20.11.2012 18:08

Տաջիկստանում սահմանել են մորուքի թույլատրելի երկարությունը

Տաջիկստանում սահմանել են մորուքի թույլատրելի երկարությունը

Տաջիկստանի ուլեմների (իսլամի հեղինակավոր գիտակների) խորհուրդը սահմանել է տղամարդկանց համար՝ մորուքի երկարության չափը, և կանանց համար՝ հագուստ կրելու կարգը: Այս մասին, lenta.ru-ի փոխանցմամբ, հաղորդում է Islamnews-ը:

Ըստ սահմանված կանոնների՝ տղամարդը կարող է կրել իր բռունցքի երկարության մորուք, իսկ կնոջ հագուստը պետք է ծածկի նրա ողջ մարմինը՝ բացի «դեմքից, ձեռքերից և ոտնաթաթերից»: Թե կանոնները խախտելու համար ինչ միջոցներ են ձեռք առնվելու՝ չի ճշգրտվում:

Նախկինում՝ 2009 թ., Տաջիկստանում նույնպիսի նորմեր էին սահմանվել տղամարդ ուսուցիչների համար. թույլատրվում էր մորուք թողնել միայն 50-ից բարձր տարիք ունեցող ուսուցիչներին, ընդ որում՝ մորուքի երկարությունը երեք սանտիմետրից ավելի չպետք է լիներ:

Տաջիկստանում մորուք պահելու թեման շոշափվել է նաև ԱՄՆ պետդեպարտամենտի՝ աշխարհի երկրներում մարդու իրավունքներին վերաբերող զեկույցում, որտեղ նշվում է, որ թեև պաշտոնապես Տաջիկստանում չի արգելվում մորուք պահել, սակայն պետական ծառայողները հաճախ են բախվում այդ խնդրին: Մորուքավորներին նաև դժվարությամբ են ընդունում աշխատանքի: