոխզիջման առաջարկ արեց ՀՀԿ-ին` արտահերթ նիստի կապակցությամբ

«Մենք ունենք կառավարության և ԱԺ աշխատակազմի եզրակացությունները, որտեղ որոշակի առարկություններ կան ընտրական բարեփոխումների մասին մեր առաջարկած փաթեթին: Ամենակարևորը երկու առարկություններն են, թե մեր ներկայացրած առաջարկներում զինվորների մասնակցության կետը հակասահմանադրական է, իսկ քվեարկված ցուցակները հրապարակելու պահանջը հակասում է Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը: Առաջարկություն եմ անում ՀՀԿ-ին` եթե սա է պրոբլեմը, մենք վաղը պատրաստ ենք գնալ կոմպրոմիսի և ՀՀԿ-ի ամենասկզբունքային առարկությունները բավարարել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը` խոսելով վաղը կայանալիք՝ ընտրական բարեփոխումների վերաբերյալ ԱԺ արտահերթ նիստի մասին:

Զուրաբյանը նաև նշեց, որ հակասահմանադրականության մասին խոսող հանրապետականներն իրենք են խախտում Սահմանադրությունը:

Նա նշեց, որ Սահամանդրության 70-րդ հոդվածը հնարավորություն է տալիս պատգամավորների 1/3-ին հրավիրել արտահերթ նիստ` իրենց կողմից սահմանված օրակարգով և ժամկետներում: Դա, Զուրաբյանի խոսքով, սահմանադրական իրավունք է տալիս նախաձեռնել որևէ հարցի քննարկում, անգամ եթե մեծամասնությունը դա չի ընդունում: «Սա նշանակում է, որ եթե ՀՀԿ-ն, կառչելով քվորումի բացակայությունից` տապալում է նիստը, նա, ըստ էության, խախտում է Սահամանդրության 70-րդ հոդվածը»,- նշեց Զուրաբյանը: