20.11.2012 18:04

Հ. Թովմասյան. Ասել եմ՝ կան մարդիկ, որոնց համար ինքնախեղումը սովորական է, եթե ցանկություն ունեք, կարող եմ այդ մարդկանց հետ ծանոթացնել

Հ. Թովմասյան. Ասել եմ՝ կան մարդիկ, որոնց համար ինքնախեղումը սովորական է, եթե ցանկություն  ունեք, կարող եմ այդ մարդկանց հետ ծանոթացնել

«Լսելով ինքնախեղումների մասին ձեր կողմից հնչած գնահատականը՝ ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ դուք շարունակում ենք դա համարել նորմալ երևույթ»,- քրեակատարողական հիմնարկներում և ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ դիմելով ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովամսյանին՝ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նախարարը բարկացած ընդհատեց պատգամավորին.
«Հարցն արդեն տասնյակ անգամ եք ձևակերպում, պետք չէ, տեսախցիկներ տեսնելով՝ այստեղ տասնյակ անգամ կրկնել»:

Ի պատասխան՝ Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց, որ որևէ մեկը շոու չի կազմակերպում, և ինքնախեղման դեպքերն առաջին հերթին նախարարի համար պետք է աննորմալ երևույթ լինեին և ոչ թե «բանտային ռիտուալի մաս»:

Հրայր Թովմասյանը հակադարձեց.

«Եթե լրագրողը համատեքստից մի բառ որոշում է դուրս հանել և դրա կողքին սենսացիա սարքել, ինձ համար ընդունելի չէ, բայց կարող եմ հասկանալ, բայց եթե դա անում է պատգամավորը, անում է որոշակի հավակնություն ունեցող քաղաքական ուժի ներկայացուցիչը, ապա ինձ համար ոչ հասկանալի է, ոչ էլ ընդունելի:

Եթե որոշ մարդկանց մոտ թյուրընկալում է, ապա կրկնում եմ, երևույթը երբևէ չի կարող որևէ մարդու համար նորմալ լինել: Ես ասել եմ, որ կան մարդիկ, որոնց համար ինքնախեղումը սովորական է, եթե ունեք ցանկություն, կարող եմ այդ մարդկանց հետ ծանոթացնել...»

Նաիրա Զոհրաբյանն ընդհատեց նախարարին.

«Մենք բազմաթիվ մարդկանց ենք տեսել, և որևէ մեկի համար դա սովորական չի եղել...»

Հրայր Թովմասյանն էլ հիշեցրեց, որ ինքը հյուր է, և խնդրեց Ն. Զոհրաբյանին՝ փորձել իրեն պահել ինչպես տանտերը, այսինքն՝ երբ հյուրը խոսում է, չընդհատել.

«Դուք փորձում եք խեղաթյուրել փաստերը»,- արձագանքեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Հրայր Թովմասյանը դժգոհեց, որ իրեն հնարավորություն չի տրվում պատասխանելու հարցերին, և շարունակեց.

«Խոսքը վերաբերել է մեկ-երկու անձանց, որոնց բերանին առկա են անցքեր, իսկ ընդհանրապես այդ երևույթը որևէ մեկի համար չի կարող նորմալ լինել, առավել ևս՝ արդարադատության նախարարի»: